25.11.2024
Եկեղեցու դեմ պայքարում իշխանությունն ինքնասպան է լինում. փորձագետ (հարցազրույց)
prev Նախորդ նորություն

Բագրատ սրբազանը սեփական խաղն է տանում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քաղաքական դաշտը դիսկոմֆորտի մեջ է, մինչ այս պահը Բագրատ սրբազանը սեփական խաղն է առաջ տանում, չնայած նրա հետ հանդիպում եւ փորձում են իրենց աջակցությունն ու առաջարկները ներկայացնել քաղաքական ամենատարբեր ուժեր: Նա միայն լսում է ու փոխանցում, որ կքննարկեն շարժման նախաձեռնողներով։ «Տավուշը հանուն հայրենիքի» ակտիվից բացի, նա որոշակի տեղ է տալիս Աբրահամ Գասպարյանին, Ավետիք Չալաբյանին, իսկ տիտղոսակիր ընդդիմադիրներին պահում է ստվերում։ Ի դեպ, նրանք էլ են փորձում չմիջամտել՝ չվնասելու սկզբունքով: Օրինակ, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները: Ի դեպ, Սերժ Սարգսյանը մեկ շաբաթից ավելի երկրում չէ` Գերմանիայում է, վերադառնալու է վաղը։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական պատգամավորներն աղոթում են, որ մինչ այդ շարժումն իսկապես մարի, ինչպես իրենք են ամեն օր հայտարարում` աղոթքի նման։ ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ սրբազանն այդ օրերին կարող է մարդկանց խորհրդարանի շենքը պաշարելու կոչ անել, եւ եթե հնարավոր լինի ապահովել մեծ բազմություն, ապա իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին։ Ի դեպ, նախօրեին, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Սարգսյանը եւ Գառնիկ Դանիելյանը որոշել են սրբազանին խորհրդարան հրավիրել եւ անցագիր են իջեցրել, ԱԺ-ում ներկա ՔՊ-ական պատգամավորների շրջանում իսկական խառնաշփոթ ու աժիոտաժ է սկսվել: Մտածել են, որ սրբազանը կշրջի շենքում` ինչ անել, որ հանկարծ չհանդիպեն նրան։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝ հայ-ադրբեջանական կողմերը մինչեւ մայիսի 15-ը պետք է ստորագրեն սահմանազատման-սահմանագծման արձանագրությունը։ «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) - Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) - Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) - Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) - Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է՝ հաշվի առնելով գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձեւակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կստորագրվի մինչեւ 2024թ. մայիսի 15-ը»,- նշված է սահմանազատման հանձնաժողովի հայտարարության մեջ։


Տավուշում սահմանազատման գործընթացը սառեցվեց նախորդ շաբաթ, երբ շարժումը Երեւան տեղափոխելու որոշում կայացվեց, այս օրերին վերսկսվել է։ Իշխանությունը «զադնի դրեց» ժամանակավորապես՝ հուսալով, որ կկասեցնեն շարժումը։ Միայն Կիրանցի դաշտավայրային մասերում սահմանային սյուներ դրեցին, մինչդեռ Փաշինյանը կիրանցեցիների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ գյուղը կիսվելու է, կամուրջն անցնելու է ադրբեջանցիներին։ Կիրանցից մեզ ասացին, որ մնացել է 3 սյուն տեղադրել: Այսօր պարզ կդառնա՝ իշխանություններն ինչ են որոշել` ստորագրո՞ւմ են արձանագրությունը` առանց գյուղը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում՝ կամրջից սկսած՝ կիսելով գյուղը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման առաջին իսկ օրվանից իշխանությունն ամբողջ ռեսուրսներով լծվել է շարժման անդամների, մասնավորապես՝ Բագրատ Սրբազանի հասցեին տարատեսակ սուտ տեղեկություններ տարածելու գործին: Մեկ ասացին, թե կուսակրոն քահանա Բագրատ արքեպիսկոպոսի երկու որդիները չեն ծառայել բանակում, այն դեպքում, երբ նա որդիներ չունի: Օրերս էլ ՔՊ-ի կողմից հրապարակ նետվեց տեղեկություն` Բագրատ արքեպիսկոպս Գալստանյանը Lexus LX 570 մեքենա է վարում, որի շուկայական արժեքը տատանվում է 40 հազարից 65 հազար դոլարի միջեւ:


«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տավուշի թեմի լրատվության պատասխանատու Լիդիա Մանթաշյանը, պատասխանելով հարցին, թե ինչ ավտոմեքենա է վարում Սրբազանը եւ ինչ միջոցներով է գնել, ասաց. «Դա 2008 թվականի մեքենա է, այնպես չէ, թե նոր, թարմ ավտոմեքենա է: Բագրատ Սրբազանը՝ որպես Տավուշի թեմի առաջնորդ, մշտապես իր խնամքի տակ է պահել դիրքերը պահող տղաներին եւ զորամասը: Նոր տարուն նույնիսկ մշտապես բարձրանում էր դիրքեր, զորամասեր ու տղաների հետ էր նշում Ամանորը: Եվ տարիներ առաջ՝ 2017 թվականին, երբ Բագրատ Գալստանյանը Կարո Առաքելյանի հետ հերթական անգամ գնացել է զինվորների Զատկի տոնը շնորհավորելու, դրանից հետո, Կարո Առաքելյանը Սրբազանին մեքենա է նվիրել»: Ավելին՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Բագրատ Սրբազանն առհասարակ Հայաստանում տուն կամ այլ անշարժ գույք չունի: Մեզ հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդարանից ասացին, որ Բագրատ Սրբազանը Մայր աթոռում իր համար հատկացված կացարան ունի, որտեղ բնակվում է. իսկ այս օրերին Երեւանում վագոն-տնակում կամ հյուրանոցում է գիշերում»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, տապալվել է: Նա, մեղմ ասած, անհարմար իրավիճակում է հայտնվել՝ ԱՄՆ հայ համայնքն ուղղակի բոյկոտել է եւ հրաժարվել է մասնակցել նրա հետ նախատեսվող հանդիպումներին: Համայնքի հետ հարաբերություններն այդպես էլ չկարգավորած դեսպան Լիլիթ Մակունցը ոչինչ անել չի կարողացել՝ փաստացի ձախողել է այցի նախապատրաստական աշխատանքը: Մեր տեղեկություններով, իրավիճակն այնքան ամոթալի է եղել, որ ամերիկահայ համայնքի հետ սկսել են բանակցել ԱՄՆ պետքարտուղարությունից:


Արդյունքում հաջողվել է կազմակերպել ԱՄՆ-ում Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ու Գլենդելի հայազգի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ Խաչատուրյանի հանդիպումը: Իսկ իշխանությունների նկատմամբ քիչ թե շատ լոյալ տրամադրված ամերիկահայերի մի փոքր խմբի հետ նա կարողացել է հանդիպել միայն հյուրանոցում, որտեղ իջեւանել է: Բոյկոտն այնքան տոտալ է եղել, որ նա անգամ հյուրանոցից դուրս գալու հնարավորություն չի ունեցել: ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարները եւս փաստում են, որ Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների, Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի, Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամների ու Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետի հետ հանդիպումներն անցել են նույն վայրում: Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «զավթելու» մտադրություններ վաղուց է որոնում։ Սա, ըստ երեւույթին, արվում է սեփական թերությունները շտկելու ու կոռուպցիոն վարույթները կարճելու համար։ Ներկայիս իշխանությունը, որը նախկինում ընդդիմություն էր, կաղաղակեր եւ կթմբկահարեր, երբ իշխանական որեւէ պատգամավորի կին կամ ընտանիքի անդամ հայտարարագիր չներկայացներ։ Օրինակ՝ հարցական է, թե ինչ կասեն ԿԿՀ-ն եւ իշխանական թեւը այն փաստի մասին, որ սեփական պատգամավորի կինը արդեն գրեթե 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում։ Այսպիսով՝ Գեղարքունիքի հետհեղափոխական փոխմարզպետ, ապա ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հայտարարագիրը, կարծես, ըստ պահանջի լրացված է, սակայն նույնը չենք ասի կնոջ հայտարարագրի մասին։ Նարեկ Գրիգորյանի կինը՝ Մարիետա Նիկոյանը, 2020-2021 թվականներից հայտարարագիր չի ներկայացրել, չնայած նրան, որ աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում՝ որպես առաջատար մասնագետ։ Սա դեռ ամենը չէ. մինչեւ հունիսի 22-ը հայտարարագիր ներկայացնելու ժամանակ կա, սակայն, այս արձանագրմամբ, Գրիգորյանի կինը դժվար թե հայտարարագիր ներկայացնի։


Սա էլ այն կոռուպցիան է, որը փորձում է թաքցնել իշխանությունը, սակայն, «ցավոք», լրատվական համայնքը նման հարցերը ծածուկ չի թողնի։ Փորձեցինք Նարեկ Գրիգորյանից մեկնաբանություն ստանալ՝ ո՞րն է պատճառը, որ կինը տարիներ շարունակ հայտարարագիր չի ներկայացրել։ Մեր զանգերը մնացին անպատասխան. համարն անհասանելի էր, ինչպես այս օրերին գրեթե բոլոր ՔՊ-ական պատգամավորների դեպքում է»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել եւ հայտնել, որ նրանք կարող են դառնալ ԲԴԽ դատավոր անդամ։ Այս հանգամանքը առաջին ատյանի տղամարդ դատավորների շրջանում մեծ դժգոհության պատճառ է դարձել, թե այդ մասին ԲԴԽ-ն պետք է ծանուցեր նաեւ իրենց՝ տղամարդ դատավորներին. ինչու է խտրական վերաբերմունք դրսեւորել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԲԴԽ, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Դատական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր ծանուցումներն արվել են օրենքով սահմանված ընթացակարգերով»։ Այսինքն՝ խտրական վրաբերմունքի մասով որեւէ պատասխան չկա: Ի դեպ, դատական համակարգում լուրեր կան, որ, միգուցե, բոլոր կին դատավորները ինքնաբացարկ հայտնեն։ Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի պաշտոնից՝ մնալով միայն դատավոր»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է։ ՀՀ Հակակառուպցիոն դատարանը վերջինիս արդեն երրորդ անգամ է հրավիրում հարցաքննության՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Նշենք, որ այդ գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։ Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ»։