27.11.2024
Հայկական կողմն ունի փորձագիտական օժանդակության կարիք CEPA-ի արդյունավետ կիրարկման հարցում
prev Նախորդ նորություն

Առողջապահության նախարարությունը 2023 թ. իրականացրել է 12 ծրագիր եւ 57 միջոցառում

2023 թվականին նախնական պլանավորված էր իրականացնել 12 ծրագիր եւ 50 միջոցառում, սակայն տարվա ընթացքում ավելացել է 8 միջոցառում, եւ փաստացի իրականացվել է 12 ծրագիր եւ 57 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 146 մլրդ դրամ, սակայն այնուհետեւ փաստացի իրականացվել են 139.5 մլրդ դրամի ծախսեր, ինչը կազմում է ճշտված պլանի նկատմամբ 97.1 տոկոսը:


ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի եւ Ծովինար Վարդանյանի նախագահությամբ մայիսի 30-ին քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել են հաշվետու տարում առողջապահության ոլորտի եկամուտներն ու ծախսերը:


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով նախարարությունը տարվա ընթացքում ծրագրվածից բացի իրականացրել է նաեւ լրացուցիչ աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցման ծրագրերին: «Մինչեւ 2024 թվականը մոտ 60 հազար քաղաքացի կցագրվել է առաջնային օղակում: 2023 թվականին նրանք ստացել են իրենց ընթացիկ բուժօգնությունը, իսկ կարիք լինելու դեպքում, արդեն ուղեգրերով, ստացել հիվանդանոցային բուժօգնություն»,- ասել է նա:


Նշվել է, որ 2023 թվականին ավելացել են 3-րդ կարգի հաշմանդամների եւ ֆունկցիոնալության այս աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար դեղորայքային սպասարկման ծավալները: «Նրանք 50 տոկոս փոխհատուցման փոխարեն սկսեցին օգտվել 100 տոկոս փոխհատուցման սկզբունքից»,- պարզաբանել է Անահիտ Ավանեսյանը:


Մտքերի փոխանակության ընթացքում նախարարը պարզաբանել է, որ 97.1 տոկոս կատարողականի մեջ մտնում է նաեւ կապիտալ ծախսերի կատարողականը, եւ հիմնական թերակատարումները վերաբերում են հենց կապիտալ ծախսերին: «Ընթացիկ ծախսերի մասով ունեցել ենք գերակատարումներ, եւ 2023 թվականի ընթացքում էլ հավելյալ միջոցներ են տրամադրվել, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հավելյալ բուժօգնություն տրամադրենք: Այրվածքներին վերաբերող տողի մեջ մենք շատ մեծ աճ ենք ունեցել, եւ սպասարկումը կատարվել է ամբողջ ծավալով»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:


Նշվել են նաեւ կապիտալ ծախսերի թերակատարման պատճառները:


Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ոլորտի հավելյալ ֆինանսավորմանը, հիվանդանոցներում կուտակված պարտքերի պատճառներին, բուժաշխատողների աշխատավարձերին, ոլորտում իրականացվող քաղաքականությանն ու ծրագրերին, ֆինանսական միջոցների վերաբաշխմանը, անվճար դեղորայք ստացող քաղաքացիների թվերին, շաքարային դիաբետ ունեցող երեխաներին համապատասխան չափիչ սարքերով ապահովելուն եւ այլն: