"Հանրահավաքների 5000 դրամանոց մատերիալ"-ից՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրեր և եղբայրներ
Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն արձագանքել է Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրի մասով.
"Երեկ, ՀՀ իշխանությունը զավթածները իրենց ղեկավարի գլխավորությամբ, արցախցիներին անվանում էր "հանրահավաքների 5000 դրամանոց մատերիալ", որին նախորդել էր հանրահավաքի մասնակիցների, իր իսկ հրահանգով, ոստիկանների կողմից ջարդն ու խոշտանգումները։ Թիրախում հատկապես արցախցիներն էին, բարբառով խոսողներին յուրահատուկ ջանասիրությամբ էին հայհոյում ու բռնության ենթարկում։
Այսօր Կառավարության նիստի ժամանակ ուսապարկերի առաջնորդը խոսեց արցախցիների նկատմամբ իր "մեծ սիրո" մասին։ Հիշեցում-զգուշացում. Նիկոլի սերը անդառնալի ծանր հետևանքներ է բերում՝ պատերազմ, հազարավոր զոհեր, հայրենազրկում, բռնի տեղահանում, հետապնդում, անհիմն ձերբակալում, խոշտանգում…",- գրել է պատգամավորը:
Նշենք, որ այսօր Կառավարության նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ վաղվանից բռնի տեղահանված արցախցիներից կընդունվեն դիմումներ այն դեպքերում, որ շահառուները ցանկանում են գնել բնակարան կամ բնակելի տուն, իսկ հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը:
«Սրանով մենք արձանագրում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մեկնարկում է, մտնում է գործնական փուլ»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։