28.11.2024
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը. Վազգեն Մանուկյան
prev Նախորդ նորություն

Թույլ չենք տալու, որ Հայաստանը կորցնի անկախությունը. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիրներին ու փոփոխություններին, դատական համակարգի անկախությանը, կրկնակի ստանդարտների կիրարկման անթույլատրելիությանը, ատելության խոսքի դեմ պայքարի համապարփակ մոտեցման սկզբունքներին:


Քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել խմբակցությունների ներկայացուցիչները:


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը` նշելով, որ ցանկալի կլիներ վիճակագրական տվյալներից բացի հաղորդման մեջ տեղ գտներ նաեւ վերլուծության բաղադրիչը: Նա անդրադարձել է նաեւ սահմանազատման խնդրին` նշելով, որ մինչ օրս չի ներկայացվել, թե ինչ փաստաթղթերի հիման վրա է կատարվում սահմանազատման գործընթացը:


ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշել է, որ ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է, որ Հայաստանը ներքաշվի պատերազմի մեջ, ստեղծվի մի իրավիճակ, որպեսզի կարողանան Հայաստանի Հանրապետությունում իշխանափախություն իրականացնել: «Ընդհանրապես, իշխանափոխություն իրականացնելու համար, կարծում եմ, որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել, որոշներն էլ արդեն վաճառել են եւ ոչ միայն հոգիները, այլ նաեւ` ինչ-որ հնարավոր է վաճառել: Զարմանում եմ, որ մտածում եք` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերից հետո չի հասկացել ու չի հասկանում` ի՞նչ է տեղի ունենում, ո՞ր ուժերն են ուղղորդվում, ո՞ր ուժերն են ուղղորդում, ինչի՞ համար են ուղղորդում... Նպատակը Հայաստանի Հանրապետություն չունենալն է, կամ ունենալ մի միավոր որեւիցե կազմի, ասենք` Ռուսաստան-Բելառուս կազմի մեջ, որը կունենա հպատակ իշխանություն, ինչպես եղել է 30 տարի»,- ասել է Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով կեղծվող ընտրություններին, բանակի թալանին, պաշտոնակռվին, սնանկությանը:


Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ թույլ չեն տալու, որ Հայաստանը կորցնի անկախությունը: «Հայաստանն ունի եւ ունենալու է իր հստակ սահմանները, Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է իր ընտրությունը կատարելու»,- նշել է Ազգային ժողովի նախագահը:


Եզրափակիչ ելույթում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին` խոսելով ատելության խոսքի, բռնության կոչի, խուլգիանության, անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ հարցադրումների, արտաքին անվտանգային հարցերի, հանցավորության, բռնության դեպքերի աճի մասին:


«Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ ուզում եք մեր հայրենքը տեսնել անվտանգ, բայց արդյո՞ք հնարավոր է լուծել անվտանգային հարցերը երկրի ներսում, եթե մենք անընդհատ միմյանց հետ խոսում ենք ատելության խոսքով: Պատասխանը միանշանակ է` ոչ»,- նշել է Աննա Վարդապետյանը` հավելելով, որ նույն իրավիճակի հետ բախվում է իրավապահ համակարգում: Նա ընդգծել է, որ հանրային տիրույթում չեն ներքաշվելու որեւէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման, իրավական համակարգին թույլ չի տրվելու ներքաշվելու որեւէ քաղաքական դիսկուրսի մեջ:


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` ՀՀ դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդումն ընդունվել է ի գիտություն:


Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: