Արևմտյան հումանիստների համար կարևորը ռուսների ոտքը տարածաշրջանից կտրելն է
Ադրբեջանի միանձնյա ղեկավար Իլհամ Ալիևի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ և ընդհանրապես բոլոր ուղղություններով և ոլորտներում վերլուծելն ու կանխատեսումներ անելը այդքան էլ դժվար չէ, որովհետև նա մեծամասամբ հստակ և առանց վարանումների, բացահայտ ասում է այն ինչ ինքը մտադիր է անել և նույնքան հստակ ձևակերպում է իր պահանջներն ու պարտադրանքները: Մնում է միայն ոչ թե առհամարել և հերոսանալ այլ սթափ գնահատել դրանց հնարավոր հետևանքները:
Դա երևաց ղարաբաղյան հակամարտության այն ժամանակաընթացքում, երբ նա վերցրեց իշխանության ղեկը իր երկրում: Ինչու եմ այս մասին գրում հիմա, երբ հայկական քաղաքական օրակարգում սահմանների հարցի կողքին անսպասելիորեն բսնեց եվրոսիրողների հանրաքվեի առաջարկը և դարձավ «թիվ 1» խնդիրը բազմաչարչար հայոց երկրում: Ալիևը հմտորեն օգտվում է ցանկացած քաղաքական իրադրությունից և շատ արագ և նպատակասլաց քայլերով հասնում է հաջողությունների:
Օրինակ, ՀՀ իշխանությունների սերը առ Արևմուտք շատ նպաստավոր է Արևմուտքի հետ պատերազմի և դիմակայության մեջ գտնվող ՌԴ -ի հետ «բարեկամական» հարթության վրա համագործակցության զարգացման համար: Այժմ նա բացահայտորեն պահանջում է , որ փախստականների վերադարձը լինի բոլորի համար հավասար: Արևմտյան դեմոկրատները ևս դրա կողմնակիցն են:
Առաջին հայացքից թվում է, թե շատ լավ է, հատկապես արցախահայության վերադարձի պահանջի իրականացման հետ կապված: Սակայն այս հումանիստական և արդարացի նախաձեռնությունը կարող է դառնալ հայկական պետականությանը տրվող վերջին մահաբեր հարվածը: Պարզ է, որ Արցախ կվերադառնան կամ չեն վերադառնա մի քանի հազար մարդ, Ադրբեջանի բնակավայրերից 80-ականն թթ. բռնի տեղահանված հայեր վերադարձողների մեջ ընդհանրապես չեն լինի, իսկ «Արևմտյան Ադրբեջան», այսինքն Հայաստան շատ արագ և բարեհաջող կվերադառնան մոտավոր հաշվարկներով 300-320 հազար մարդ: Եվ դա ամենայն հավանականությամբ ներկա չպարզաբանված խաղաղության պայմանագրի հոդվածներից մեկը կարող է լինել:
Բրյուսելից և Վաշինգտոնից 24 ժամյա ռեժիմով ողջունում են սպասվող պայմանագիրը, Մոսկվայից լուռ են, ինչ են մտածում, դժվար է ասել: Գուցե և արևմտյան հումանիստներին այդքան էլ չի մտահոգում այս փոքրիկ երկրի ժողովրդագրական իրավիճակը: Կարևորը ռուսների ոտքը տարածաշրջանից կտրելն է:
Քաղաքագետ Գարիկ Քեռյան