Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Ֆինլանդիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Հանդիպմանը ներկա է եղել Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անի Մակելայնենը:
Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը` ընդգծելով, որ առկա է փոխգործակցության մեծ ներուժ: Այս համատեքստում կողմերը խոսել են խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:
Հանձնաժողովի նախագահն արժեւորել է Ֆինլանդիայի հետ համագործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:
Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Հայաստանում անվտանգային իրավիճակը, բարձր գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարությունը: Պատգամավորը ներկայացրել է նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների: