24.11.2024
Երիտասարդության դերը երկրի ու մարզի զարգացման գործում պետք է լինի բարձր. Ղուկասյան
prev Նախորդ նորություն

Այս ցուցադրական վրեժխնդրությունը 2 նպատակ է հետապնդել. Նարեկ Սամսոնյանի ուղերձը

«Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն ուղերձ է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որը ներկայացել է antifake.am կայքում.


«Սիրելի ընկերներ, համախոհներ, մեզանով անհանգիստ հարգարժան մարդիկ,


Ինչպես և սպասվում էր, վախկոտ մանկուրտների իշխանությունը չդիմացավ գայթակղությանն ու մեզ՝ ինձ և Վազգեն Սաղաթելյանին, կալանավորեց։ Կալանավորեց մեդիա գործունեության համար` քաղաքացիական և քաղաքական դիրքորոշման, ազատ խոսքի համար, կալանավորեց կարծիք արտահայտելու և հանրային ճշմարտություն հանդիսացող բաներ ասելու համար։ Այս ամենը սպասելի էր, բայց որքան էլ սպասելի էր, միևնույնն է, սյուրռեալիստական ժանրից էր խոսքը լռեցնելու պատրվակ հանդիսացած հոդվածը՝ խմբակային խուլիգանություն՝ մարդկանց անդորրը խանգարելու պարտադիր բաղադրիչով։ Երկու քննիչ և մի դատախազ որոշել են, որ ժողովրդի դահճին իր իրական անունով կոչելը խանգարել է հանրության անդորրը։


Բնականաբար, թե՛ քննիչները, թե՛ դատախազը, թե՛ երկու դատավորները շատ լավ հասկացել են, որ թե՛ նիկոլն է մեր բնորոշածը, թե՛ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներով է և իրավական աբսուրդի ժանրից է, բայց նրանք կատարել են նիկոլի թելադրածը, արել են այդ կեղտոտ գործն ու այսօր ես և Վազգենը գտնվում ենք «Արմավիր» ՔԿՀ-ում։


Ինչպես տեսնում եք, այս ողորմելի քայլով մեր ձայնը չի լռեցվել, մեր փոդքասթը՝ «Իմնեմնիմի»-ն, մեր ընկերների, համախոհների և մեր ուժեղ թիմի շնորհիվ շարունակվելու է և ամեն թողարկման ընթացքում մեր խոսքը հնչելու է «Իմնեմնիմի»-ի եթերում։ Սա, իհարկե, պարզ էր նաև գերագույն գլխավոր դավաճանին և իր աղետաբեր խմբակին:


Ազատ խոսքի համար մեզ «շառով տալը» և «բեսպրեդելով» ցուցադրական վրեժխնդրություն իրականացնելը նիկոլական ռեժիմի կողմից առնվազն երկու նպատակ է հետապնդել.


Վախեցնել և լռեցնել մնացածին՝ ցույց տալով մեր օրինակը. մարդկանց ավելի լայն զանգվածներին զերծ պահել հանուն սեփական գաղափարի և էկզիստենցիալ կարիքների պայքարից։


Մանրախնդիր վրեժ լուծել Վազգենից, ինձնից և մեր հարազատներից` մեր անազատությամբ նեղություններ պատճառելով, կոտրելու փորձ անելով, իսկ մեր ընկերներին և հարազատներին անհանգստություն ու հոգեկան տառապանքներ պատճառելով:


Իմ խորին համոզմամբ՝ առնվազն այս երկու նպատակն է հետապնդել կապիտուլյանտ սրիկան մեզ բանտարկելով:


Մեր խնդիրը հետևյալն է` խափանել նրա հիմնական նպատակադրումները։


Առաջին նպատակադրման մասին. եթե երկրորդ նպատակադրման պարագայում մեծ դերակատարում ունի մեր անձնական հատկանիշները՝ գիտակցաբար այս ճանապարհն ընտրելը և գիտակից հանրության բացահայտ աջակցությունը, ապա առաջին նպատակադրման պարագայում նիկոլական ռեժիմը հույսը դրել է մարդկային լայն զանգվածներին վախեցնելու վրա: Դա իրագործելի է, եթե հանրային գործիչների շրջանում գեթ մի փոքր հետքայլ նկատվի ռեժիմի կողմից վարվող քաղաքականությանը հակազդելու նարատիվներից կամ գործողություններից։ Նիկոլական ռեժիմն ու նիկոլիզմը առանձին հոդվածի թեմա են (վստահ եմ՝ դեռ ժամանակ կգտնեմ այս մասին գրելու), բայց այսօր արդեն անզեն աչքով տեսանելի է, որ ռեժիմի դեմ պայքարն իր բովանդակությամբ և ձևով անխուսափելիորեն այլ` նոր մակարդակի ջանքեր են պահանջում, քանի որ սրանք իրենց քաղաքական գոյությամբ այլևս սպառնալիք են մեր երկրի լինելիությանը։


Երկրորդ նպատակադրման մասով. մենք ու մեր մերձավորները պատրաստ ենք եղել նման զարգացման և բնականաբար պատկերացրել ենք, որ պայքարի որևէ փուլում հայտնվելու ենք բանտում, քանի որ թշնամական ռեժիմը ռեպրեսիաներից, շանտաժից ու ստից բացի այլ գործիքակազմ չունի սեփական իշխանությունը պահելու համար։ Այս համատեքստում վստահ եմ, որ մեր ընկերների և համակիրների հանրային աջակցությունն անցնող օրերին լուրջ դրական ազդեցություն է ունեցել, ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին։


Հ.Գ. 1. Տեղեկացա, որ շատերին զայրացրել են ինձ բերման ենթարկելու կադրերը։ Սիրելի ընկերներ, բնական է բոլորիդ զայրույթը և պակաս զայրացնող չէ այն ինձ համար, բայց մի սփոփիչ բան ասեմ ձեզ. այդ համազգեստավոր խուլիգանախմբի յուրաքանչյուր անդամ իր պահվածքի համար մոտ ապագայում պատժվելու է` պատժի անխուսափելիության փիլիսոփայության շրջանակներում։ Դա ես իրենց էլ եմ խոստացել և վստահ եմ՝ հեռու չէ օրը, երբ խոստումս կատարելու եմ:


Հ.Գ. 2. Մեր փոդքասթը շարունակվելու է. խնդրում եմ բոլորիդ և հատկապես մեր մշտական համակիրներին սովորականից ակտիվ լինել՝ կիսումներով, մեկնաբանություններով, աջակցություններով և տարածումներով։ Վստահ եմ՝ մի օր մենք նորից կբացենք փոդքասթը մեր տարբերվող «բարի երեկո»-ներով», - գրել է նա: