27.11.2024
Ինչո՞ւ են աղմկում պսևդոարևմտամետները
prev Նախորդ նորություն

«Նախկինները» պետք են այսօրվա իշխանություններին՝ որպես մշտական վախի գործիք

Հիշո՞ւմ եք, ինչպես վեց տարի առաջ և նաև պարբերաբար հետո Փաշինյանը գոռում էր, թե բոլոր նախկին կոռումպացվածները ստիպված կլինեն վերադարձնել իրենց գողացածը։ Ժողովուրդը հավատաց, որ նախկինները մի օր անպայման կգան՝ գրպաններում թղթադրամներ լցրած, և այդ գումարը կվերադարձնեն նրանց, ումից երբևէ հափշտակել են։

Բայց ի՞նչ ենք տեսնում հիմա: Այդ նույն «նախկինները» ոչ միայն չեն վերադարձրել իրենց հափշտակածը, այլև նոր բիզնեսներով ու ֆինանսական սխեմաներով շարունակում են տիրանալ նոր միջոցներին։ Եվ, իհարկե, այսօրվա «ժողովրդի» իշխանությունը, որն իբր եկել էր արդարություն հաստատելու, փաստորեն միայն բեմի վրա է մնացել։ Իսկ բեմից դուրս՝ նրանք ոչ միայն չեն խանգարում «նախկիններին», այլ թվում է, թե նույնիսկ մեծ հաճույքով բաժին են հանում նրանց պետական տենդերներից:

Իսկ Փաշինյա՞նը: Նա մնացել է իր սիրած խաղի մեջ՝ պարբերաբար հիշեցնել ժողովրդին, որ եթե ինքը հեռանա, ապա կգան «նախկինները», և էլ ավելի վատ կլինի։ Եվ ստացվում է, որ այդ «նախկինները» պետք են այսօրվա իշխանություններին՝ որպես մշտական վախի գործիք։


Այսինքն, որքան վատ է գործում իշխանությունը, այնքան ավելի հաճախ են մատնանշում «նախկիններին»՝ թե տեսեք, թե ովքեր կարող են գալ, եթե մեզ չպաշտպանեք։


Այսպես էլ ապրում ենք՝ միտքը պտտվում է նույն փակ շրջանակի շուրջ, որտեղ «նախկինները» ու «ներկաները» փոխադարձաբար պաշտպանում են միմյանց, իսկ ժողովուրդը, ցավոք, շարունակում է սպասել խոստացված արդարությանը։


Քաղաքագետ Արման Ղուկասյան