«Պատերազմ հարթակների» շուրջ
Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայ-ադրբեջանական կոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես և նախորդ, մոտ քառորդ դար չարչրկված բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, մեծապես կրում է այլ դերակատարների՝ հիմնականում Վաշինգտոն, Բրյուսել, Մոսկվա ուժային կենտրոնների ազդեցությունը, իրենց իսկ շահերը սպասարկելու նարատիվով:
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, այս կենտրոններում ամեն ինչ դիտում են առաջին հերթին իրենց ստրատեգիական նպատակների իրականացման նպատակահարմարությունից: Հակամարտող երկրների ժողովուրդների իրական շահերը ստորադասվում են դրանց: Եվ այսպես է եղել միշտ և բոլոր ժամանակներում: Դրա համար էլ հավանաբար հայերի ցավն ու խնդիրները, բռնագաղթն ու 120 000 մարդկանց հայրենազրկումը, սահմանները այս ու այն կողմով գծելը, կործանված ճակատագրերը, հազարավոր զոհերը ոչ մի նշանակություն չունեն մեծ տերությունների մեծ պլանների իրականացման և դրանց գլոբալ պայքարի թատերաբեմում: Ահա սա է պատճառը, որ ներկայումս սուր պայքար է ծավալվել բանակցային հարթակների շուրջ:
Եթե 2020 թ. պատերազմից հետո Ռուսաստանին հաջողվում էր պահպանել ՌԴ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափը, ուկրաինական պատերազմի ծավալումից հետո արևմտյան լիդերները կարողացան տապալել այն և բանակցությունները տանել Բրյուսել և Վաշինգտոն: Որքանո՞վ դա նպաստեց հակամարտության կարգավորմանը: Այս հարցը միանշանակ պատասխան չունի: Կան և որոշ դրական իրողություններ՝ երրորդ պատերազմ տեղի չունեցավ, սակայն եղան նաև ողբերգական իրադարձություններ՝ Արցախի բլոկադա և հայաթափում, սահմանային խնդիրների սրացում և նոր մարտահրավերներ կապված ադրբեջանցի փախստականների վերադարձի և անկլավների հետ:
«Պատերազմ հարթակների» շուրջ, այսպես կբնութագրեմ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ներկա միջազգային դերակատարների գործունեությունը: Այս «պատերազմն» էր պատճառը, որ երկու անգամ տապալվեցին Ալիևի և Փաշինյանի հանդիպումները Գրանադայում և վերջերս էլ Լոնդոնում: Մոսկվայում արևմտյան հարթակները համարում են ապակայունացնող և ապակառուցողական: ՀՀ իշխանություններին մեղադրում են անհեռատես քայլերի մեջ, այս գնահատականը կիսում է նաև Ալիևը: Ամեն դեպքում Լոնդոնում միևնույն վայրում Եվրոպայի քաղաքական համայնքի լիդերներին չհաջողվեց բանակցային սեղանի շուրջ թեկուզ և կես ժամով նստեցնել Փաշինյանին և Ալիևին, որը փորձագիտական ասպեկտով կարելի որակել որպես ընթացիկ ձախողում:
Միջազգային հարաբերություններում միջնորդ կողմերը ամիսներ շարունակ համառ աշխատանք են տանում հակամարտող կողմերի ղեկավարներին հանդիպացնելու համար, իսկ այս դեպքում նույն վայրում գտնվելով ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները խոսք անգան չեն փոխանակում: Այնպես, որ արևմտյան բանակցային հարթակը ևս անխափան չի գործում:
Քաղաքագետ Գարիկ Քեռյան