Կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ մաքսային ոլորտում համաձայնագրի ստորագրմանը
Հայաստանի կառավարության մայիսի 30-ի որոշմամբ հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությունը:
Ինչպես հայտնում են կառավարությունից, համաձայնագրով հիմքեր են ստեղծվում երկու որկրների մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում ակտիվ համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման համար։
Նախագծով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ոլորտների, փաստաթղթաշրջանառության, փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման հիմքերի ու դեպքերի, ինչպես նաև այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի հետ կապված իրավակարգավորումները։
Համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, տեղեկատվության անվտանգ և արագ փոխանակման դյուրացմանն ուղղված ուղիների ստեղծմանը։
«Արդյունքում՝ կկարգավորվեն երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված՝ տեղեկատվության փոխանակման և հարցումների իրականացման ընթացքում ծագող խնդիրները։
Երկու երկրների մաքսային մարմինների միջև փոխադարձ օգնության ցուցաբերումը կնպաստի նաև ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ կիրառմանը՝ համաձայնագրի շրջանակներում նախատեսվող փոխգործակցության արդյունքում ընթացիկ խնդիրների հայտնաբերման, կանխարգելման և կարգավորման համատեքստում», - ասված է հաղորդագրության մեջ։