Պետք է միավորել ուժերը և պայքարել հանրային շահի համար, կանգնեցնել այս ավտորիտար ռեժիմը
Ամեն մեկը դուրս է գալիս պայքարելու իր անձնական շահի համար` կոնսերվատորիայի փակման, տրանսպորտի թանկացման, հարկվելու դեմ և այլն։ Ամեն մեկը միայն իր համար, բայց ոչ հանրային շահի, իսկ նման դեպքում չի կարող լինել հաջողություն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է "Հանուն սոցիալական արդարության" կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյանը:
"Չի կարող լինել առանձին-առանձին ճնշում իշխանությունների վրա։ Պետք է միավորել ուժերը և պայքարել հանրային շահի համար, յուրաքանչյուրը բոլորի և բոլորը մեկի համար։ Հանրային շահի ապահովումը կապահովի յուրաքանչյուրի շահը։ Եթե չպայքարենք, ապա այս իշխանությունները կշարունակեն նույն քաղաքացուն քամելու քաղաքականությունը։
Ժողովրդավարության ամբողջ օրինական գործիքակազմը մեր ձեռքերում է և պետք է կանգնեցնել այս ավտորիտար ռեժիմը, որը ժողովրդավարության քողի տակ քամում է ՀՀ քաղաքացուն",- գրել է Ղուկասյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ օրերս լրատվամիջոցներին հայտնի էր դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ: Դրանիցից մեկը վերաբերում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային:
Իսկ երեկ Երևանի ավագանին որոշում կայացրեց թանկացնել տրանսպորտի սակագինը՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ից: