27.11.2024
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
prev Նախորդ նորություն

Սաուդյան Արաբիայի առաջին դեսպանն արդեն Հայաստանում է

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխը (նստավայրը` Թբիլիսի):


Նախագահը շնորհավորել է Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխին Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության առաջին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինիս նշանակումը կամրապնդի և նոր թափ կհաղորդի մեր երկրների միջև անցյալ տարվա նոյեմբերին հաստատված դիվանագիտական հարաբերություններից ի վեր ձևավորվող երկկողմ ու բազմակողմ համագործակցության օրակարգին:


«Վստահ եմ, որ Ձեր նշանակումը մեծ ավանդ կունենա մեր հարաբերությունների սկիզբը հաջողությամբ սկսելու և հետագա զարգացման տեսանկյունից: Ավանդաբար Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովուրդը ջերմ հարաբերություններ է ունեցել արաբական երկրների հետ: Սա պայմանավորված է եղել հիմնականում նրանով, որ մենք միշտ ջերմ ընդունելության ենք արժանացել արաբական երկրների ժողովուրդների և պետությունների կողմից: Արաբական երկրներում ապրող մեր հայրենակիցները միշտ եղել են արժանի քաղաքացիներ այդ երկրներում և իրենց ավանդն են ունեցել նաև այդ երկրների զարգացման գործում:


Փաստն արդեն կա, 2023 թվականի նոյեմբերից մեր երկրները հաստատել են դիվանագիտական հարաբերություններ, և, ըստ այդմ՝ առաջիկայում շատ անելիքներ ունենք: Համագործակցության մեծ հնարավորություններ և ներուժ կա տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ գիտության, մշակույթի, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Այդ առումով Ձեր նշանակումը շատ կարևոր է՝ այս գործընթացի առավել համակարգման և համատեղ աշխատելու տեսանկյունից»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:


Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Նախ և առաջ ցանկանում եմ Ձեզ հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդիի ջերմ ողջույններն ու մաղթանքները: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ Ձեզ փոխանցել Նորին մեծություն, կառավարության ղեկավար, թագաժառանգ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդիի ողջույնները՝ Ձեզ հղելով իրենց կողմից լավագույն մաղթանքներ՝ երկարակեցություն, բարեկեցություն և ամենայն բարիք, իսկ հայ ժողովրդին նորանոր առաջընթացներ, ձեռքբերումներ և բարգավաճում:


Ես հաստատում և ընդգծում եմ Սաուդյան Արաբիայի Թագավորության կառավարության ձգտումը՝ համատեղ զարգացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, որպեսզի երկու երկրների բարեկամ ժողովուրդները նորանոր առաջընթացներ և բարգավաճում արձանագրեն»:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խթանման նպատակով խորհրդակցությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ հարցեր:


Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջաններում առկա իրողություններին և զարգացումներին, այս կապակցությամբ երկուստեք շեշտվել է տևական խաղաղության և կայունության հաստատման հրամայականը, ինչպես նաև հակամարտությունները խաղաղ բանակցային ճանապարհով, միջազգային գերակա նորմերի և սկզբունքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:


Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ինչպես Հայաստանի և Սաուդյան Արաբիայի, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական կապերի և համագործակցության զարգացման հնարավորությունների և առկա ներուժի իրականացման ուղիների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմնական սկզբունքների և նպատակների վերաբերյալ:


Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը և ինքն անձամբ, հնարավորինս կաջակցեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված երկկողմ նախաձեռնություններին: