23.11.2024
Նախարարը մասնակցել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի խմբի ատեստավորման գործընթացին
prev Նախորդ նորություն

Սիմոնյանն ու Տոկաևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով Ղազախստանի նախագահին Ազգային ժողովում, համերաշխություն է հայտնել բարեկամ ղազախ ժողովրդին ջրհեղեղի արհավիրքի դեմ պայքարում:

«Պարո՛ն նախագահ, Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարեւոր քայլ է մեր երկու երկրների միջեւ փոխշահավետ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար: Կցանկանայի նշել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում՝ հատկապես ընդգծելով համագործակցությունը միջխորհրդարանական հարթակներում»,- ասել է ԱԺ նախագահը:

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ 25-ամյա բարեկամության ու համագործակցության պայմանագրի վրա հիմնված հարաբերությունները՝ ընդգծելով տնտեսական, քաղաքական եւ մշակութային ոլորտները: Ղազախստանի նախագահը կարեւորել է խորհրդարանների միջեւ ակտիվ փոխգործակցությունը՝ ընդգծելով խորհրդարանի դերը հայ-ղազախական համաձայնագրերի վավերացման գործընթացում:

Ալեն Սիմոնյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ կարեւորելով Ղազախստանի աջակցությունն ու մասնակցությունը ծրագրի իրականացման հարցում:

««Խաղաղության խաչմերուկն» առանցքային դերակատարում ունի Հարավային Կովկասում անվտանգության հաստատման, ինչպես նաեւ տարածաշրջանի բոլոր երկրների համար առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցում»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայ-ղազախական երկկողմ եւ բազմակողմ առեւտրատնտեսական, մշակութային ու քաղաքական փոխգործակցության սերտացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը եւ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այցելել են Մատենադարան, որտեղ Ղազախստանի նախագահին են ներկայացվել թանգարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը:

«Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերը միջմշակութային համագործակցության խորհրդանիշներ են եւ հիշեցնում են մեզ երկարամյա կապերի մասին, որոնք գոյություն են ունեցել տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս»,- նշել է ԱԺ նախագահը: