26.11.2024
Ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը. ՀՀ ԱԳՆ ՝ Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
prev Նախորդ նորություն

Երևանում կցուցադրվի Անահիտ աստվածուհու գլուխը ու ձեռքը

Կառավարությունը հուլիսի 18-ի նիստում որոշեց 15 մլն 700 հազար դրամ հատկացնել՝ Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակման համար:


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-ին արդեն փաստաթղթային հիմքերի վրա դրվեց Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում իրականացնելու ծրագիրը՝ առաջին անգամ Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը:


Դրանք Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող տասնյակ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստի ցուցանմուշների հետ համադրությամբ՝ կցուցադրվեն Հայաստանում՝ Հայաստանի պատմության թանգարանում:


Այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրայնացնելու կարևորությունից ելնելով՝ անհրաժեշտ է ցուցահանդեսին ընդառաջ իրականացնել նաև թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով:


Ցուցահանդեսի հանրահռչակման ազդագրերը կտեղադրվեն Երևանում, իսկ թվային տեխնոլոգիաներով հանրահռչակումը՝ հանրապետության ողջ տարածքով:


Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում:


Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 հազար այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ 800 հազարից - 1 միլիոն մարդ տեղեկացված կլինի ցուցահանդեսի մասին: