28.11.2024
Կառավարությունը մարզերին կհատկացնի 1,1 մլրդ դրամ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
prev Նախորդ նորություն

Շարժումը վերածվել է համահայկական շարժման. Վիտալի Բալասանյանը ևս միացավ Բագրատ սրբազանին

«Պահեստազորի սպաների շարժում»-ը, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների շարժում-ը, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն, «Սիսական» ջոկատ-ը, «Ձայն Հայրենյաց» մտավորականների նախաձեռնությունը, Վիտալի Բալասանյանի գրասենյակը, «Վերադարձ» հիմնադրամն ու «Ազգային գվարդիա»-ն միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։


««Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վերածվել է համահայկական շարժման:

Այն վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթ:

Իշխող քաղաքական ուժը, առանց քննարկումների և ժողովրդի կամքը հաշվի առնելու, իրավասու չէ համազգային խնդիրներն այս կերպ լուծելու:

Հայաստանը բոլորիս հայրենիքն է, հետևաբար պատասխանատու ենք բոլորս:

Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը:

Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես հայրենիքի զինվորներ, հայտարարում ենք, որ ոչ միայն սատարում ենք «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, այլև կանգնում ենք շարժման շարքերում:

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, հատկապես ծառայակից գործընկերներին, մայիսի 9-ին, հանուն Հայրենիքի փրկության, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում և դառնալ համազգային շարժման մասնակիցը:

Հայաստանի ուժային կառույցներից պահանջում ենք ողջամիտ լինել, ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հիշել, որ շարժումն առաջնորդում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հանձինս՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի:

Միաժամանակ պահանջում ենք ՀՀ իշխանություններից և ուժային կառույցներից՝ զերծ մնալ բռնություններից և չօգտագործել ճնշման գործելաոճ:

Մի՛ գնացեք հանցավոր հրամանների կատարման ճանապարհով:

Սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է:

Միասնական ուժերով փրկենք երկիրը ու կերտենք մեր ապագան»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ հայտարարությունը բաց է բոլոր միացողների համար. կարող են միանալ և՛ անհատները, և՛ կազմակերպությունները: