24.11.2024
Արևմտյան հումանիստների համար կարևորը ռուսների ոտքը տարածաշրջանից կտրելն է
prev Նախորդ նորություն

Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Աշխարհաքաղաքական զարգացումները, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի իշխող վարչակարգերի հավանական փոփոխությունը, դրան զուգահեռ Ուկրաինայի հնարավոր ֆիասկոն եւ ռուսական դիրքերի վերականգնումը երբեմնի ռուսաֆոբ Նիկոլ Փաշինյանին կրկին մղել են դեպի Վլադիմիր Պուտինի գիրկը։ Փաշինյանը թերեւս հաշվարկել է, որ ՌԴ-ն ուկրաինական ճակատում հաղթելուց հետո «վերադառնալու» է տարածաշրջան եւ կարգավորելու է այստեղի խնդիրները: Եվ քանի որ իրեն պաշտպանող գերտերությունների առաջնորդները հրաժեշտ են տալիս իշխանությանը, ուստի ճիշտ ժամանակն է Արեւմուտքից թեքվելու դեպի Ռուսաստան։ Դա էր պատճառը, որ նախօրեին Փաշինյանը մատ արեց շատերին` հայտարարելով, որ ԵՄ-ին անդամության հարցը հանրաքվեի չի դրվելու: Եվ նույն օրն էլ շտապեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին, ում մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, գործուղել ՌԴ Բելգորոդ քաղաք, որտեղ բնակելի շենքերից մեկն ավերվել էր ուկրաինական զինված ուժերի հրթիռային հարվածի հետեւանքով: Չնայած աղետը տեղի է ունեցել մայիսի 12-ին։ ՔՊ մեր աղբյուրները չարախնդում են, որ առաջիկայում հայ ժողովուրդն ականատես է լինելու տարբեր կալիբրի հայ իշխանավորների կողմից «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագների։


«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Սյունիք կատարած այցից հետո մտադիր է շարունակել մարզային այցերը: Այժմ քննարկում են Արարատի մարզ գնալու հարցը, քանի որ հաջորդ «զոհը» Տիգրանաշեն համայնքն է՝ «սահմանազատման» գործընթացի անվան տակ այն կարող է անցնել Ադրբեջանին: Իսկ դա նշանակում է, որ վտանգվում է միջպետական ճանապարհը, եւ կարող է կտրվել ՀՀ «աղջկա պարանոցը»` Սյունիքն ու Վայոց Ձորը։ Նաեւ շարժման ներսում վերադասավորումներ են ընթանում, մշակում են ժամանակավոր կառավարության ծրագիրը, երկրի զարգացման տեսլականը: Մեր աղբյուրն ասում է, որ բոլոր ոլորտների վերաբերյալ ծավալուն ծրագրեր են կազմվել` ոլորտային մասնագետների մասնակցությամբ։ Երբ շարժումը կրկին ակտիվանա, այդ ծրագրերը կներկայացվեն հանրությանը։ Շարժման ակտիվը նախատեսում է փողոցը կրկին ակտիվացնել աշնանը, եթե, իհարկե, մինչ այդ ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի: Երեկ էլ սրբազանը հանդիպել է քաղաքական մոտ 2 տասնյակ ուժերի ներկայացուցիչների հետ եւ ամփոփել կատարվածը, քննարկել առաջիկա անելիքները՝ կրկին իր ոճի մեջ չմանրամասնելով պլանները, միայն վստահեցրել է, որ շարժումը չի մարելու, առաջիկայում նոր թափով է վերսկսվելու։


«Հրապարակ» օրաթերթը գրում է ․«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երեկ քաղաքական կուսակցությունների հետ փակ հանդիպում է կայացել, որին մասնակցել են «ՀՀԿ»-ն, «Ժառանգությունը», «Ապրելու երկիրը», Պարույր Հայրիկյանը, Արտաշես Գեղամյանը, «ԱԺԲ»-ն, «ՀՅԴ»-ն, «Համերաշխություն» կուսակցությունը, եւ այլ քաղաքական գործիչներ։ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից որեւէ մեկը չի եղել հանդիպմանը։ Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժը շարժման ակտիվ փուլում մեկ անգամ հանդիպել էր Սրբազանին, հետո Մարուքյանը պարզ ասաց, որ ջրերը մի առվով չեն կարող հոսել` նախկինների մասնակցության պատճառով։ Շարժման ղեկավարներին, մասնավորապես Բագրատ Սրբազանին հիասթափեցրել է Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքը, ով խոստացել է օգնել հնարավոր ամեն ինչով, սակայն քանի որ շարժումը չաճեց` ինքն էլ չի աջակցել: Սակայն ԲՀԿ-ականներն ամեն դեպքում ակտիվ մասնակցել են շարժման գրեթե բոլոր միջոցառումներին, խոսել, արտահայտվել։ 


Մեզ ասացին, որ հանդիպմանը քննարկվել են մի շարք այլ հարցեր եւս՝ շարժման սխալների, հետագա անելիքների վերաբերյալ։ Հատկապես շեշտը դրվել է առաջիկա անելիքների վրա։ Շարժումը թարմացնում է իր մարտավարությունը, ամեն ինչ կախված է երկրում տեղի ունեցող զարգացումներից: Եթե Փաշինյանն առաջիկայում շարժվի Ալիեւի օրակարգով, եւ ՀՀ Սահմանադրությունը փոխելու որոշում կայացնի՝ շարժումը նոր թափով, մեծ ուժով նորից դուրս կգա փողոց, կշարունակվեն անհնազանդության ակցիաներն ու տեղի կունենան հանրահավաքներ։ Եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կրկին կակտիվանա աշնանը։ 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ իշխող ՔՊ-ում բոլոր որոշումները միանձնյա կարգով Նիկոլ Փաշինյանն է կայացնում՝ առանց թիմակիցների կարծիքը հաշվի առնելու, շատ դեպքերում՝ անգամ իր որոշումների մասին չի էլ տեղեկացնում թիմակիցներին՝ անակնկալի բերելով նրանց: Այսպիսով, վերջերս այս մասին վկայող հերթական «թարմ» դեպքն արձանագրվեց: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանյան 4 քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության», «Քրիստոնեա-ժողովրդավարական» եւ «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկով դիմել էին իշխանություններին։ ՔՊ-ականները սա մեծ շուքով ներկայացրին, ու անգամ խորհրդարանական լսումներ անցկացվեցին այս թեմայով: Տպավորություն էր ստեղծվել, թե ՔՊ-ում հանրաքվեի պատրաստություն են տեսնում:


ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչներից Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինայի հետ հանդիպումից հետո հայտարարել էր. «Կարծում եմ՝ մոտ ապագայում կլինի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեն, եւ վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո»: Բայց, արի ու տես, որ ՔՊ-ում տեղյակ չեն, որ Նիկոլ Փաշինյանը լրիվ այլ ծրագրեր ունի: Ընդամենը երկու օր առաջ՝ հուլիսի 1-ին, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի հանրաքվե էլ չի լինելու, քանի որ ինքը «գիտի ժողովրդի կարծիքը»։ Նիկոլ Փաշինյանն իր այս սպոնտան որոշումներով, ըստ էության, հերքեց ու անորոշ դրության մեջ դրեց թե’ Ալեն Սիմոնյանին, թե՛ ողջ ՔՊ-ին: Սրանից կարող ենք կրկին արձանագրել, որ Փաշինյանը բացառապես միանձնյա որոշումներ է կայացնում ու իր թիմակիցների տեսակետը հաշվի չի էլ առնում՝ մշտապես փաստի առաջ կանգնեցնելով»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Սյունիքի մարզում՝ Տաթեւ վանքի բակում Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը, պարզվում է, Արցախի նախկին զինդատախազ Հովհաննես Լալայանի դուստրն է՝ Հասմիկ Լալայանը։ Հայրը ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ժամանակ եղել է զինդատախազ, այժմ էլ Բաբայանի հետ ջերմ հարաբերություններ ունեն: Թերեւս սրանով էր պայմանավորված, որ նա սրբազանին հարց ուղղելիս վկայակոչեց Բաբայանին, թե չլսեցին նրան, եւ եղավ այն, ինչ եղավ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հասմիկը նախկինում ՔՊ-ական է եղել, ներկայում էլ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կուսակիցն է, բնակվում է Ավան-Առինջում: Նրան ճանաչողներն ասում են, որ բավականին ինտրիգային անձնավորություն է, երբեմն հայտնվում է աղմկոտ պատմությունների կիզակետում։ Ոստիկանության Ավանի բաժնում նրան բոլորը գիտեն, պարբերաբար առնչվում է նրանց հետ, անհաշտ է անգամ ընտանեկան, ընկերական, հարեւանների հետ հարաբերություններում։ Հիշեցնենք, որ Տաթեւում մոտենալով սրբազանին՝ նա պնդում էր, որ պատասխանի իր հարցերին, եւ պարբերաբար նյարդային ընդհատում ու հակադրվում էր զրուցակցին, միեւնույն ժամանակ վստահեցնելով, որ ինքը սադրիչ չէ, ոչ էլ իշխանությունների կողմից է ուղարկված, ընդամենը ուխտավոր է եւ հարցեր ունի սրբազանին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ «Սեւան» ազգային պարկի կայքի՝ 2022 թվականի ապրիլի 5-ից հետո ՊՈԱԿ-ում կենդանության նշանները բացակայում են. 79 հաստիք, 15 մեքենա, միլիոնավոր դրամների աշխատավարձի ֆոնդ, բայց ոչ մի աշխատանք: Այս բնորոշումը, ցավոք, վերաբերում է Սեւանա լճի տարածքին, որը Հակոբ Սիմիդյանի կառավարմամբ «բարեհաջող» կործանվում է. եւ եթե ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՔՊ-ականների կողմից թույլ տված ձախողումները ապագա իշխանությունները մի կերպ կշտկեն, Սեւանի էկոլոգիական աղետը անդառնալի հետեւանքներ կունենա։ Ներկայացվող լուսանկարները ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքի վերջին «նորություններն» են, որոնք ամբողջությամբ «հնություն» են։ «Սեւան» ազգային պարկի տնօրենը 2022 թվականի մարտին ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ջանքերով նշանակված Կարեն Մնացականյանն է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ն եւ Ս քոնսթրաքշն» եւ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները Դավթաշեն թաղամասի Անաստաս Միկոյան 64 հասցեում բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիր են կառուցում` պայմանական՝ «Դավթաշեն Սիթի» թաղամաս անվամբ, 6 մասնաշենքից բաղկացած: «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստացել համալիրում տուն գնած քաղաքացիներից առ այն, որ կառուցապատողն իրենց տան վկայականները չի տալիս:  «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ հետաքրքրվելով, թե ինչու չի տրվում այդ շենքերի համար ավարտական փաստաթուղթը, որի հիման վրա կառուցապատողը կարողանա սեփականության վկայականներ ձեռք բերել: Ի պատասխան` ստացանք հետեւյալը. «Տեղեկացնում ենք, որ 05.06.2024 թվականին կառուցապատող «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ին (ոչ թե KR CONSTRUCTION) Միկոյան 64 հասցեի բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի համար տրվել է ավարտական ակտ»: Երբ է տրվել` քաղաքապետարանը չի նշել:


Բանն այն է, որ այս տարածքում շինարարություն են անցկացնում 2 ընկերությունները համատեղ։ Կառուցապատող ընկերությունները մամուլի ուշադրության կենտրոնում արդեն հայտնվել են. «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ում բաժնեմաս ունի ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին պետ Արթուր Աղաջանյանի կինը` Արմինե Եղիազարյանը: Հիշեցնենք` «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել էր 10 հատ «ԳԱԶ» մակնիշի եւ 4 «ԿամԱԶ» մակնիշի աղբատարեր՝ թերեւս շինթույլտվությունների կամ այլ մի բանի համար, որոնց մասով մամուլը ժամանակին անդրադարձել էր: Ըստ «Հետք»-ի՝ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նաեւ Ֆիրդուսու թաղամասի կառուցապատողներից է: Դրա քույր` «ԿաԷռ մայնինգ» ՍՊԸ-ն 2-րդ, 4-րդ եւ 5-րդ լոտերի սեփականատերն է, բայց Դավթաշենի կառուցած շենքերի վկայականները հապաղում է տալ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր եւ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, համաձայն 2023 թվականի գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի` նախորդ տարեսկզբին հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 3 հողամաս միանձնյա սեփականությամբ եւ մեկ անհատական բնակելի տուն՝ համատեղ սեփականությամբ։ Տարվա ընթացքում Թորոսյանի կողմից օտարվել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գտնվող 2 հողամաս, որոնք արժեցել են 7 մլն 800 հազար դրամ։ Պատգամավորի վաճառած հողը գնել է ոմն Կրեկուար Պաննա Նաիմին, որը հայտնվել է 2021 թվականի հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկում։ Տարեվերջին, որպես անշարժ գույք, Թորոսյանի հայտարարագրում մնացել է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տունը եւ 2020 թվականին ձեռք բերած Ծաղկաձոր քաղաքում գտնվող հողամասը։


ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն, համաձայն ներկայացված տվյալների, շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող, 2015 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։ 2010-2011 թվականներին Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոնիթորինգի եւ գնահատման բաժնի վարիչ է եղել եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2011-2015 թվականներին եւ 2016-2018 թվականներին՝ «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի տնօրեն: 2018-2021 թվականներին ՀՀ առողջապահության նախարար է եղել, իսկ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:


Թորոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 686 հազար դրամ, 1 355 եվրո եւ 88 դոլար, կանխիկ դրամական առկա միջոցները տարվա սկզբում կազմել են 12 մլն դրամ, սակայն այն տարեվերջին դարձել է 1 մլն դրամ։


Հաշվետու տարվա եկամուտները տարեվերջին կազմել են 34 մլն 017 հազար դրամ, որից 9 մլն 755 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 560 հազար դրամը եկամուտ է՝ ստացված Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։


UniCredit Bank Austria AG միջազգային բանկից Թորոսյանը ստացել է 360 եվրո եւ նշել է դա որպես «այլ եկամուտ»։ Ի դեպ, UniCredit Bank Austria AG միջազգային բանկի 99,9965%-ը պատկանում է Միլանում գործող համաեվրոպական UniCredit բանկային խմբին:


ՔՊ-ական պատգամավորի եկամտի 15 մլն 750 հազար դրամը վարկ է «Ամերիաբանկ»-ից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 641 հազար դրամ, որը, ըստ հայտարարագրի, նոր կառուցվող բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ 2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերի բաժնում Թորոսյանը հայտարարագրել է 20 մլն ծախս։ Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թեւանյանը, պատգամավորից հետո ստանձնել է «Միբս ՍՊԸ»-ի տնօրենի պարտականությունները։


Թորոսյանի հետ փոխկապակցված այս ընկերության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ 2020 թվականին իրավիճակային շահերի բախման առերեւույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը. հանձնաժողովին տեղեկացրել էին, որ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թեւանյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) իր հերթին որոշել է, որ առողջապահության նախարարության եւ նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կողմից ղեկավարվող ընկերության միջեւ կնքված պայմանագրերում առկա չէ շահերի բախում։ Ահա սա էլ դառնում է ընտրովի արդարադատության բացառիկ եւ ակնհայտ ապացույց։


Օգտվելով վարույթ չհարուցելու հանգամանքից` 2023 թվականի ընթացքում Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած «Միբս» ընկերության եւ առողջապահության նախարարության միջեւ կնքվել է 2 պայմանագիր՝ 65 մլն 215 հազար դրամ եւ 104 մլն 015 հազար դրամ արժողությամբ։


Ստացվում է, որ անպատժելիությունը դառնում է ամենաթողության պատճառ, իսկ իշխանական անպատժելիների համար բոլոր փակ դռները մեխանիկորեն բացվում են Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո: Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 3-ին վկայի կարգավիճակով ներկա է եղել ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը։ Բանն այն է, որ 2019-ի տարեվերջին «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (Առեւտրային կաշառքը)»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը մինչեւ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում նշանակվելը (2018թ. հուլիս) ղեկավարել է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը (ICARE): Նրան հիմնադրամի տնօրենի պաշտոնում փոխարինել է Արթուր Գրիգորյանը, բայց փաստացի ղեկավարումն իրականացվել է Ուռուտյանի կողմից: ICARE հիմնադրամի ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը 2021 թ. կազմել է 769 միլիոն, 2022թ.` 1,3 միլիարդ, իսկ 2023թ.` 836 միլիոն դրամ: Այս ցուցանիշը 2018թ. կազմել է ընդամենը 260 միլիոն դրամ: Հիմնադրամը 2018-2023թթ. Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տարբեր հասցեներում ձեռք է բերել 50 կտոր բնակելի նշանակության հողակտոր, որից 44-ը` 2022թ. փետրվար ամսին:


Ըստ հիմնադրամի, դրանց ձեռքբերման նպատակը գյուղատնտեսության ոլորտում կրթական եւ գիտական ծրագրեր իրականացնելու նպատակով ուսումնափորձնական տնտեսության հիմնումն է: Թե ինչպես են տարբեր հասցեներում գտնվող հողամասերն օգտագործելու գյուղատնտեսական նպատակներով, կամ որքանով է բնակարանաշինությունը համընկնում ICARE-ի կանոնադրական նպատակների ու խնդիրների հետ, դա այլ հարց է, սակայն, դիցուք, Պռոշյան համայնքում բնակելի նշանակությամբ հողամասերի միջին արժեքը տատանվում է 50 հազար դոլարի սահմաններում:


Ուշագրավ է, որ չնայած երբ Ագրարային համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, համալսարանից վերցրել կամ օտարել են բազմաթիվ շենքեր ու շինություններ (1.6 միլիարդ դրամի), սակայն համալսարանի ֆինանսական միջոցները նվազել են մի քանի անգամ, փոխարենը նույն ժամանակահատվածում նախկինում իր ղեկավարած հիմնադրամը ձեռք է բերել հսկայական հողակտորներ ու բազմապատկել ֆինանսական միջոցները: