25.11.2024
ԶՊՄԿ-ն առաջատարն է. ՊԵԿ-ը հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողներին
prev Նախորդ նորություն

Մեր բազմակողմ հարաբերությունները նոր ձեռքբերումների գործնական փուլ են թևակոխում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.


«Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ:


Անկախության համար պայքար մղած ազգերի ու պետությունների համար Հանրապետության օրը նշանակալից առիթ է՝ վերստին հաստատելու Սահմանադրությամբ ամրագրված արդարության, ինքնիշխանության, հավասարության ու եղբայրության սկզբունքների նկատմամբ ժողովրդի և պետության նվիրվածությունը:


Հնդկաստանի Հանրապետության Սահմանադրությունը ոչ միայն մարմնավորում է հնդկական պատմական ու քաղաքական մշակույթը, այլև ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները գերագույն օրենքում ներդաշնակ համադրելու լավագույն օրինակ է:


Պատահական չէ, որ հայ-հնդկական դարավոր բարեկամության առանցքում Սահմանադրության ու սահմանադրականության գաղափարները ևս մեծ դեր են ունեցել՝ հաշվի առնելով հայ ժողովրդի առաջին Սահմանադրության նախագծումը Հնդկաստանում: Այսօր արդեն հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ մեր՝ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերն ու ժողովուրդների ընդհանուր անցյալը երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում նոր ձեռքբերումների գործնական փուլ են թևակոխում:


Կրկին շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն»: