ԱՄՆ դեսպանը հանդիպեց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր հանդիպեց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին՝ լսելու և քննարկելու երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Դեսպանն ընդգծեց ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը Ալմա Աթայի հռչակագիրը սահմանների դելիմիտացիայի համար որպես հիմք ընդունելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում է ArmLur-ը, ընդդիմադիր պատգամավորները դեսպանի հետ զրույցում հայտնել են իրենց մտահոգությունները Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ազատությունների կտրուկ նահանջի մասին, շեշտադրել են ոստիկանական բռնությունների աճը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու դեպքերը: Ընդգծել են դատական համակարգը ամբողջությամբ գործադիրի վերահսկողության տակ վերցնելու անթուլատրելիությունը: