27.11.2024
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի հետ սահմանին իրականացվել են պատժիչ գործողություններ
prev Նախորդ նորություն

Ասիմետիկ պատասխան. Պուտինը չի վտարի ԱՄՆ դիվանագետներին Ռուսաստանից

ԱՄՆ-ից ռուսաստանցի դիվանագետների վտարման եւ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանն ի պատասխան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է երկրից վտարել ամերիկացի դիվանագետներին։ Այդ մասին նշված է պետության ղեկավարի հայտարարությունում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ հայրենիք վերադարձած ռուս դիվանագետներն ամանորյա արձակուրդները կանցկացնեն տանը՝ հարազատների ու մերձավորների շրջանում: նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը խնդիրներ չի ստեղծի ԱՄՆ դիվանագետների համար: «Մենք խնդիրներ չենք ստեղծի ամերիկացի դիվանագետների համար։ Մենք ոչ ոքի չենք վտարի։ Մենք նրանց ընտանիքներին ու երեխաներին չենք արգելի օգտվել ամանորյա արձակուրդների ժամանակ սովորական դարձած հանգստավայրեր», - ասել է նա՝ հավելելով, որ հրավիրում է ԱՄՆ դիվանագետների երեխաներին Կրեմլի տարեմուտի տոնածառի արարողությանը մասնակցելու:

Պուտինը շնորհավերել է ամերիկացի ժողովրդին, ԱՄՆ ընտրված եւ գործող նախագահներին գալիք Նոր տարվա կապակցությամբ եւ ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը իշխանության վերջին շրջանում կայացրել է նման որոշում։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը Պուտինին առաջարկել է երկրից վտարել 35 ամերիկացի դիվանագետի, այնքան, որքան որ ԱՄՆ-ից վտարված ռուս դիվանագետների քանակն է։