Կձևավորվեն ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջարկը քննարկել է թե’ իր ղեկավարած հանձնաժողովի անդամների եւ թե’ Պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարների հետ’ ստանալով վերջիններիս հավանությունը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով այն ուսանողները, որոնք մասնակցություն կունենան ծրագրին, կխրախուսվեն պետության կողմից:
Նախաձեռնությունը հունիսի 26-ին քննարկվել է ԱԺ պատգամավորների, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ու Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ներկայացուցիչների հետ:
Մասնակիցները ողջունել են մտահղացումը: Նշվել է, որ առաջարկն ուղարկվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ արդեն կան արձագանքներ:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: Ձեւավորվելիք ուսանողական ջոկատների պատասխանատուները կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաեւ աղջիկներ:
Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին մասնակից լինելու երկրի պաշտպանական խնդիրների լուծմանը, ձեռք բերելու նոր հմտություններ, ծանոթանալու բանակի առօրյային: Պատգամավորի տեղեկացմամբ ուսումնասիրելով միջազգային փորձը` պարզվել է, որ նմանատիպ ծրագրեր իրականացվում են եվրոպական մի շարք երկրներում:
Մասնակիցները մանրամասն քննարկել են ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: