2016-2024թթ ընթացքում ՀՀ -ի դեմ հարուցվել է 8 միջազգային արբիտրաժային գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:
Նույն աղբյորի փոխանցմամբ` արբիտրաժային վճիռ կայացվել է 2 գործով, երկուսն էլ՝ հօգուտ ՀՀ-ի, սակայն հետագայում դրանք վիճարկվել են ու չեղարկվել:
«Նշված գործերից մեկը մասնակի և հայցվորներից մեկի մասով չեղյալ է ճանաչվել, իսկ երկրորդ արբիտրաժային վճռի վերաբերյալ առկա է ընթացիկ չեղարկման վարույթ։ Գործերից մեկով հայցվորը հրաժարվել է հայցից և գործի քննությունը շարունակել համապատասխան ներպետական դատարանում»,- հայտնել են գրասենյակից՝ նշելով, որ 5 արբիտրաժային գործերը գտնվում են ընթացքի մեջ։
Սակայն Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից խուսափել են ասել, թե որ միջազգային ներդրողներն են ընդդեմ Հայաստանի արբտրաժային հայցեր ներկայացրել և այդ գործերով գումարային ինչ պահանջ է ներկայացվել ՀՀ կառավարությանը:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ մի շարք խոշոր ընկերություններ հայցեր են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ Դրանց թվում են՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը, «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի» ընկերության բաժնետերերից «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն, ԶՊՄԿ-ի 12.5֊%-ի բաժնետեր հանդիսացող Walnort Finance Limited LLC շվեյցարական ընկերությունն ել արդեն հայտնել է իր այդ մտադրության մասին: Նշված գործերով պարտվելու դեպքում խոսքը լինելու է հարյուրավոր միլիոնների դոլարների փոխհատուցման մասին։
Միջազգային արբիտրաժային գործերի շրջանակներում ՀՀ շահերը ներկայացնելու համար ՀՀ կառավարությունը ներգրավվել է CMS, Steptoe & Johnson, Alliance Law Partners, Baker McKenzie, Lalive, Foley Hoag միջազգային իրավաբանական գրասենյակներին, որոնց վրա կարելի է ասել ատղաբաշխական գումարներ են ծախսվում:
«2019 թվականի սեպտեմբերին Գրասենյակի ստեղծումից ի վեր որոշում է կայացվել չներգրավել տեղական իրավաբանական գրասենյակ՝ հաշվի առնելով, որ, ի թիվս այլնի, ՀՀ իրավական համակարգին առնչվող հայցերի առնչությամբ խորհրդատվություն տրամադրում է Գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչությունը»,- նշել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ ՀՀ շահերը լավագույնս և որակյալ ներկայացնելու համար միջազգային խորհրդատվական ընկերություններին ընտրելիս ներկայացված գնառաջարկին զուգահեռ հաշվի են առնվում հետևյալ առանցքային չափորոշիչները․ «Ընկերության, ինչպես նաև ընկերության իրավախորհրդատուների մասնագիտական փորձառությունը՝ հատկապես պետությունների ներկայացուցչության փորձն այս ոլորտում, որի առնչությամբ վեճը ծագել է, ինչպես նաև առաջարկվող թիմերի անդամների կրթական և մասնագիտական որակավորումները։
Դիտարկվում են նաև հայտ ներկայացրած ընկերությունների դիրքը միջազգային իրավախորհրդատվական գրասենյակների հայտնի վարկանիշային դասակարգումներում, ինչպես նաև գրասենյակների առկայությունը այն երկրներում, որոնք կարևոր են, ի թիվս այլնի, արբիտրաժի վայրի և արբիրաժային վճռի կատարման տեսանկյունից։ Ուշադրություն է դարձվում նաև նախկին գործերով տվյալ ընկերության հետ ունեցած համագործակցության փորձին, հատկապես եթե նոր գործը փոխկապակցվախ է նախկինում ծագած որևէ վեճի հետ, որի շրջանակներում ընկերությունն արդեն ներկայացրել է ՀՀ շահերը։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս գին-որակ հարաբերակցության հաշվառմամբ ձեռք բերել ծառայությունների լավագույն տարբերակը »։