2.09.2024
Հայաստանը ներկայացնող որևէ պատվիրակություն չպետք է  մասնակցի COP 29-ին
prev Նախորդ նորություն

Արցախի քաղաքական գործիչները սպասում են

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս տարվա հունվարին ձեւավորված՝ Արցախի հարցով միջազգային հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը եւ հանձնախմբի անդամներն ավարտել են հանձնախմբի երկրորդ շրջափուլի հանդիպումները եւ, ըստ տեղեկությունների, մի քանի օր է՝ Հայաստանում են։


Արցախի քաղաքական գործիչները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը, ով այս անգամ էլ կարեւոր հանդիպումներ է ունեցել հիմնականում Շվեյցարիայում։ Նախորդ անգամ՝ ամիսներ առաջ նույնպես Օսկանյանն արտերկրում էր եւ տասնյակ հանդիպումներ էր ունեցել հայազգի եւ եվրոպացի քաղաքական տարբեր գործիչների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի։


Հանձնախումբը, հիշեցնենք, ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ այլ իրավունքների պաշտպանության հարցերով։ Այս շրջագայությունն արդեն որոշակիություն կհաղորդի, թե կա՞ն արդյոք շանսեր՝ Արցախ վերադառնալու առումով, թե՞ զուր ճիգեր են գործադրվում։


Տեղեկացանք նաեւ, որ Արցախի ինստիտուտների շարունակականությունն ապահովելու նպատակով Արցախի քաղաքական գործիչները քննարկում են իրավաբանների մասնագիտական խումբ ձեւավորելու հարցը, որոնք այս իմաստով լուծումներ կառաջարկեն, որպեսզի, եթե հնարավոր չլինի եկող տարի համապետական ընտրություններով նոր խորհրդարան ձեւավորել, ապա խորհրդարանի լիազորությունները երկարաձգելու հնարավորություն ընձեռվի՝ հենց օրենսդիրների որոշմամբ։


 


 

USAID՝ ՀՀ-ի «գորշ կարդինալ»
Հաջորդ նորություն next