26.11.2024
«Շիրակ» օդանավակայանում ռումբի կեղծ ահազանգ հնչեցրած անձը ձերբակալվել է
prev Նախորդ նորություն

Եթե ես ԱԳ նախարար լինեմ, Սյունիքով միջանցքի հարցը 5 րոպում օրակարգից կհանեմ. Օսկանյան

Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապ ապահովելու հարցը բերել էր բանակցային սեղան այն պահին, երբ դեռ Լաչինի միջանցքի հարց կար, երբ գոյություն ուներ Արցախ, արցախահայություն, եւ այնտեղ Ադրբեջանը հասկանում էր, որ ինքն այդ կապը պետք է տրամադրի: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:


«Ուստի հայելային իրավիճակ ստեղծելու համար ինքը այդ խնդիրը բերել են սեղանի վրա էր դրել: Հիմա չկա Արցախ, չկա արցախահայություն, բայց այդ խնդիրը մանցել է սեղանի վրա: Այստեղ երբ դու սկսես հարցը դիտարկել, որ ես ի՞նչ կարող եմ անել, սա ԱՄՆ-ին է պետք, Ռուսաստանին է պետք, Թուրքիային է պետք, Իրանին է պետք, Չինաստանին ու Հնդկաստանին է պետք, դու ձեռքերդ կարող ես օդ բարձրացնես, բայց երբ սթափվես ու մտածես, որ խոսվում է քո տարածքով ինչ-որ մեկին ճանապարհ տալու մասին, որին պատճառ չկա: Ես չեմ չափազանցնում, եթե ես այսօր Հայաստանի ԱԳ նախարար լինեմ, խոստանում եմ, այդ հարցը 5 րոպում օրակարգից կհանեմ: Ինձ կարո՞ղ ես մի պատճառ ասել, թե ինչու պետք է մենք այդ ճանապարհը տանք»,-ասաց նա:


Օսկանյանի խոսքով, Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է կորցրել պատերազմից հետո բանակցային օրակարգը փոխելու. «Այսօր էլ հնարավոր է բանակցային օրակարգը փոխել: Այսօր շատ ռեալ է օրակարգ բերել արցախահայության հավաքական վերադարձի հարցը միջազգայինն երաշխիքներով: Ուորլիքը վերջին հարցազրույցում ասաց, որ արցախահայության իրենց տներ վերադարձի հարցը պետք է բերվի խաղաղության պայմանագրի օրակարգը»:


Հարցին՝ արդյոք Ադրբեջանը կհամաձայնի արցախահայերի վերադարփին, ԱԳ նախկին նախարարն ասաց. «Դու բեր օրակարգ, թող Ադրբեջանը մերժի, չի կարող մերժել: Երբ ինքն ասում է՝ կարող են վերադառնալ որպես իմ քաղաքացիներ, մենք ասում ենք՝ նախ հարցը օրակարգ բեր, նստենք, քննարկենք: Ադրբեջանն ամեն օր մի նոր օրակարգ է բերում, իսկ մենք պատերզմից հետո բանակցություններում մի օր օրակարգ չենք թելադրել: Սա խնդիր է: Դու պետք է հարցեր բերես օրակարգ, բայց դրանք պետք է լինեն տրամաբանական, գործընթացին նպաստող, որ կողքի դիտորդները չկարողանան դա միանգամից մերժել: Այսօր կա միջազգային արդարադատության դատարանի որոշումը, կա այս տարվա մարտին Եվրախորհրդարանի որոշումը, որն ասում է՝ կոչ ենք անում Ադրբեջանին Արցախի ներկայացուցիչների հետ նստել սեղանի շուրջ, քննարկել նրանց վերադարձի հարցը՝ միջազգային ներկայությամբ»:


Նա նաեւ հայտարարեց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմաններում, դա դելիմիտացիա չէ. «Դելիմիտացիան իր օրենքներն ունի, մի հավատացեք, դա բլեֆ է: Դելիմիտացիա լինում է, երբ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ կան, խաղաղություն կա: Միջազգային ուղենիշներ կան: Նույնիսկ եթե կան շրջաններ, որոնք արդարացիորեն մերը չէ, պետք է տրվի իրենց, բանակցությունների միջոցով միշտ էլ հնարավոր են տարբեր փոխանակումներ: Սա ԵԱՀԿ-ի ուղենիշներում նշված է: Դա հնարավոր է անել ոչ թե պարտադրանքի տակ, այլ երբ նորմալ խաղաղություն կա: Մենք կառքը դրել ենք ձիուց առաջ: Այսօր մենք ուզում ենք Ադրբեջանի բոլոր պահանջները կատարենք, հետո գնանք խաղաղությա՞ն: Դա խաղաղություն չի, հանձնվողականություն է»: