ՀՀ-ն ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը. Փաշինյան
Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը մեր բանակի բարեփոխումների, ՀՀ-ի կողմից սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 15-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով հունվարի 28-ի՝ Բանակի օրվա իր հայտարարությունը, այն է՝ ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է:
«ՀՀ-ն ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և սեփական տարածքից դուրս նպատակներ չունի: Սա, ի դեպ, մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, որովհետև կարծում եմ, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար կարևոր կոմպոնենտ է լեգիտիմությունը: ՀՀ-ն պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքների պաշտպանությունը: Նման նպատակ ունենալու մեջ որևէ երկիր որևէ այլ երկրի երբևէ չի կարող մեղադրել»,- ասաց նա:
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին, և վերահաստատեց պայմանավորվածությունների շրջանակում լուծումների գնալու կամքը, այն է՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանագծում և սահմանազատում իրականացնելու՝ ՀՀ-ի պատրաստակամությունը: Վարչապետն ընդգծեց նաև տարածաշրջանի կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքով բացելու՝ Հայաստանի պատրաստակամությունը, որն արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:
«Համոզված եմ, որ այս նախագծի իրագործումը մեր տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացմանը նոր խթան կտա»,- ասաց նա: