Հայ-ֆրանսիական հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են. Միրզոյան
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ երկկողմ գործընկերության, այդ թվում՝ ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են մի շարք առանցքային ոլորտներում, տարբեր մակարդակներում ու ձևաչափերում:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ բարձր մակարդակում քաղաքական երկխոսությանը զուգահեռ իրականացվում են ծրագրեր, որոնք միտված են ընդհանուր առմամբ ՀՀ դիմակայության ամրապնդմանը, ինչպես նաև կոնկրետ ծրագրերի շահառուների համար շոշափելի արդյունքների ապահովմանը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը և Օ-դը Սեն դեպարտամենտի նախագահն անդրադարձել են ապակենտրոնացված համագործակցության ընթացիկ ծրագրերին և հետագա ընդլայնման հեռանկարներին:
Շեշտելով, որ ՀՀ սահմանամերձ մարզերի տնտեսական զարգացումն ու կարողությունների ամրապնդումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Օ-դը-Սեն դեպարտամենտի համագործակցությունը Տավուշի մարզի հետ և Ժորժ Սիֆրեդիի ներդրումն այդ գործում: Արարատ Միրզոյանը նաև ներկայացրել է նախօրեին ՀՀ հյուսիսային շրջաններում, այդ թվում՝ Տավուշի մարզում ջրհեղեղի հետևանքները: