ԼՂ հարցը օգտագործվել է որպես մեր վզին «պավադոկ». Նիկոլ Փաշինյան
Մեր զինվորները զոհվել են հանուն Հայաստանի պետականության, անկախության և ինքնիշխանության: Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի կառավարության ծրագրի կատարողականը հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիմնավորեց այդ բացատրությունը.
«1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո ԼՂ հարց գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել ՀՀ հարց այն իմաստով, որ ԼՂ հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունը այլևս պատրաստ է եղել ու անփոփոխելի արձանագրմամբ՝ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Ահա այս արձանագրումից խուսափելու և անորոշ ու սին հույսեր տալով որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ, «պավադոկ» հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար»,- հայտարարեց նա։
Այն բանակցային հնարավորությունները, շարունակեց Փաշինյանը, որ 2016 թվականից ի վեր առկա էին ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծման, այլ Հայաստանի Հանրապետությանը հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որպեսզի Հայաստանի առանց այն էլ կաշկանդված գործողությունները, որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն։ Բայց, շեշտեց Փաշինյանը, իրենք չգնացին այդ ճանապարհով.
"Ձեզ հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշում կայացվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով և 44-օրյա պատերազմը մեկնարկեց",- հավելեց նա։