22.11.2024
Մոլդովայի եվրոինտեգրացիայի «գնացքը» մտել է փակուղի. Միակ ելքը` ԵԱՏՄ–ն է
prev Նախորդ նորություն

Կուրսը դեպի ՆԱՏՕ. Թբիլիսին ընդմիջո՞ւմ է

ՆԱՏՕ_ին անդամակցելու Վրաստանի քաղաքականությունը, կարծես, ձախողվում է: Թբիլիսին չի մասնակցի հյուսիսատլանտյան գագաթաժողովին 2017 թվականին: Պաշտոնապես չմասնակցելու բացատրությունը հնչում է հետևյալ կերպ՝ միջոցառումը կայանալու է նեղ կազմով և նվիրված է ՆԱՏՕ-ի ծանոթությանը ԱՄՆ նախագահի հետ: Այս բացատրությունը, սակայն, չի խանգարում վրացական ընդդիմությանը մեղադրել իշխանություններին պրոՆԱՏՕականվեկտորից շեղվելու համար: Նման մեղադրանքների հիմնավոր լինելու և այլ հարցերի շուրջ VERELQ-ը զրուցեց վրացի քաղաքագետ Գիյա Խուխաշվիլու հետ: .

-Պարոն Խուխաշվիլի, ոքանո՞վ են հիմնավոր ընդդիմության մեղադրանքները իշխանության հասցեին: Արդյո՞ք տեսանելի է նախանշված կուրսից շեղումը:

-Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ստրատեգիական կուրսը պահպանվում է: Եվ այս իմաստով ես հիմքեր չեմ տեսնում իշխանությունների հասցեին մեղադրանքներ հնչեցնելու: Հաշվի առնելով հայտարարությունները՝ իշխանությունները հավատարիմ են այդ կուրսին: Պարզապես խոսքն այստեղ, թերևս, տակտիկայի մասին է, որ ընտրել են իշխանությունները: Հարկավոր է նշել, որ իշխանությունը շատ զգուշավոր է և հենց սա էլ ընդդիմախոսների քննադատությունն է հարուցում: Իշխանությունը, թերևս, կողմնորոշվում է հնարավորի քաղաքքականությամբ, այլ ոչ թե մերկապարանոց գործողություններով: Բացի այդ, բոլոր շրջանակները Վրաստանում հասկանում են, որ որքան էլ մենք խոսենք ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիայից, այս ճանապարհը շատ երկար է: Իսկ մենք, բացի այդ, տեսնում ենք նաև, որ կան հակասություններ հենց ալյանսի ներսում, և ԱՄՆ նոր նախագահի հայտարարությունները, թե ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն է, վկայում են, որ այստեղ ամեն ինչ չէ, որ հարթ է: Եվ նման իրավիճակում ՆԱՏՕ-ի համար հաստատ Վրաստանի ժամանակը չէ:

-Պաշտոնակա Թբիլիսին, այսպիսով, որդեգրել է սպասողական քաղաքականությո՞ւն:

-Իհարկե: Աշխարհը փոխվում է, տեղի են ունենում գլոբալ տրանսֆորմացիաներ, և այս իրողություններով Վրաստանի ժամանակը չէ: Մեծ ընդմիջման ժամանակաշրջան է մեկնարկում. ալյանսը պետք է լուծի սեփական խնդիրները, որպեսզի պահպանի այն, ինչ ունի:

Այս իմաստով ընդդիմության հայտարարությունները հարկավոր է դիտարկել ներքին սպառման ուղղված միայն, քանզի ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը դարձել է ներքաղաքական գզվրտոցների թեմա: Իսկ Թբիլիսիի արտաքին քաղաքականության հետ դա որևէ կապ ունի:

-Իսկ կա՞ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու օբյեկտիվ անհրաժեշտություն:

-Կարծում եմ, հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու կուրսը որոշվել է ոչ լավ կյանքից: Վրաստանը, ինչպես և ցանկացած երկիր, փնտրում է իր համար անվտանգության համակարգ: Եվ այս պահի դրությամբ ավելի լավը, քան ՆԱՏՕ-ն է, մենք չենք գտել: Այնպես որ կարելի է շարունակել ձգտել անդամակցելու կուրսին: Իհարկե, կրկնում եմ, աշխարհը արագ է փոփոխվում և թե ի՞նչ փոփոխություններ են մեզ սպասվում վաղը ես չեմ կարող կանխատեսել:

-Բայց չէ՞ որ ի սկզբանե անդամակցության նպատակը «Ռուսաստանի սպառնալիքից պաշտպանվելն էր», մինչդեռ Մոսկվան ու Թբիլիսին ակտիվ քննարկում են հարաբերությունների վերականգնման հնարավորությունները...

-Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել Թբիլիսին իսկապես ձգտում է: Բայց ես չեմ կարծում, որ հարաբերությունների կարգավորումը հակասում է ՆԱՏՕ-ի անդամակցությանը: Եվ ես չէի դիտարկի այս երկու գործընթացը մեկ կապի մեջ: Հասկանալի է, որ Մոսկվային դուրս չի գալիս Վրաստանի այս կուրսը, բայց ի՞նչ է նա առաջարկում դրա փոխարեն: Քաղաքականության մեջ ամեն բան իր գինն ունի, և մենք չգիտենք, թե ինչպես Մոսկվան կփոխհատուցի մեզ այդ կուրսից հրաժարվելու դիմաց: Եվ փոփոխական իրողությունները հաշվի առնելով այսօր շատ դժվար է միանշանակ կանխատեսումներ անել:

Զրուցեց Աշոտ Սաֆարյանը