Հայաստանը և Իրանը կշարունակեն հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն ուղղված քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:
Վարչապետը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի և ԱԳ նախարարի հետ շփումներից ունի ջերմ հիշողություններ և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին։
Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի համար այս դժվարին ժամանակահատվածում այցելելու և հարգանքի տուրքի միջոցառմանը մասնակցելու համար:
Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, Խամենեին նաև նշել է․
«Մեր հանգուցյալ նախագահը Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ մեծ զգայունություն ուներ, և այդ զգայունությունն ու ուշադրությունը պետք է շարունակել նկատի առնել։
Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի քաղաքականությունը կշարունակվի պարոն Մոխբերի առաջնորդությամբ։
Իրանի ու Հայաստանի հարաբերությունները հակառակորդներ ունեն, ուստի երկու երկրներին առնչվող հարցերը պետք է մեծ ուշադրությամբ իրագործվեն»։
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն ուղղված քայլերը` ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի: