Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման հարցը քննարկել ռուսական և վրացական կողմերի հետ: Սակայն Թբիլիսին դեռ դիմում հայկական կողմից չի ստացել:
Վրացական լրատվամիջոցներից մեկին ի պատասխան Վրաստանի կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը պատասխանել է, թե հայկական կողմը դեռ չի դիմել, իսկ դիմելու դեպքում իրենք կուսումնասիրեն, թե որ այլընտրանային ուղղության մասին է խոսքը և կառաջնորդվեն երկրի օրենսդրությամբ ու շահերին համապատասխան:
VERELQ-ի հետ զրույցում վրացագետ
Ալիկ Էրոյանցը նշեց, որ բացի այդ, մեկնաբանության մեջ նաև ասված է, որ Վրաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունն է առավելագույնս նպաստել տրանսպորտային-տրանզիտային գործընթացներին՝ հնարավոր պայմանների առկայության համապատասխան, ինչը կարևոր է տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից: Միևնույն ժամանակ նշվում է, որ գոյություն ունեն հարցեր, որոնք վեր են տնտեսական շահերից և կապված են Վրաստանի համար բավականին լուրջ քաղաքական խնդիրների հետ:
«Փաստորեն Թբիլիսին դիվանագիտական մոտեցում է ցուցաբերում և հայկական կողմի վերոնշյալ նախաձեռնության պարագայում չի ընդունում մերժողական կեցվածք (դիմելու դեպքում իրենք կուսումնասիրեն, թե որ այլընտրանային ուղղության մասին է խոսքը) և ընդգծում, որ Վրաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունն է առավելագույնս նպաստել տրանսպորտային-տրանզիտային գործընթացներին»,- նշեց նա:
Մյուս կողմից սակայն, շարունակեց Էրոյանցը, պարզաբանվում է, որ Վրաստանի համար որոշ քաղաքական շահեր վեր են տնտեսական շահերից՝ կարծես հուշելով, որ այնքան էլ մեծ հույս չունենան Հայաստանում, քանզի լուրջ խնդիրներ կան, և շատ բան կախված է նաև ռուսական կողմից:
«Բայց քանզի որևէ բան անհնարին չէ, ապա անհրաժեշտ է կշռադատված քայլերով և իրատեսական մտքերով մտնել խաղի մեջ և գուցե ուշ, բայց հասնել նպատակին, տվյալ պարագայում՝ կենսական նշանակության այլընտրանքային ճանապարհի բացմանը»,- հավելեց նա:
Վերին Լարսին այլընտրանք գտնելու հարցը մի քանի տարի է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործող վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս են բարձրաձայնել այդ հարցը, բայց սայլը տեղից չի շարժվում: Եվ հիմա էլ ստացվում է, որ խոսակցություններ ու հանձնարարականներ կան, գործողություն՝ չկա: Պատճառն , անշուշտ, քաղաքական է, որը միայն Հայաստանի կամ Վրաստանի լուծելու կոնտեքստում չէ, և ստացվում է, որ դրանից տուժում են տնտեսական շահերը, իսկ լուծումն էլ չի նշմարվում:
Վարչապետի հանձնարարականից հետո Հայաստանի գործարարների միության նախագահ
Արսեն Ղազարյանը հայտարարել էր, որ Լարսին այլընտրանք է Հարավային Օսիայի տարբերակը, ինչպես նաև Վրաստանի կառավարության կողմից հաստատված ծրագիրը՝ թունելներ և նոր կամուրջներ կառուցելու վերաբերյալ: Սակայն Ղազարյանը չգիտի՝ արդյո՞ք այդ հարցը այսօր էլ քննարկվում է, ինչի մասին ժամանակին հայտարարել էր Տրանսպորտի և կապի նախկին նախարար
Գագիկ Բեգլարյանը:
«Վրաստանն այլ ուղիներ չի կարող առաջարկել, քանի որ գոյություն ունի աշխարհագրական դիրք, և երեք ճանապարհ՝ Աբխազիա, Լարս, Հարավային Օսիա: Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ օգտվում ենք մեկից: Սակայն կառավարության օրակարգում մշտապես կա Եվրասիական տնտեսական միության հետ կապող միակ ճանապարհին այլընտրանք գտնելու կամ ճանապարհի տեխնիկական թողունակությունը զարգացնելու, սահմանային կետերի հերթերի կուտակման խնդիրները լուծելու հարցը»,- հիշեցրել էր Արսեն Ղազարյանը:
«Հայ ազգային կոնգրեսի» անդամ, տնտեսագետ
Վահագն Խաչատրյանը Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու մասին հանձնարարականներն ու խոսակցությունները պոպուլիզմ է որակում:
«Այսօր Լարսին այլընտրանքային ճանապարհ գոյություն չունի: Այն, ինչի մասին խոսվում է՝ աբխազական և հարավօսական ճանապարհների մասին, այսօրվա քաղաքական իրավիճակում դրանք իրագործել հնարավոր չէ. Ռուս-վրացական, աբխազա-վրացական հարաբերություններն այսօրվա պայմաններում այնպիսին են, որ այդ հարցը հնարավոր չէ լուծել: Այնպես որ սա հերթական պոպուլիստական մոտեցումն ու դրսևորումն է այս հարցի հետ կապված, որովհետև ես համոզված եմ, որ կառավարության ներկայացուցիչները շատ լավ գիտեն, որ այլընտրանքային ճանապարհ այսօր գոյություն չունի»,-
VERELQ-ի հետ զրույցում նշեց նա:
Տնտեսագետը հիշեցրեց՝ հարավօսական այլընտրանքային ճանապարհի բացումը նշանակում է, որ միջազգայնորեն ինչ-ինչ հարցերում ընդունվում է, որ դա արդեն վրացական տարածք չէ և նույնը վերաբերում է նաև Աբխազիային: Եվ այդ պատճառով նա համոզված է, որ նույնիսկ եթե նամակ գրվի, ապա մերժում է լինելու ու գուցե հենց դրանով է պայմանավորված, որ նախնական հարցումներ արվել են, մերժման հավանականությունը հստակեցվել և հայկական ոկղմի համար ավելի տրամաբանական է դարձել որևէ դիմում չներկայացնելը, քանզի տհաճ է, երբ հարևան երկրները միմյանց դիմում են մի հարցով ու մերժվում.
«Այլընտրանք այսօր չկա: Լարսի այլընտրանքը կարող է լինել միայն և միայն մեկը՝ լաստանավային փոխադրում, որի մասին դեռևս տասնյակ տարիներ առաջ խոսակցություն կար: Այն ժամանակ այդ հարցը բարձրացնողներից էին
Խաչատուր Սուքիասյանը,
Անդրանիկ Մանուկյանը, ՀՀ արդյունաբերողների միությունը, որոնք հարցադրումն արել էին և ռուսական ու վրացական կողմերի հետ պայմանավորվածություն կար, որ լաստանավային փոխադրումները կլինեն շուրջ տարի: Մի խնդիր կար՝ միայն պետական միջոցներով դա հնարավոր չէր անել, անհրաժեշտ էր մասնավորի ներկայություն ևս, բայց երբ սկսվեցին մասնավորի փնտրտուքները՝ պարզվեց, որ մասնավորները կա՛մ ցանկություն, կա՛մ միջոցներ չունեին այդ ծրագրի իրականացմանը: Այլընտրանքը միայն դա կարող էր լինել, իսկ ցամաքային ճանապարհով այլընտրանք Լարսին, ցավոք, այսօր չկա»,- շեշտեց նա:
Այսպիսով, եզրափակեց նա, բոլոր հայտարարությունները պոպուլիստական են, քանզի աշխարհաքաղաքական իրավիճակ, ինչպես գիտենք, չի փոխվել, բայց այլընտրանքի մասին շարունակում են խոսել: Իսկ թե ինչո՞ւ են այդպես ներկայացնում, ի՞նչ խնդիր են դրանով լուծում կամ գուցե մեկ այլ խաղի մեջ են Հայաստանին փորձում ներքաշել, որը լավ տեղ չի տանում՝ Վահագն Խաչատրյանը չգիտի:
Զրուցեց Լիա Խոջոյանը