Նորմալ իշխանության պայմաններում հնարավոր կլիներ օգտվել տարածաշրջանում ծավալվող մրցավազքից
Ադրբեջանից հնչող ու ակնկալվող տարածքային պահանջների և դրանց կոշտացման ֆոնին, տարբեր մակարդակով ու ձևաչափով արձագանքներ են հնչում նաև Բրյուսելից: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
"Բրյուսելի հնչող հայտարարություններով, ըստ էությամբ, զգուշացվում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած փորձ կոշտ հակազդեցություն է ունենալու:
Հասկանալի է, որ այս ամենին աջակցում է նաև ԱՄՆ-ն և ինչ-որ փուլում նաև Վաշինգթոնից կարող են ծանրակշիռ ուղերձներ ուղղվել պաշտոնական Բաքվին (տարբեր դոզաներով պարբերաբար հնչում են):
Հատկանշական է, որ Ադրբեջանի համար որևէ էական հետևանք չեղավ Արցախի դեմ ագրեսիայից ու արցախցիների բռնի տեղահանությունից հետո, առավել ևս` 2021-22 թթ.-ի ընթացքում ՀՀ-ի դեմ իրականացված ադրբեջանական հարձակումներից հետո, որի հետևանքը Հայաստանի տարբեր հատվածների օկուպացումն էր:
Արևմուտքն իր ռազմավարական շահերն իրացնելիս և աշխահաքաղաքական բալանսը փոխելու ճանապարհին փորձում է ցույց տալ, որ քաղաքական սատարումից բացի աստիճանաբար անցում է կատարում նաև անվտանգության բաղադրիչին, ինչն արտահայտվում է Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության կտրուկ ակտիվացմամբ ու դրանից բխող մատակարարումներով:
Նորմալ իշխանության պայմաններում հնարավոր կլիներ օգտվել տարածաշրջանում ծավալվող մրցավազքից և առավելագույն օգուտներ քաղել, սակայն գործող իշխանության պայմաններում, ցանկացած հնարավորություն շատ արագ վերածվում է նոր արկածախնդրության և դիվանագիտական կոլափսի",- գրել է Աբրահամյանը: