Վարչապետ. 2017-ին կստեղծվի լավ բազիսային վիճակ, որպեսզի 2018-ից ունենանք ռեգուլյար կայուն աճ
Հայաստան բիզնեսի ներգրավման համար պետք է լինեն հասկանալի, թափանցիկ, վստահելի և կանխատեսելի պայմաններ՝ հարկային, մաքսային, դատական համակարգերում, օրենսդրական դաշտում: Այս մասին Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Այս պահին դրա համար ո՞ւնենք իդեալական միջավայր, իհարկե՝ ոչ: Մենք ունենք ծրագիր, թե քայլ առ քայլ ինչպես ենք գնալու: Ավելին, օրերս ստեղծել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, սփյուռքից, որի շրջանակում ձևավորելու ենք մեր ռազմավարությունը, տեսլականը, բարեփոխումները, թե ուր ենք գնալու: Եվ կենտրոնի հիմնական ուղղություններից մեկը լինելու է բիզնես միջավայրը փոխելը: Այստեղ որևէ հեծանիվ հորինել պետք չէ, ընդամենը պետք է ապահովենք այն պայմանները, որ բիզնեսը ծաղկի: Երջանիկ երկրների վարկանիշներում եղել են այնպիսի պետություններ, որտեղ գործարարը, աշխատող, ստեղծագործող մարդն իրեն լավ է զգում, ոչ թե այն երկրները, որոնք ունեն նավթ, գազ կամ այլ բնական պաշարներ: Անելու ենք այնպես, որ ներդրումները գան մեր երկիր»,- շեշտել է վարչապետը:
Կարապետյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթ ներկայացվելու են տարբեր ոլորտներում ակնկալվող ներդրումային ծրագրերը:
«Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր պատասխաններ են լինելու, բաժանումը կատարվելու է ըստ ոլորտների, որտեղ լինելու է նաև մշակույթը: Առաջին անգամ մշակույթի նախարարը հայտարարել է, որ մեր մշակույթը պետք է ևս կապիտալիզացնել: Այդ առումով, մենք գիտենք ինչպես ենք գնալու առաջ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Ուսանողները հետաքրքրվել են վարչապետից՝ ի՞նչպիսի տարի է ակնկալում և հետագայում ի՞նչ ծրագրեր կան.
«2017 թվականը ես տեսնում եմ որպես ախտորոշման, կառավարության մեխանիզմների հստակեցման, կայունացման փուլ, ինչի պարագայում կստեղծենք լավ բազիսային վիճակ, որպեսզի 2018 թվականից սկսած ունենանք ռեգուլյար կայուն աճ: Երբ գույքագրում ենք, փոխում կառավարման որոշակի գործողություններ, ծախսերի կրճատումներ ենք անում, այդ տարվա ընթացքում սպասել շատ կտրուկ աճ՝ բավականին բարդ է»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Կոռուպցիայի դեմ պայքարում գործադիրի ղեկավարը կարևորել է միջավայրի փոփոխությունը և նշել, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է լայնածավալ աշխատանք: «Մեր քայլերի փիլիսոփայությունը հետևյալն է՝ մաքսիմալ փոխել միջավայրը, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն: Համոզված եմ, որ ստեղծելով հակակառուպցիոն հերթական կառույցը՝ կոռուպցիան չի նվազի, եթե այդ միջավայրը չփոխվի»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ նոր կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում ընդունված որոշումների 9 տոկոսը եղել է հակակոռուպցիոն, իսկ 10 տոկոսը՝ բիզնես միջավայրի բարելավման վերաբերյալ: «Այդպես էլ աշխատելու ենք՝ պարբերաբար նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է գործադիրի ղեկավարը: