«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի միակողմանի բնակեցման ապօրինի քաղաքականության իրացման շրջանակներում արած հերթական անհավասարակշիռ հայտարարությունը, որով նա մեղադրում է Հայաստանին ինչ-որ պատերազմական հանցանքների մեջ՝ պահանջելով ընդունել դրանք և անգամ ներողություն խնդրել։
Հայտարարության մեջ նաև նշված է. «Զավեշտալի է, որ նման պահանջ է ներկայացնում մի նախագահ, որի ղեկավարած պետությունն ու առաջնորդած ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում իրականացրել է հետևյալ ցեղասպանական գործողությունները․
Թաթար-հայկական բախումների ժամանակ խաղաղ քաղաքացիական հայ բնակչության կոտորած և թալան երկու տարի շարունակ։
1918 թ․ գարնանը Շամխորի կայարանի շրջանում, Բաքու-Թիֆլիս երկաթուղու երկայնքով տեղակայված կայարաններում, մերձակա շրջանների հայկական բնակավայրերի ջարդ, կողոպուտ, թալան, առևանգումներ։
Նուխիի շրջանի հայության բռնի տեղահանում, կոտորած, կողոպուտ՝ 1918-1919 թթ․։
Արեշի շրջանի հայության բռնի տեղահանում, կոտորած, կողոպուտ՝ 1918-1919 թթ․։
Բաքվի հայության թիրախային կոտորած՝ 1918 թ․ սեպտեմբերի 15-17։
Բաքվում մնացած կամ վերադարձած հայության կյանքի հետ անհամատեղելի պայմանների միտումնավոր հարուցում՝
1918 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր։
Նախիջևանի հայության բռնի տեղահանում՝ 1918-1919 թթ․։
Գարդմանի հայության տեղահանում, կոտորած, թալան՝ 1918-1920 թթ․։
Շուշիի հայության կոտորած՝ 1920 թ․ մարտի 22-26։
Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ շարունակական բռնություններ՝ 1918-1920 թթ․։
Սումգայիթի կոտորած՝ 1988 թ․։
Գանձակի ջարդեր և տեղահանումներ՝ 1988 թ․։
Բաքվի կոտորած՝ 1990 թ․։
Հյուսիսային Արցախի էթնիկ զտում՝ 1991 թ․։
Մարաղայի կոտորած՝ 1992 թ․։
Գուրգեն Մարգարյանի կացնահարում՝ 2004 թ․։
Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացում։
Գարդմանի հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացում։
Շիրվանի, մասնավորապես՝ Բաքվի հայկական հետքի իսպառ ոչնչացում։
Քառօրյա պատերազմի սանձազերծում 2016 թ.։
44-օրյա պատերազմի սանձազերծում 2020 թ․։
Ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից բնակչության բռնի տեղահանում։
Լաչինի միջանցքի շրջափակում և հումանիտար աղետի ստեղծում՝ 2023 թ․ դեկտեմբերի 12։
Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի սանձազերծում՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-20։
Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտում՝ 2023 թ․ սեպտեմբեր։
Լեռնային Ղարաբաղի հայկական ազգային-կրոնական մշակութային միջավայրի ոչնչացում։
Սա ամենահամեստ թվարկումն է միայն այն բոլոր հանցանքների, որ ադրբեջանական տարբեր վարչակարգերը վերջին հարյուրամյակում իրականացրել են հայկական բնակավայրերի և առհասարակ հայ տարրի նկատմամբ։ Անզեն աչքով անգամ տեսանելի է այն հսկայական հակահայկական քաղաքականությունը, որով առաջնորդվել են Ադրբեջանի ապագայի ճարտարապետները։ Դա ցեղասպանությունների, բռնի տեղահանումների, մարդու իրավունքների համակարգային ոտնահարումների և քաղաքական վանդալիզմի համակարգային քաղաքականություն է, որը վերածվել է մարդկության դեմ հանացանքների հավաքական օրինակի։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի քստմնելի ելույթները։ Լավագույն օրինական քայլը, որ կարող էր կատարել Ադրբեջանի նախագահը, հայտարարելն էր, որ իր առաջնորդած պետությունը պատրաստ է կանգնել մարդկության դեմ գործած հանցանքների համար միջազգային դատարանի առաջ և ամենայն պատասխանատվությամբ կրել այդ հանցանքների հետևանքները»։