Ինչպե՞ս դարձնել երիտասարդների ձայնն ավելի լսելի ու որոշիչ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել այդ ուղղությամբ:
Արդեն մի քանի ամիս է, ինչ «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը իրականացնում է մարզային այցելություններ, որոնց նպատակն է վեր հանել երիտասարդների ներուժը, նրանց հետ քննարկել ներքաղաքական և մարզային օրակարգը, որի արդյունքում կծնվեն զարգացման ծրագրեր ու նախագծեր՝ երիտասարդների ակտիվ մասնակցությամբ ու ներգրավմամբ:
Հերթական հանդիպումը երիտասարդների հետ տեղի ունեցավ Աբովյան քաղաքում, ավանդույթի համաձայն՝ քննարկվել է հարցերի լայն շրջանակ:
«Մեզ համար կարևոր է լսել ձեզ, հասկանալ, թե մարզին ու երկրին վերաբերող հարցերի լուծումները ինչպես եք տեսնում դուք»,- ողջունելով ներկաներին ասաց Ղուկասյանը:
Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Կոտայքի մարզի հետ կապված հարցեր, թե ինչպիսի խնդիրներ են տեսնում երիտասարդները ոչ միայն մարզի քաղաքներում՝ Աբովյանում, Հրազդանում, այլև գյուղական համայնքներում: Քննարկվեցին նաև բռնի տեղահանված արցախցիների մարզում բնակվելու և աշխատելու, երիտասարդ արցախցիների կրթության իրավունքի լիարժեք իրացման հարցեր: Հատկապես մարզի հետագա զարգացման հետ կապված երիտասարդները բազմաթիվ խնդիրներ մատնանշեցին, առաջ քաշելով լուծումներ: Կողմերը քննարկեցին դրան ուղղված հնարավոր նախագծերի մշակման հարցեր, դրանք կյանքի կոչման ուղիներն ու տարբերակները:
Արման Ղուկասյանը շեշտեց՝ երիտասարդության դերը երկրի ու մարզի զարգացման գործում պետք է լինի բարձր, ինչպես նաև պարտադիր.
«Օր օրի մեր երկրում խնդիրներն ավելանում են, բազմաթիվ չլուծված հարցերին գումարվում են նորերը, և դրանց հաղթահարման գործում շատ կարևոր է նաև երիտասարդության դերը ու հատկապես այսօրվա իրողությունների պայմաններում: Կարևոր է, որ երիտասարդությունը լինի շատ ակտիվ, քանի որ այն մեր ներկան ու ապագան է: Երիտասարդները պետք է պարտադիր իրենց դերն ունենան երկրի կայացման ու զարգացման գործում, երկրին վերաբերող բոլոր հարցերում նրանց ձայնը պետք է լինի լսելի: Ի վերջո, եթե երիտասարդը մեր անվտանգությունն է ապահովում՝ սահմանները պահելով, նրա դերը նույքան կարևոր պետք է լինի որոշում կայացնող օղակներում»,- նշեց Արման Ղուկասյանը:
Գործիչը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ նման հանդիպումները լինելու են բոլոր մարզերում, անցյալ ամիս, օրինակ, հանդիպել է Արտաշատի մի խումբ երիտասարդների հետ և հետադարձ կապը ակտիվ պահում է նրանց հետ՝ արդեն իսկ մի շարք առաջարկներ է ստացել նրանցից: Ըստ Ղուկասյանի, այս հանդիպումների արդյունքներով գեներացվելու են տարբեր նախագծեր ու երիտասարդկան ծրագրեր՝ մարզի զարգացման ռազմավարություններ, հայեցակարգեր և այլն:
«Ամենակարևորն այն է, որ մենք երիտասարդության կողմից մեծ հետաքրքրություն ենք տեսնում, ինչպես նաև նախաձեռնողականություն լինել ավելի ակտիվ, ավելի ներգրավված թե՛ մարզային կյանքում, թե՛ հանրապետական մասշտաբի նախագծերում: Այս հանդիպումների արդյունքներով նախատեսում ենք մշակել տարբեր ծրագրեր՝ մշակութային, հումանիտար զարգացման ուղղված և այլն և մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս դրանց աջակցել, ուղորդել և օգնել: Կարևորը երիտասարդների ցանկությունն է լինել ավելի ակտիվ ու ներգրավված, ինչը ես տեսնում եմ»,- շեշտեց Ղուկասյանը:
Հանդիպումը, որին մասնակցել է մի քանի տասնյակ երիտասարդ, տեղի է ունեցել Զարգացման առաջնորդների համաժողով նախագծի շրջանակներում: