28.11.2024
Հայաստանում կստեղծվի ոստիկանության գվարդիա. կառավարությունը հավանություն տվեց օրինագծին
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 2-ի նիստում, արձագանքելով ոստիկանության գվարդիա ձևավորելու մասին օրենսդրական նախաձեռնությանը, նշել է՝ նախագիծը ոստիկանական բարեփոխումների հերթական, շատ կարևոր փաթեթն է:


«Ոլորտում գլխապտույտ արագություններ չենք զարգացնում, բայց մյուս կողմից շատ հետևողական ենք: Սա ճիշտ մոտեցում է, որովհետև երբեմն, արագությունը զարգացնելով, նաև կարող ենք շատ նրբություններ բաց թողնել:


Կարծում եմ՝ մենք իսկապես ունենք պատշաճ և ամբողջական նախագիծ ոստիկանության նոր համակարգ ձևավորելու, որը համապատասխան է մեր պետական կարգին, ժողովրդավարության մեր ձգտումներին:


Եվ, իհարկե, այստեղ էլ ստանդարտիզիացիան չափազանց կարևոր է:


Ոստիկանությունը ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա այդ իրավունքը՝ ոստիկանությունն ընդհանրապես, որպես ծառայություն, կդառնա անիմաստ:


Այլ բան, որ մենք պետք է ունենանք շատ հստակ ստանդարտներ:


Ընդ որում, սա կարևոր է և՛ քաղաքացուն, և՛ ոստիկանին պաշտպանելու համար:


Ոստիկանն իր ծառայության բերումով պետությանը և հանրությանը ծառայություն է մատուցում, և պետք է իր ծառայության ստանդարտն ուսուցանենք առաջին հերթին իրեն, որպեսզի ինքը հանկարծ չիմացության բերումով այդ սահմանգիծը չանցնի՝ վնասելով և՛ քաղաքացու շահերը, և՛ իր շահերը, որովհետև դրանից հետո պետք է առաջ գա պատասխանատվություն:


Սա շատ կարևոր և նուրբ աշխատանք է, և ես հույս ունեմ, որ մենք այն կիրականացնենք:


Այստեղ միայն օրենքի խնդիրը չէ, օրենքը, ստանդարտը, ուսուցումը, բայց պրակտիկան, միևնույն է, ամենակարևորն է:


Եվ հույս ունեմ, որ ՀՀ կառավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, մեր խորհրդարանական գործընկերները, հենց բուն ոստիկանության ծառայողները, քաղաքացիական հասարակությունը շատ սերտ կհամագործակցեն, որպեսզի այդ ստանդարտները ներդրվեն, դրանք լինեն կիրառելի, համարվեն արդար և իսկապես, առաջին հերթին պահպանեն հանրության և պետության շահերը և որևէ կերպ չվնասեն մարդու իրավունքներին»,-ասել է գործադիրի ղեկավարը: