VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է հանգստի, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների մի մասն արդեն արձակուրդ է վերցրել, Հայաստանում նախատեսվում է ուշագրավ իրադարձություն: Մեր ունեցած տեղեկություններով, օգոստոսի 8-ին Երևանում տեղի կունենա «Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները. ԲՐԻԿՍ, ՇՀԿ» առաջին միջազգային ֆորումը։ Թերթը պարզեց, որ այդ ֆորումի նախաձեռնողը «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ Մհեր Ավետիսյանն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ֆորումին նախատեսվում է հազարից ավելի մասնակիցների ներկայություն, այդ թվում՝ արտերկրից: Նշենք, որ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակի են դարձել կարծիքները, որ Հայաստանը պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունն այնպիսի կազմակերպությունների միջազգային ինտեգրացիոն գործընթացներում, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն: Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ-ը հինգ երկրների խումբ է, որի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը, իսկ ՇՀԿ-ն (Շանհայի համագործակցության կազմակերպություն) եվրասիական քաղաքական, տնտեսական և անվտանգության կազմակերպություն է, որի անդամ երկրներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաբաթ օրը օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահի հայտարարություններից պարզ դարձավ, որ, հակառակ ՀՀ իշխանությունների հավաստիացումներին, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է, առնվազն առաջիկա 2 տարում դա չի կայանա։ Բանն այն է, որ Ալիեւը պայմանագրի ստորագրման նախապայման է առաջ քաշել ՀՀ Սահմանադրությունը փոխելը, իսկ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների խորհրդին հանձնարարել է նոր սահմանադրության հայեցակարգը ներկայացնել 2026-ի դեկտեմբերին: Մյուս նախապայմանը 30 տարուց ավելի ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խմբի լուծարումն է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրեր առաջ մահկանացուների օդանավից հրապարակած կադրերը հեղափոխական բազմությանը մտովի տեղափոխեցին 2018 թվական, երբ Արայիկ Հարությունյանը մետրոյով էր աշխատանքի գնում, Արարատ Միրզոյանը ԴԱՀԿ-ի հետ մարտնչում էր փոշեկուլի պարտքի հարցով, իսկ Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն քաղաքացու հռչակել էր վարչապետ։ Ներկայացվող փաստաթղթի համաձայն` մասնավոր հրամցված այցը պետբյուջեի հաշվին էր` հուշանվերներից մինչեւ տաքսի կամ այլ փոխադրամիջոցներ։ Ավելին` ծախսերը ընդունվելու են ոչ թե նորմատիվների շրջանակում (ինչպիսին «նախկինների» ժամանակ էր) այլ փաստացի, ինչը նշանակում է` ցանկացած շռայլություն թույլատրելի է, չկա սահմանափակող նորմատիվ։ Եթե Փաշինյանը մեզ հուսադրում էր վիրտուալ ապագայով` խոստանալով, որ «Կա՛ ապագա», իրենք ներկան են վայելում։
«Ժողովուրդ»-ը նախկինում գրել էր, որ հուլիսի 14-ին Եվրոպան լարված սպասում էր ԵՎՐՈ-2024-ի վերջին՝ Իսպանիա-Անգլիա խաղին, իսկ նույն օրը աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնությունում էր Հայաստանի կառավարության պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը։ Ինչպես նաեւ գրել էինք, որ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման եւ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները աշխարհում տեղի ունեցող ուշագրավ սպորտային իրադարձություններին մասնակցելու հեշտ եւ հարմար եղանակ են գտել՝ պաշտոնական այց դեպի այդ երկիր՝ պետական բյուջեի հաշվին. իսկ թալանն ուրիշ ի՞նչ բնութագրում ուներ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, առաջիկայում պաշտոնից կարող է ազատվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը։ Նրա նշանակման պահին՝ 23-ի դեկտեմբերի 18-ին, արդեն բացասական կարծիք կար, իսկ այս 7-8 ամսում ՔԿՀ-ներում բավական անառողջ մթնոլորտ է ձեւավորվել: Չի նվազել, նույնիսկ ավելացել է թմրամիջոցների ու արգելված իրերի մուտքը բանտեր։ Պատմում են, որ մոտ 20 օր առաջ «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ մասնաշենքում պատիժ կրող անձանցից մեկի կյանքը հազիվ են փրկել գերդոզավորումից։ Դժգոհ են նաեւ Գրիգորյանի կադրային քաղաքականությունից, նրա գլխավոր հուշարարը ՔԿԾ-ի հնաբնակ, 10 տարուց ավելի կադրերի բաժնի պետ աշխատող Համբարձում Նավասարդյանն է։
Ըստ մեր աղբյուրների, ՔԿԾ այն աշխատակիցները, որոնք ինչ-որ կերպ փորձում են հակադրվել պետի վարած քաղաքականությանը, կա՛մ ազատվում են, կա՛մ ուղարկվում կադրերի ռեզերվ, ապա նրանց առաջարկվում է իրենց պաշտոնից ցածր պաշտոն, չհամաձայնելու դեպքում միանգամից հեռացվում են համակարգից։ ՔՊ-ում էլ են դժգոհ ՔԿԾ պետից: Նրանց թվում է նաեւ ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով նիստերից մեկի ժամանակ արդարադատության նախարարին նեղը գցեց՝ Գրիգորյանի նշանակման առիթով, հիշեցնելով, որ վերջինս Մարտի 1-ի ժամանակ առանցքային պաշտոնյա է եղել։ Թեեւ նրա դժգոհությունը կարող է շատ սուբյեկտիվ հիմքեր ունենալ: ՔՊ-ականներին կարծես հաջողվել է Փաշինյանին համոզել՝ ազատել Գրիգորյանին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել, նա էլ որոշել է կադրային ջարդ անել Գյումրիում՝ դպրոցի պահակից սկսած, նշանակել իր ծանոթ-մտերիմներին։ Նա գյումրեցիների շրջանում ամենաընդունելի իշխանականն է, ուստի 2 ամիս առաջ նշանակվեց ՔՊ-ի Գյումրու կառույցի ղեկավար։ Սարուխանյանի մեծ «չիստկայով» է պայմանավորված անցած շաբաթ Գյումրու ավագանու 5 անդամների` մանդատները դնելու փաստը։ Նոր անդամները Սարուխանյանի մարդիկ են, հրաժարվածները՝ նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի եւ Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի։ Մինչ այդ ՔՊ-ն նիստ է արել, երբ Սարուխանյանը հայտնել է, որ վերաձեւելու է ավագանու կազմը՝ վերեւից «դաբրո» ունի, «ռազբորկա» է սկսվել Հովհաննես Հարությունյանի եւ Սարուխանյանի միջեւ։
Սարուխանյանի «հաղթանակին» նպաստել է նաեւ այն, որ ավագանու հեռացվող անդամներից 2-ն անցնում են քրգործերով․ Աղասի Մաթեւոսյանը` Համբարձում Մաթեւոսյանի հորեղբորորդին, մեղադրվում է ռուս զբոսաշրջիկներին կողոպտելու մեջ` անցած փետրվարին անգամ 2-ամսյա կալանք կրեց։ Երվանդ Խանամիրյանն էլ 50-ամյա Հ․ Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու գործով է անցնում։ Խոսքը հայտնի պատմության մասին է, երբ արհեստավորին շան բունն էին նետել, ծեծել, կրակել։ ՔՊ-ում ասում են, որ Սարուխանյանն իրեն տեսնում է Գյումրու հաջորդ քաղաքապետ եւ հերթական ընտրություններից 2 տարի առաջ քաղաքում իր դիրքերն է ամրապնդում։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ին հաջողվել է նաեւ Սամվել Բալասանյանի հետ գալ համաձայնության, որ առաջիկա ԱԺ ընտրություններում իրենց օգտին աշխատի, եւ չի բացառվում, որ աշնանը անվստահության միջոցով հեռացնեն գործող քաղաքապետին՝ նրան փոխարինելով Բալասանյանի քրոջ դուստր Լուսինե Սանոյանով, ով զբաղեցնում է փոխքաղաքապետի պաշտոնը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են եղել, որ գործարար Էդգար Ավագյանը, որը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է, Ծաղկաձորում 2021 թվականից կառուցում է «Պալլադա» համալիրը: «Փաստ» թերթի տեղեկություններով, Ավագյանին պատկանում է ոչ թե ամբողջ համալիրը, այլ դրա բաժնետոմսերի 25 տոկոսը: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, գործարարը վաճառել է իր բաժնետոմսերը և դուրս եկել այդ բիզնեսից: «Փաստը» կապ հաստատեց Էդգար Ավագյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունները և նշեց, որ նման որոշման պատճառներից մեկն այն է, որ անընդհատ շահարկվում է Ալեն Սիմոնյանի անունը: «Այնքան այդ մարդու, այդ ընտանիքի անունը շրջանառեցին, շահարկեցին, որ կորավ հետաքրքրությունս այդ բիզնեսի նկատմամբ, ու վաճառեցի այն», - ասաց Ավագյանը՝ հավելելով, որ ինքն «անհիշելի ժամանակներից» է բիզնեսով զբաղվում, ու չէր կարող Ալեն Սիմոնյանը կապ ունենալ իր բիզնես գործունեության հետ: Կան տեղեկություններ, ինչի մասին ևս լրատվամիջոցները գրել են, որ Ավագյանը սնանկ է ճանաչվել:
Հարցնում ենք՝ այդ դեպքում ինչպե՞ս է հաջողվել նման գործարք իրականացնել: «Եթե ավելի մանրամասն ուսումնասիրեիք, կտեսնեիք, որ սնանկության գործընթացը դադարեցված է: Դա եղել է բանկի հետ կապված տեխնիկական խնդիր, երբ ես անձնական հարցերով եղել եմ արտերկրում, և փոքր գումարի հետ կապված ուշացում է արձանագրվել, և խնդիրներ են ծագել բանկի հետ: Իմ վերադարձից հետո այդ տեխնիկական խնդիրը լուծվել է, և սնանկության հարցը կասեցվել է»,- ասաց Էդգար Ավագյանը: Հավելենք, որ թերթի ուսումնասիրությունները ևս ցույց տվեցին, որ իսկապես սնանկության գործընթացը կասեցված է, այսինքն, երկար ժամանակ է՝ Էդգար Ավագյանն այլևս սնանկ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն մարդ, որը 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է 53 հազարով: Հարկ է նշել, որ ՀՀ մշտական բնակչության ցուցանիշների մեջ ներառված է մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվածների թվաքանակը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր նախաձեռնած՝ «Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարություն»-ում նշում էր, որ ՀՀ բնակչությունը պետք է դարձնի 5 մլն մարդ: Ստացվում է, որ բնակչության աճի գործընթացը Փաշինյանը կայացնում է ոչ թե օրինական, այլ «անօրեն» ճանապարհով: Այսինքն՝ այս դեպքում վարչապետի երազած բնակչության աճը ապահովեց ոչ թե ծնելիության մակարդակի բարձրացումը, այլ Արցախից խաղաղ բնակչության բռնի տեղահանումը։ Փաստերն ապացուցում են, որ իշխանությունները նույնիսկ իրենք իրենց հանդեպ հաշվետու չեն. իսկ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ միայն հայերով 5 մլն բնակչություն ապահովել հնարավոր չէ, պետք է օտարերկրացիների եւս ներգրավեն՝ Փաշինյանի ծրագրերն իրականացնելու համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական Խորեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժ/պ-ի պաշտոնից ազատվելուց ամիսներ անց, նոր աշխատանքի է անցել ԱԺ-ում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս փորձագետ-համակարգողի պաշտոն է ստացել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։ Հիշեցնենք, որ Խորեն Գրիգորյանը պաշտոնից ազատվել էր 2023 թվականի դեկտեմբերին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նրա աշխատանքից ազատման պատճառը ոչ միայն շինբարեկարգման ոլորտի տապալումն էր, այլեւ քաղաքապետարանում ունեցած տարաձայնությունները։ Գրել էինք, որ նա չի ցանկացել աշխատել փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի ենթակայության ներքո, ով Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ պետք է քաղշին ոլորտը վերահսկեր: Մեր տեղեկություններով՝ Լեւոն Հովհաննիսյանը պահանջել էր Խորեն Գրիգորյանին հաշվետու լինել իրեն ու ցույց տալ շինթույլտվությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Խորեն Գրիգորյանին դուր չէր եկել իր նկատմամբ վերահսկողությունը, եւ վիճաբանությունից հետո նա աշխատանքից ազատման դիմում էր գրել։
Աշխատանքից ազատվելուց հետո էլ, սակայն, Խորեն Գրիգորյանը ակտիվորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող գրառումներ էր անում, նրա լուսանկարները տարածում իր էջում, երբեմն էլ՝ ՔՊ նիստերին մասնակցում։ Մենք գրել էինք նաեւ, որ Խորեն Գրիգորյանը նախորդ տարի ՔՊ կուսակցական դրամահավաքին նվիրաբերել էր 2 մլն դրամ։ ԱԺ-ում աշխատանքի անցնելու մասին մեր տեղեկությունը հաստատեց նաեւ ինքը՝ Խորեն Գրիգորյանը. «Մասնագիտությամբ ազգագրագետ եմ, իսկ հանձնաժողովը ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հարցերով ու խնդիրներով է զբաղվում նաեւ, որոնք ուղիղ իմ մասնագիտական աջակցության կարիքն ունեն: ԱԺ համապատասխան հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանից եղել է աշխատանքի առաջարկ, որը սիրով ընդունել եմ», – ասաց նա: Այսպիսով՝ Խորեն Գրիգորյանը, որի անունը կառուպցիոն համակարգում բազում սկանդալների կիզակետում է հայտնվել, այսուհետ կզբաղվի մարդու իրավունքներով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԳԹԿ-ի հրապարակած ընդունելության քննությունների արդյունքներով՝ ամենաողբերգական վիճակն Ագրարային համալսարանում է: 8 մասնագիտության գծով կա 0 դիմորդ, դրանք են` Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա, Բույսերի պաշտպանություն, Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ, Կենդանագիտություն եւ կենսատեխնոլոգիա, Ագրոէկոլոգիա, Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում, Հողային եւ ջրային ռեսուրսների ճարտարագիտություն, Մեքենասարքավորումների ճարտարագիտություն: 4 մասնագիտության գծով` 1-ական դիմորդ: Այնպես որ, Ագրոբիզնես եւ ֆինանսներ ֆակուլտետի 29 դիմորդի փաստն ուղղակի նախանձելի ցուցանիշ է: 18 մասնագիտության գծով ընդամենը 54 դիմորդ կա, որից 41-ը տղաներ են, որոնք զորակոչվելու են բանակ: Թե ինչպես է 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն, դա կիմանա միայն համալսարանի ղեկավարությունը: Այս անմխիթար վիճակն արձանագրվում է 5-րդ տարին անընդմեջ: Ի դեպ, 2017-ին ընդունվել է 713 ուսանող։