25.11.2024
Բարձր ենք գնահատում Սլովենիայի դիրքորոշումը. Փաշինյանը՝ Գոլոբին
prev Նախորդ նորություն

Երիտասարդները պետք է կարողանան օգտագործել իրենց ամբողջ ներուժը. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:


Հունիսի 25-ի նիստում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:


«Մեծարգո՛ նախագահ,


Հարգելի՛ գործընկերներ եւ հարգելի՛ զեկուցողներ,


Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ե՛ւ շատ հետաքրքիր զեկույցների, ե՛ւ կարեւոր ուղերձների համար: Համաձայն եմ, որ անդամ երկրներում մենք կանգնած ենք ժողովրդավարության հետընթացի հետ, եւ դա, իսկապես, մտահոգիչ է: Ավելին, ես համաձայն եմ, որ մեզ անհրաժեշտ են ավելի ներառական մեթոդներ, որպեսզի հաղթահարենք երիտասարդների շրջանում ցածր ակտիվությունը:


Լինելով Հայաստանի երբեմնի ամենաերիտասարդ կին պատգամավորը՝ ես հասկանում եմ երիտասարդներին քաղաքական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու հնարավորություն տալու կարեւորությունը՝ միաժամանակ պաշտպանելով նրանց տարիքային խտրականություններից: Շատ կարեւոր է ստեղծել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երիտասարդ, քաղաքականապես ակտիվ կանանց եւ տղամարդկանց օգտագործել իրենց ամբողջ ներուժը:


Համաձայն IPU-ի՝ 2021 թվականի զեկույցի, թեեւ աշխարհի բնակչության 49 տոկոսը մինչեւ 30 տարեկան է, այս տարիքային խմբին է պատկանում աշխարհի պատգամավորների միայն 2,6 տոկոսը: Սա նշանակում, որ բնակչության կեսն ունի ընդամենը 3 տոկոս ազդեցություն որոշումների կայացման գործընթացների, սեփական ապագայի եւ երկարաժամկետ քաղաքականության վրա:


Սա արտացոլված է նաեւ մեր վեհաժողովում, որը ներկայումս ներառում է 30 եւ ավելի տարեկան ընդամենը 17 անդամ, որոնք ներկայացնում են նրա կազմի ընդամենը 2,6 տոկոսը: Այս թիվը հասնում է 60 անդամի, եթե տարիքային շեմը սահմանվի 35:


Դուք կարող եք հարցնել, թե ինչու է դա այդպես: Պատճառները մի քանիսն են՝ օրենսդրական խոչընդոտները, նախապաշարմունքները, կարծրատիպերը եւ երիտասարդների շրջանում քաղաքական համակարգի ու ինստիտուտների նկատմամբ վստահության պակասը, ֆոնդերը: Շատ երիտասարդներ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է քաղաքականությունն ազդում իրենց առօրյա կյանքի վրա՝ սկսած սուրճի գնից մինչեւ առողջապահություն, եկամտահարկ, կլիմայի փոփոխություն եւ խորացող անհավասարություններ:


Որպես խումբ՝ մենք վճռականորեն պաշտպանում ենք երիտասարդական զեկուցող ունենալու գաղափարը: Լիագումար քննարկումների ժամանակ հանձնաժողովի երիտասարդական զեկուցողը պետք է իրավունք ունենա ելույթ ունենալ քաղաքական խմբերի ներկայացուցիչներից հետո:


Եզրափակելով՝ մենք պետք է այս փոփոխությունն ունենանք քաղաքական կուսակցություններում՝ որպես ինստիտուցիոնալացված քաղաքականության դարպաս: Մենք պետք է վերանայենք մեթոդները, եւ կարեւոր է դա անել միասին»,- ասել է պատգամավորը: