24.11.2024
Մենք ընդհուպ մոտեցել ենք համակեցության անհամատեղելիության կետին
prev Նախորդ նորություն

Ալիևը Հայաստանից պահանջում է Մինսկի խմբի համատեղ լուծարում. ինչո՞ւ է «աղմկոտ» լռում Երևանը

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջներին, սակայն այդ հայտարարությունը հազիվ թե համոզիչ լինի Բաքվի համար: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:


«Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, պաշտոնական Բաքվի միջամտության փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության տեքստում, որը տարածվել է ի պատասխան Իլհամ Ալիևի` Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջի:


Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհնար է։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Ալիևը և հավելել, որ հայ-ադրբեջանական հարաբերութունների կարգավորման գործընթացի շուրջ «բաց հարցեր կան»՝ նշելով Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ իբր «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ»։


Ալիևի համար այս պարզաբսնումը, նշում է Սուրենյանցը, հազիվ թե համոզիչ լինի, որովհետև դեռ ամիսներ առաջ Փաշինյանը հրապարակավ ասել է, թե «ցլերը մեզ կհոշոտեն, եթե Սահմանադրությունը չփոխենք»՝ լեգիտիմացնելով Ալիևի այս պահանջը:


«Ի դեպ, եթե նկատեցիք մեր ԱԳՆ-ն «լռել» է Ալիևի մյուս պահաջի առիթով՝ փաստորեն համերաշխվելով Ալիևի հետ ԵԱՀԿ ՄԽ լուծարման թեմայով: Դա ամենևին էլ զարմանալի չէ, որովհետև եթե Ալիևի չունենար Փաշինյանի նման «դաշնակից», չէր կարող նման հեշտությամբ միջներդներին դուրս դնել գործընթացից», - նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:


Նրա խոսքով, պակաս հետաքրքիր չէ նաև այն հարցը, թե ինչո՞ւ Ալիևն այս օրերին որոշեց կոշտացնել պահանջները, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքում առկա լարվածությունը կարող է սասանել Փաշինյանի դիրքերը:


«Ըստ ամենայնի, Փաշինյանը փորձել է օգտագործել այդ լարվածությունը՝ Ադրբեջանի հետ բանակցություններում ժամանակ շահելու կամ ինչ-որ բան կորզելու նպատակով: Երեկ Ալիևը հասկացրեց, որ Փաշինյանին «պատուհան» տալ չի պատրաստվում: Մնում էր ապավինել ԱԳՆ-ի «աղմկոտ լռությանը»», - նշում է Սուրեն Սուրենյանցը:


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով Ալիևի հայտարարությունը այլ բան չէ, քան պարզապես շանտաժ ու վերջնագիր Հայաստանի հանդեպ:


«Նախ, եթե Մինսկի խմբի գոյությունը նշանակելու է Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ որեւէ հավակնություն, ապա ստացվում է, որ Ալիեւն ինքը տարիներ շարունակ լեգիտիմացրել ու բավարարել է այդ հավակնությունը՝ մասնակցելով Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով վարվող բանակցություններին:


Գործնականում, ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածքային հավակնության մասին չէ, այլ հակամարտության խաղաղ կարգավորման: Դրա ստեղծման որոշումը կայացվել է ԵԱՀԿ միջոցով, առանց Հայաստանի եւ Ադրբեջանի խնդրանքի, հետեւաբար անտրամաբանական է Հայաստանի որեւէ խնդրանք՝ խումբը լուծարելու առումով», - նկատում է Բադալյանը:


Ավելին, փորձագետի խոսքով, միջազգային այդ ձեւաչափը լուծարելուց առաջ պետք է լսվի դրա աշխատանքի ամփոփումը, պարզելու համար՝ խումբը կատարե՞լ է իր առաքելությունը, լուծե՞լ է իր առաջ դրած խնդիրները, ինչպե՞ս է լուծել, ի՞նչ արդյունք է ստացել, ի՞նր հետեւանք: «Այդ ամենից հետո միայն խումբը ստեղծողները կարող են որոշել՝ այն լուծարվելու՞ է, թե ոչ», - նկատում է նա:


Բնականաբար, հենց դա է, որ անհանգստացնում է Ալիեւին, կարծում է քաղաքական մեկնաբանը ու հավելում. «Այսօր համաշխարհային դիմակայություն, համաշխարհային պատերազմ է, եւ համանախագահությունը չի գործում, բայց Ալիեւը չգիտե, թե ինչ կլինի վաղը: Ավելի շուտ գիտե, որ վաղը գալու է արդեն պատերազմող միջուկային տերությունների պայմանավորվածությունների պահը, ինչով ավարտվում է ցանկացած պատերազմ»:


«Իսկ այդ ժամանակ ո՞վ գիտե, թե նրանք ինչ դիտանկյունից են մոտենալու Մինսկի խմբի համանախագահության գործունեությանն ու ճակատագրին: Հիմա փորձում է քաղել ինչ կարող է՝ Երեւանին ներգրավել խումբը փակելու «խնդրանքի», եւ նվազագույնը մի նոր շանտաժ ու վերջնագիր «կախել» Երեւանի գլխին՝ Դամոկլեսյան մի նոր թուր», - նշում է Բադալյանը:


Միեւնույն ժամանակ, կարծում է Հակոբ Բադալյանըմ, Բաքուն այդպիսով ակնկալում է մի նոր խաղ բացել համանախագահների եւ խմբի անդամների հետ, Երեւանին ուղղված վերջնագրով այդ խաղի «խաղատախտակ» դարձնելով Հայաստանը:


Նրա կարծիքով, նվազագույնը, որ այս պարագայում թերեւս պետք է անի Հայաստանը, Բաքվի նախաձեռնության հետեւում Ռուսաստանի կամ Արեւմուտքի «ականջ» չփնտրելն է:


«Բոլորովին ոչ այն պատճառով, որ դրանք չկան: Կարող է կա ինչ որ մեկի ականջը, կարող է՝ ոչ: Տվյալ պարագայում, որեւէ «ականջ» փնտրելու պարագայում Հայաստանը կնպաստի, որ գերտերությունները իր վրա խաղան Ադրբեջանի հետ՝ այս նոր խաղը կամ խաղափուլը: Ըստ այդմ, Հայաստանը՝ հավաքական իմաստով, թերեւս ունի մի կարեւոր խնդիր՝ դնել Մինսկի խմբի եւ դրա համանախագահության գործունեության հաշվետվության հարցը:


Տրվել շանտաժի, նշանակելու է բացել հաջորդի դարպասը», - եզրակացնում է նա: