Իրանը մեզ համար կարևոր գործընկեր է, որի հետ ունեցած բարեկամական և կառուցողական հարաբերությունները ոչ միայն բարիք են ստեղծում մեր ժողովուրդների համար, այլև լրջագույն գործոն են ողջ տարածաշրջանում կայունություն ու զարգացում ապահովելու համար: Այս մասին Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ելույթում Գրիգորյանը, մասնավորապես, ասել է․
«Ջերմորեն շնորհավորում եմ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ։
Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն՝ հիմնված փոխադարձ վստահության, հարգանքի և անկեղծ բարեկամության վրա:
Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել մեր երկրների միջև ակտիվ երկխոսությունը, ինչը նպաստում է Հայաստան-Իրան փոխգործակցության կայուն զարգացմանը:
Մեր երկրների կառավարությունները դրսևորում են անհրաժեշտ քաղաքական կամք և գործադրում են բոլոր ջանքերը քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և միջպետական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:
Ասվածի վառ ապացույցն է մեր երկկողմ հարաբերությունների հագեցած օրակարգը:
Ողջունում ենք իրանական ընկերությունների հետաքրքրվածությունն ու գործնական ներգրավվածությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը կյանքի կոչելու գործում:
Չափազանց կարևորում ենք նաև Հայաստանի և Իրանի ղեկավարների, ինչպես նաև մեր գործադիր ու օրենսդիր իշխանությունների տարբեր թևերի միջև հաստատված սերտ շփումներն ու կառուցողական համագործակցությունը:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ հաջորդ շաբաթ Իրանի նախագահի տեղակալ հարգարժան Դավուդ Մանզուրի և իմ համանախագահությամբ Թեհրանում կկայանա հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը: Վստահ եմ, որ նիստի շրջանակներում հնարավորություն կունենանք քննարկել առանցքային մի շարք հարցեր, ամփոփել կատարված աշխատանքը, ինչպես նաև նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային նոր ծրագրեր:
Իրանը մեզ համար կարևոր գործընկեր է, որի հետ ունեցած բարեկամական և կառուցողական հարաբերությունները ոչ միայն բարիք են ստեղծում մեր ժողովուրդների համար, այլև լրջագույն գործոն են ողջ տարածաշրջանում կայունություն ու զարգացում ապահովելու համար: Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր կառավարությունը բարձր է գնահատում Իրանի բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ:
Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ բարեկամ Իրանի ժողովրդին:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքեր կգործադրենք մեր բարեկամական հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության»: