3.04.2026
Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ
prev Նախորդ նորություն

Իսակով-Արշակունյաց ճանապարհահատված, Հրազդանի կիրճ. Փաշինյանը՝ մասշտաբային ծրագրերի մասին

Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: 


Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090,000 եվրոյի չափով վարկ: Ակնկալվում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027թ. սեպտեմբերի 30-ին։ Այն կիրականացնի Երևանի քաղաքապետարանը:

Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը: Նախատեսված աշխատանքները ներառում է՝ Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ, Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կմ է: Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց, որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24,5 մ:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն քաղաքային ենթակառուցվածքային զարգացման և երթևեկության կանոնակարգման առումով որոշակի առավելություններ կբերի:


Ծրագրի մասին մանրամասներ է ներկայացնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումը բավականին երկար ժամանակ քննարկված, բոլոր ուսումնասիրություններն անցած նախագիծ է, որն էականորեն կբեռնաթափի ավտոճանապարհային երթևեկությունը տվյալ հատվածում։ Մասնավորապես՝ Հաղթանակի կամուրջը որոշակիորեն կբեռնաթափվի և Մոնթե Մելքոնյան ճանապարհն ուղիղ կկապվի Արշակունյաց պողոտայի հետ։ Ուզում եմ շեշտել, որ այս ճանապարհի կառուցումը շատ կարևոր է մեկ այլ՝ ավելի մեծ նախագծի տեսանկյունից։ Դա Նորագյուղի և հարակից տարածքների նոր թաղամասի կառուցման նախագիծն է, որի վերաբերյալ արդեն մի քանի օտարերկրյա հայտնի ճարտարապետների հետ քննարկումներ ենք իրականացնում և նախագծի նախապատրաստման աշխատանքն ենք իրականացնում: Այս ճանապարհի կառուցումը շատ կարևոր է, որ իրականացնում ենք հենց կառավարության աջակցությամբ, և հետագայում արդեն հնարավորություն է ստեղծվում որոշակի արդեն նախնական ենթակառուցվածք ունենալու այդ թաղամասում, որը տալու է հնարավորություն ներդրողներին արդեն դիտարկել Նորագյուղը որպես նոր ներդրումային հնարավորություն: Վստահաբար, ճանապարհի կառուցմանը զուգահեռ մենք ունենալու ենք Նորագյուղ թաղամասի կառուցման հայեցակարգ, որն անպայմանորեն կներկայացնենք և՛ ՀՀ կառավարությանը, և՛ հանրությանը: Այսինքն՝ բացի բեռնաթափումից այս ճանապարհը նաև որոշակի հնարավորություններ է ստեղծում արդեն Նորագյուղի նոր հայեցակարգի քննարկման համար»,-ասել է Տիգրան Ավինյանը:


Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ ճանապարհի կառուցումը Նորագյուղի և շրջակա միջավայրում ներդրումային բոլորովին այլ մթնոլորտ է ստեղծելու: «Այս առումով ուզում եմ ևս 2 ծրագիր կարևորել, որովհետև Երևանի ծանրաբեռնվածությանը զուգընթաց մենք բնապահպանական խնդիրները նույնպես կարևորում ենք: Դա իրականում ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական մեծ նշանակություն ունի: Այս առումով ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել և նաև հիշեցնել՝ 2 ծրագիր կա, որոնք քննարկել ենք, և ես հանձնարարականներ եմ տվել: Մեկը՝ Դալմայի այգիները մեծ քաղաքային զբոսայգու վերածելն է, ընդ որում, հնարավորինս մինիմալ՝ ընդհուպ նստարանների մակարդակով մինիմալ միջամտությամբ: Մյուսը (այս երկու ծրագրերն իրար հետ կապվելով դառնում է Երևանի համար բնապահպանական մեգանախագիծ)` Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է: Մենք նաև Ներդրումային կոմիտեի վերջին նիստում շատ կարճ այս թեմայով քննարկում ունեցանք, և Երևանի քաղաքապետն այս տրամաբանության ներքո առաջարկեց, որպեսզի մենք Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով պետք է մի քիչ զսպվածություն ցուցաբերենք, որպեսզի այդ տարածքները ռեկրեացիոն գոտու ձևավորման համար չկորցնենք, և ես լիարժեք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը: Դալմայի այգիները նաև կից են Հրազդանի կիրճին, և, ըստ էության, տրամաբանական է, որ այդ ռեկրեացիոն գոտին սկսվի հենց Հրազդան գետի գետաբերանից Երևանյան լճի հատվածով մինչև Կորեայի ձոր: Կարծում եմ՝ սա մի նախագիծ է, որտեղ բնականաբար նաև կառավարությունը շատ մեծ հետաքրքրություն ունի: Մենք, իհարկե, Երևանի բնապահպանական խնդիրներին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև կանաչ գոտիների առումով մենք մեծ խնդիրներ ունենք Երևանում, և այդ խնդիրները պետք է լուծենք: Հիմա ես ուզում եմ հավաստիանալ, որ դա նաև անձամբ ձեր օրակարգում է, և այս առումով մենք պատկերացում ունենք՝ ինչ քայլերով ենք գնալու առաջ»,-նշել է կառավարության ղեկավարը:

Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման համար. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար