Երևանում արդեն մի քանի օր է՝ տեղի են ունենում "Սրբազան պայքար" խորագրով հակակառավարական զանգվածային հանրահավաքներ, որոնք Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ ղեկավարում է եկեղեցին: Գլխավոր պահանջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիր շարժումը մտադիր է հասնել այդ նպատակին ամբողջ երկրում քաղաքացիական անհնազանդության անժամկետ ակցիաներ իրականացնելով։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր կողմնակիցներին հորդորում է պատրաստվել երկարատև պայքարի:
Այն մասին, թե ինչի՞ կարող է հանգեցնել եկեղեցի-իշխանություն հակասությունների հետագա սրումը, ինչպե՞ս է դրան արձագանքում հասարակությունը, VERELQ-ը զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ:
Պարոն Աթանսյան, ասացեք, խնդրեմ, Հայ առաքելական եկեղեցի-քաղաքական իշխանությունը կոնֆլիկտի սրության խորքային պատճառները որո՞նք են: Ինչո՞ւ են դրանք գնալով էլ ավելի սրվում:
Կոնֆլիկտը սովորաբար երկու կամ ավելի կողմերի միջև շահերի բախումն է, որը կողմերի համար օրակարգային է: Այս դեպքում կոնֆլիկտ չէ, այլ եկեղեցու հանդեպ իշխանությունների գործողությունների հետևանքով եկեղեցու պատասխան գործողություններն են: Կոնֆլիկտը սովորաբար կողմերի միջև շահերի անհամատեղելիության բախման խնդիր է: Եկեղեցին միշտ եղել է պետության կողքին, պետության հետ, պետության փոխարեն նաև, երբ պետություն չի եղել: Եվ հիմա պետությունը է որոշել, որ մեզ եկեղեցի, որպես սուբյեկտ, առհասարակ, պետք է չէ:
Ես կարծում եմ, որ սա նաև պայմանավորված էր նրանով, որ երկու սոցիալական ինստիտուտների՝ բանակի և Հայ առաքելական եկեղեցու վարկանիշը միշտ եղել է ավելի բարձր, քան իշխանության մարմինների վարկանիշը: Այժմ էլ Հայ առաքելական եկեղեցու վարկանիշը բարձր է:
Մրցակցության տեսանկյունից իշխանությունը փորձում է կայանալ հեռացնելով մյուս սուբյեկտներին խաղի դաշտից, անգամ եթե իրենք խաղի մեջ չեն, բայց կարող էին պոտենցիալ սպառնալիք հանդիսանալ: Եվ այդ հարձակումները պատահական չսկսեցին: Դա գիտեն բոլորը, անպայման չէ փորձագետ լինես, որ իմանաս այդ մասին, դրան կարելի էր հետևել, ոտնձգություններ կաթողիկոսի նկատմամբ, եկեղեցին անվանել որպես մոմ վաճառող կառույց, տարբեր աղանդավորական շարժումների խթանումն ու տարածումը Հայաստանում:
Եթե պետականությունը խախտվում է, իսկ մենք դա տեսնում ենք սահմանների քանդման օրինակով, եկեղեցին, որպես պետականության հենասյուներից մեկը, որն ամենահինն է Հայաստանում և ամենանվիրյալը, չի կարող չարձագանքել: Այն ունի իր մեջ հայապահպան ֆունկցիա: Սա պատահական չէ, որ այդ ֆունկցիան կիրառվեց սահմանամերձ Տավուշի մարզից, որովհետև այդտեղ է, որ սահմանը խարխլվում է: Եկեղեցին ունենալով դարավոր պատմություն և պատմական հիշողություն գիտի, թե ոնց է սկսվում պետականության կորուստը: Իսկ սկսվում է հենց այդպես՝ մարզերի կորստից, որից հետո թշնամին մոտենում է մայրաքաղաքին: Եթե այս իշխանությունները չունենալով որևէ պատմական հիշողություն, նաև մասնագիտական կարողություն, չեն տեսնում, կամ տեսնում են և միտումնավոր են ուղղորդում այդ պրոցեսը, ապա եկեղեցին կանխարգելող ֆունկցիա ունի և փորձում է կանխել հետագա զարգացումները:
Ինչո՞ւ ամեն դեպքում եկեղեցու առաջնորդած շարժումը չի այն մասսայականությունը, որը կկարողանար է լուրջ մարտահրավեր նետել իշխանությանը:
Այս շարժումը նոր թափ հավաքելու պրոցեսում է, չի նշանակում, որ այն հաստատ չի մարելու, կամ հաստատ կդառնա մասսայական: Դրան ուղղված ջանքեր են պետք: Մյուս կողմից չմոռանանք, որ մեր հասարակությունը հիասթափված հասարակություն է և տրավմատիկ, այն իմաստով, որ մենք կորուստներ ունենք, և կորուստ կրած մարդը պատրաստ չէ իր վշտի հաջորդ օրը դուրս գալ և ակտիվորեն գործել: Մեր բնակչության 60 %-ը պասիվ ապաքաղաքականացված է հայտնի իրադրության հետևանքով, հիասթափված է թավշյա հեղափոխության հետևանքներով, մեծ կորուստներ է կրել արցախյան պատերազմում և դրանից հետո, և նրանք այս պահին քաղաքականությանը չեն արձագանքում:
Այս շարժման խնդիրը դրա մեջ է, վստահություն ներշնչել հենց այդ մարդկանց, և ոչ թե իշխանական փոքրամասնությանը փորձել քաշել դեպի ընդդիմություն: Այ հենց այն 60%-ի կեսին էլ ակտիվացնելով շարժումը կարող է դառնալ համապարփակ և իրապես ավելի մեծ արդյունքներ ունենալ:
Սա շարժման ղեկավարների խնդիրն է այսօր՝ վերադարձնել մարդկանց դեպի քրիստոնեական արժեքներ, դեպի հայապահպան ֆունկցիա, դեպի հայրենասիրություն:
Մինչև ո՞ւր կարող են խորանալ իշխանություն-եկեղեցի տարաձայնությունները և ի՞նչ հետևանքներով են հղի դրանք:
Եկեղեցու հետ տարաձայնություն ունենալ չէր կարելի, սա անգրագիտության, լկտիության հետևանք էր, ամենաբարձր արժեքների դեմ էր: Երբ իշխանավորները հոգեվորականներին դիմում են անուն ազգանունով, դրանով նրանք մոռացության են տալիս, որ իրենք հայ են, քրիստոնյա են: Չնայած իրենք իրենց քրիստոնյա են անվանում, կոտրվում է ամբողջ ավանդույթը և եկեղեցու, հոգեվոր արժեքների տեղն ու դերը մեր կեցության և կեցվածքի մեջ, դրան հակադրվելու է ամբողջ ազգը: Ես չեմ կարծում, որ քաղաքական խնդիրներն ավելի իրատեսական են այսօր, որոնք որ դրել է եկեղեցին իր առաջ՝ ի դեմս այս շարժման առաջնորդների, քաղաքական խնդիրնեը շատ ավելի բարդ են, և առանց արտաքին և ներքին միասնական ջանքերի դժվար թե կարելի է դրանց լուծումը տալ հայանպաստ իմաստով, բայց եկեղեցու վարկանիշի պահպանումը, որը բարձր է, հոգևորականների տեղի և դերի ընդլայնունը այս կյանքում, մեր հասարակության մեջ անհրաժեշտություն է: Հասարակության ինքնամաքրումը, միավորումը շատ իրատեսական նպատակներ են, որոնց հուսամ այս շարժումը կհասնի:
Եթե այս շարժումը հաջողություն չունենա, արդյոք կարո՞ղ ենք խոսել եկեղեցու հեղինակության թուլացման մասին: Կարո՞ղ է այն որպես ինստիտուտ վերահսկվել իշխանության կողմից:
Եկեղեցին հնարավոր չէ վերահսկել, այն միջնորդ է հավատքի և մարդու միջև, և այդ հավատքը չի կորելու ոչ մի դեպքում, այն պարզապես կարող է միջնորդավորվածության միջոցով ունենալ այլ տիպի կապող օղակներ: Իշխանությունները փոփոխվող են, և փոփոխվողները չեն կարող հավերժին ոչնչացնել: Եկեղեցու դեմ պայքարում իշխանությունն ինքնասպան է լինում: Իշխանությունների վարկանիշն էլ ավելի կընկնի: Դուրս գալով եկեղեցու դեմ իշխանությունը դուրս գա հայ մարդու դեմ, օրինակ սփյուռքին ամբողջությամբ կկորցնի այս իշխանությունը և առանց սփյուռքի չի կարող որևէ խնդիր լուծել: Բայց եթե չի ցանկանում խնդիր լուծել, ապա այդ խնդիրների ծանրության տակ կփլուզվի: