27.11.2024
Վարչապետ. Հայաստանի եվրոպական օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է
prev Նախորդ նորություն

Խաչատուր Սուքիասյանը չի մասնակցի ընտրություններին

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացնում է, որ չի մասնակցելու ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Հիշեցնենք, ավելի վաղ նա չէր բացառել , որ առաջադրվելու է «Ծառուկյան» դաշինքից, լուրեր էին շրջանառվում, որ նա լինելու էր դաշինքի ցուցակի առաջին եռյակում:

Հայտարարության մեջձ մասնավորապես ասված է.

«Հանրությունը տեղեկացված է, որ վերջին ամիսներին քաղաքական խորհրդակցություններ եմ ունեցել մի շարք ուժերի հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ հնարավոր մասնակցության հնարավոր ձեւաչափերի շուրջ:

Հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքական ուժերին, ում հետ այս ընթացքում քննարկումներ ենք ունեցել:

Վերջին տարիներին հիմնական ժամանակս տրամադրել եմ տնտեսական գործունեությանը, այդ թվում՝ տնտեսության զարգացմանը վերաբերվող վերլուծական աշխատանքին:
Այս ուղղությամբ իմ գործունեության շարունակությունը Հայաստանի հաջող ապագային նպաստելու լավագույն ձեւն է: Հետեւաբար՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ թեկնածությունը չեմ առաջադրելու եւ շարունակելու եմ ուժերիս ներածի չափով նպաստել մեր երկրի զարգացմանը:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ում գործունեության շարժառիթը Հայաստանի հզորացումն է, հայ ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը»:

Նշենք նաև, որ քիչ առաջ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ: Նա նշել է, որ չի պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ որոշել է դաշտը զիջել ավելի երիտասարդներին: Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ ՀՀՇ վարչությունից հնարավոր է լինեն անդամներ, որ կներգրավվեն տարբեր դաշինքներում: