Եթե խոսենք Նիկոլ Փաշինյանի ասուլիսի առանցքային թեզերի մասին, ապա առաջին հերթին պետք է ֆիքսել, որ կրկին օգտագործվել է ոչինչ չնշանակող բառերի ու նախադասությունների հեղեղի տակ մանիպուլյատիվ տեղեկատվություն մատուցելու հնարքը։ Սակայն չեմ ուզում հազարերորդ անգամ վերապատմել այն ամենը, ինչ ասվել է և պարզապես ուզում եմ առանձնացնել հիմնական կետերը. այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը.
"1. Հայաստանը հանձնելու է Հայաստանի Տավուշի մարզի ռազմավարական հանգույցները (խոսքը հայ-վրացական միջպետական մայրուղու երկայնքով չորս բնակավայրերի մասին է): Ընդ որում, այդ տարածքները հանձնվելու են այն կարգախոսների ներքո, թե իբր «ԽՍՀՄ քարտեզների համաձայն այդ տարածքները պատկանում են դե յուրե Ադրբեջանին, իսկ դա նշանակում է, որ դրանք Հայաստանի Տավուշի մարզի գյուղեր չեն», ինչն իրականում ուղղակի և անթաքույց ադրբեջանամետ մանիպուլյացիա է։ Դրանով փաստացի Հայաստանի Հանրապետության իշխանությունները ստեղծում են մի իրավիճակ, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնի Հայաստանի և Վրաստանի միջև հիմնական միջպետական ճանապարհը (իսկ այնտեղից՝ դեպի Ռուսաստանի, Եվրոպայի և ծով ելքերը)։
Բացի այդ, քանդվում է Հայաստանի հյուսիսում գործող վերջին արդյունավետ պաշտպանական գիծը։ Այսինքն՝ հայկական իշխանությունն ինքն է պլացդարմ ստեղծում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերին Հայաստանի խորքը հարվածելու համար։
2. Հայկական իշխանությունը ակտիվորեն պատրաստվելու է նոր Սահմանադրության ընդունմանը:
Սակայն իշխանությունը հասկացավ, որ «խաղաղության» փոխարեն հայ ազգային և պետական ինքնությունից հրաժարվելու թեզերը սվիններով են ընդունվել հայ հասարակության կողմից, և այս փուլում իշխանությունը կկենտրոնանա բնակչության զանգվածային քարոզչական մշակման վրա և այս անգամ կառաջարկվի ազգային-պետական գաղափարախոսությունը «եվրոպական հեռանկարով»փոխանակելու տարբերակ։
3. ՀԱՊԿ-ի հետ խզումը և Եվրասիական (ռուսական) վեկտորից առաջանցիկ տարանջատումը այսօրվա դրությամբ առանցքային պայման է հայաստանյան գործող իշխանության եվրոպական և ամերիկյան խաղացողներին աջակցելու համար:
Իսկ եթե հաշվի առնենք, որ այսօր Հայաստանի թավշյա իշխանության միակ հենարանը եվրաամերիկացի կուրատորների աջակցությունն է, ապա իրավիճակն ավելի քան թափանցիկ է դառնում։
Եվ այսպես, ամփոփենք.
Եթե իրավիճակը չփոխվի, ապա շուտով մենք կկանգնենք մի իրավիճակի առջև, երբ Հայաստանի հյուսիսը փաստացի մասամբ կգտնվի թուրք-ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ։
Դրան զուգահեռ, մարդկանց մեջ ագրեսիվորեն ճնշվելու է ազգային ինքնությունը, այդ միջոցով կոտրելով ժողովրդի դիմադրելու կամքը։ Եվ այս ամենը Հայաստանի համար «անվտանգության հովանոցի» առումով ռուսների և իրանցիների ռազմաքաղաքական ազդեցության թուլացման ուղղությամբ հայկական իշխանության քայլերի ուժեղացմանը զուգահեռ։
Այդ քայլերի հրեշավոր հետևանքները Հայաստանի «հպարտ քաղաքացիները» կզգան շատ շուտով։
Մանավանդ վերահաս աղետի նախաշեմին իշխանությունն արդեն նոր «մեղավորներ» է նշանակել, և սա Հայաստանի թավշյա իշխանությունների համար այսօր ամենակարևոր «նվաճումն» է»: