25.11.2024
Ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Պուտինը մերժե՞լ է Փաշինյանի առաջարկը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախորդ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Դեռ դեկտեմբերի 25-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Փաշինյանը «հիանալի հնարավորություն կունենան շփվել համաժողովի ընթացքում եւ առաջիկա միջոցառումների շրջանակներում»: Այդպես էլ տեղեկություն չհաղորդվեց՝ կայացե՞լ է արդյոք երկկողմ հանդիպում Փաշինյանի եւ Պուտինի միջեւ, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, որն ասաց, թե նման տեղեկություններ չկան: Մեր ճշտող հարցին, թե լուրեր կան, որ Պուտինը մերժել է Փաշինյանի՝ առանձնազրույցի առաջարկը, եղել է արդյոք առանձնազրույց, թե ոչ, Բաղդասարյանը ասաց. «Ավելացնելու ոչինչ չունեմ»: Իհարկե, մենք ոչ թե վարչապետի խոսնակի տեղեկացվածության մակարդակն էինք փորձում ճշտել, այլ երկու երկրների ղեկավարների առանձին հանդիպման մասին: Այդպես էլ, սակայն, ոչինչ չպարզվեց: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում ոչ պաշտոնական շփումներ էին տեղի ունեցել Փաշինյանի ու Ալիեւի միջեւ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշմամբ Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից, պետնախարար է նշանակվել քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը: Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբորորդին՝ Արթուր Հարությունյանը, վաղուց է ցանկացել ազատվել պաշտոնից: Նա նշանակվել էր Շահրամանյանի՝ նախագահ դառնալու շրջանում՝ անցած սեպտեմբերին։ Հարությունյանը մտադիր էր տեղափոխվել արտերկիր, մասնավորապես՝ Գերմանիա, ասում են՝ ընտանիքի Հայաստան տեղափոխվելուց հետո արդեն իսկ մեկնել է, սակայն նրա պաշտոնանկությունը ձգվել է ՀՀ իշխանությունների խնդրանքով: Ասում են՝ Արթուր Հարությունյանի միջոցով իշխանությունները կարողացել են նաեւ որոշակի քաղաքական գործընթացներ կանխել: 


Բանն այն է, որ նա միակն է, որն ի պաշտոնե շփվում էր ՀՀ իշխանությունների, մասնավորապես, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ եւ համակարգում էր արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերը: Դրան զուգահեռ ՀՀ իշխանությունները նաեւ որոշակի մեսիջներ էին նրա միջոցով փոխանցում արցախյան քաղաքական դաշտին՝ ըմբոստ ու հայրենազուրկ զանգվածին պահելով կառավարելի տիրույթում։ Իսկ նոր պետնախարար Արամ Սարգսյանը քաղաքաշինության նախարար էր դեռ Ռուբեն Վարդանյանի պետնախարարության շրջանում, սակայն ազատվել է, երբ Գուրգեն Ներսիսյանն է դարձել պետնախարար։ Ասում են՝ Արթուր Հարությունյանը նաեւ փորձում էր ազգականի` Արայիկ Հարությունյանի շահերը ներկայացնել՝ ներազդելով խորհրդարանական ամենամեծ խմբակցության վրա: Սակայն հասկանալով, որ դա հնարավոր չէ, դիմում է գրել: Կան տեղեկություններ, որ ԱՀ խորհրդարանն առաջիկայում քննիչ հանձնաժողով է ձեւավորելու, որ ուսումնասիրեն Արցախբանկում պետության ունեցած մասնաբաժնի եւ այլ ֆինանսական հարցեր»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել։ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որը վերջին շրջանում քաղաքական գործունեության հայտ է ներկայացրել և ղեկավարում է «Համահայկական ճակատ» շարժումը, պաշտոնից ազատվել է ՀՀ գործող իշխանության համար «անընդունելի» վարքագծի համար. բանն այն է, որ նա միակ բարձրաստիճան պաշտոնյան էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո մեկնել էր Արցախ և հանդիպել պաշտպանության բանակի հրամանատարության հետ։ 2021 թվականի նոյեմբերի 6-ին Կարապետյանը Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով մեկնել էր Արցախ, Ստեփանակերտում մասնակցել էր պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել էին անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր։ Այդ ողջ ընթացքում ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա իշխանության որևէ այլ ներկայացուցիչ չէր համարձակվել մեկնել Արցախ, իսկ այցերի վերաբերյալ հարցերին խուսափողական պատասխաններ էին տալիս։ Այսինքն, Աղդամն իրենց հայրենիքը կոչող և մինչև պատերազմը պաթետիկ լուսանկարներ տարածող իշխանականները այլևս Արցախ չեն մեկնել։ Արշակ Կարապետյանի այս այցն Արցախ չափազանց մեծ աղմուկ էր բարձրացրել և վրդովեցրել էր փաշինյանական իշխանությանը, ավելին՝ նոյեմբերի 8-ին՝ Արցախից վերադառնալուց արդեն մեկ շաբաթ անց, Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանին փոխարինեց Սուրեն Պապիկյանով։


Նշենք, որ Բաքուն դատապարտել էր Կարապետյանի այցը Ստեփանակերտ՝ պնդելով, որ «Ղարաբաղի ապօրինի ռազմական խմբավորումների հետ հանդիպումները և հայտարարությունները նրանց մարտունակության մասին, ռազմաքաղաքական սադրանք են»։ Այդ այցից հետո Ալիևն անձամբ էր իր խոսքում սպառնացել Արշակ Կարապետյանին։ Հավելենք, որ մինչ այդ այցը ադրբեջանական ուժերը սկսել էին գնդակոծել Հայաստանի տարածքը, Հայաստանի զինված ուժերը դիմադրություն էին ցույց տվել, կրակել ադրբեջանցիների ուղղությամբ՝ բավականին ծանր կորուստներ պատճառելով նրանց։ Ի դեպ, ուշագրավ մի պատմություն կա Արշակ Կարապետյանի՝ Արցախ կատարած այցի հետ կապված։ Մեր հավաստի աղբյուրը պատմում է, որ անգամ գործող իշխանության շրջանակներում հարգանքով են խոսում այդ դեպքի մասին: Նախարարն Արցախ մեկնել էր մեքենաներով, ընդ որում՝ ձեռքին կրելով նռնակ, և ենթականերին հրամայել էր մեքենան վարել առանց վախի զգացման։ Նա նաև չէր համաձայնել մեկնել ոչ զինվորական համազգեստով, փոխել ավտոմեքենաների համարանիշները և հանել փարոսիկները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանի որդուն՝ Ակսեն Սաֆարյանին: Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանին եւ նրա տիկնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին, հրավիրել են Գլխավոր դատախազություն։ Նրանք ծանուցագիր էին ստացել, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ծանուցագիրը ստանալու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, պետք է ներկայանալ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաեւ հայտարարագիր։ Բանն այն է, որ «Վերածնունդ» ՍՊԸ-ն ներառված է եղել Ստեփանակերտում բարեկարգման աշխատանք իրականացնող ընկերությունների թվում. այն 2020թ.-ի դրությամբ 263 մլն 981 հազար դրամի աշխատանքներ է իրականացրել: Ընկերության 50.3 տոկոսը պատկանում է գնդապետ Գարրի Սաֆարյանին, 49.7 տոկոսը նրա կնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերում Սաֆարյան Գարրին եւ Բաղդասարյան Ռիտան 2013-2017 թվականներին, աշխատավարձից բացի, այլ եկամուտ չեն ներկայացրել: Թե ինչ գույքերի առնչվող հարցերով են նրանք հրավիրվել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, բաց աղբյուրում նշված չէ։»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հեռուստաընկերության՝ Freenews-ի նկատմամբ։ Այս տեղեկությունների հետեւից գնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն՝ հասկանալու համար, թե էլ որ հեռուստաընկերություններն են ենթարկվել պատժամիջոցների, եւ որոնք ունեն չվճարված պարտքեր։ ԲՏԱ նախարարությունից մեզ պատասխանեցին, որ հունվարի 1-ի դրությամբ հանրային մուլտիպլեկսում հեռարձակվող հեռուստատեսություններից 3-ը կուտակել են ժամկետանց դեբիտորական պարտք. «Ա-Թիվի» ՍՊԸ-ն կուտակել է 32 մլն ՀՀ դրամ պարտք, «Ֆրինյուզ» ՍՊԸ-ն՝ 23,3 մլն ՀՀ դրամ, «Ֆորտունա» ՍՊԸ-ն՝ 5,4 մլն ՀՀ դրամ։ Հարկ ենք համարում նշել, որ 2024 թվականի հունվարի 18-ի դրությամբ «Ա-Թիվի» ընկերությունը 32 մլն ՀՀ դրամ պարտքից մարել է 13,3 մլն ՀՀ դրամ գումարը։ Ընկերությունը պարտքի մյուս մասը կմարի դատարանի սահմանած ժամանակացույցով։ «Ֆրինյուզ» ընկերությունը 23,3 մլն ՀՀ դրամ պարտքից մարել է 1,5 մլն ՀՀ դրամ, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։ «Ֆորտունա» ընկերությունն ամբողջությամբ մարել է պարտքը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին՝ հինգշաբթի օրը, գաղտնի այց է կատարել Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ինչը իրարանցում է առաջացրել բուժհաստատությունում: Հոսպիտալի տնօրինությունը, տեղեկանալով Փաշինյանի այցի մասին, հրահանգել է արագ կարգի բերել այն ու շտկել բոլոր անսարքությունները, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հանկարծ չբարկացնեն ու արժանանան վերջերս պաշտոնանկ արված անձանց բախտին: Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում Վարդենիսի հոսպիտալի փակման մասին: Ահա իր այս այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հոսպիտալի տնօրինության հետ ու հանգստացրել նրանց, որ այն շարունակելու է գործել: Բերդի հոսպիտալի օրինակը «պիլոտային է», ու դեռ պարզ չէ, թե այն ինչ ընթացք կունենա մյուսների մասով»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Անցած տարեվերջին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ալավերդու «գողականները» ծեծել են քպական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Նշվում էր, որ «վեճը եղել է քաղաքական հողի վրա. բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել, և Արեն Մկրտչյանի մասնակցությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» քպական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի»: Ալավերդիում իրականացված իշխանազավթման հիմնական գործող անձանցից մեկը՝ Արեն Մկրտչյանը, շտապել էր հերքել այս տեղեկությունները՝ դրանք որակելով «էժանագին, ծիծաղաշարժ սուտ»: Իրականում, Ալավերդու մեր աղբյուրները ոչ միայն փոխանցում են, որ նման միջադեպ իսկապես եղել է, այլև ներկայացնում են ուշագրավ նոր մանրամասներ: Զերծ մնալով «դետալներին» անդրադառնալուց՝ միայն նշենք, որ, մեր ունեցած տեղեկություններով, «սխոդկան» եղել է Հաղպատում՝ հայտնի «Քեֆիլյան» ռեստորանում, կամ, ինչպես տեղացիներն են ասում, «Քեֆոյի օբյեկտում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի դեկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում էր կայացրել 30 օր ժամկետով կասեցնել «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ լիցենզիայի գործողությունը, այսինքն, փաստացի դադարեցվել էր «Սպուտնիկ Արմենիայի» հեռարձակումը Հայաստանում: Այս որոշմանը արձագանքել են թե՛ «Տոսպա» ռադիոընկերության, թե՛ «Ռադիո Սպուտնիկի», թե՛ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ղեկավարությունը, ռուսաստանյան տարբեր պաշտոնյաներ: Իսկ ահա Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորաբար նշվում էր. «Ցավում ենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը ազդելու է հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա»:


«Փաստ» թերթի տեղեկություններով, «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ-ն դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նշյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, դատարանը որոշել է «Տոսպա» ռադիոընկերության հայցադիմումն ընդունել վարույթ: «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից պահանջել սույն որոշումը ստանալու պահից՝ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 20.12.2023թ. թիվ 111-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերն ամբողջությամբ»,-նշվում է որոշման մեջ: Հավելենք, որ գործը դատաքննության է նշանակվել 2024 թվականի փետրվարի 16-ին: