23.11.2024
ՀՀ համար ուղղակի ինքնասպանություն է նման ձևով գնալ ուղիղ բանակցությունների․ Հայրապետյան
prev Նախորդ նորություն

Եվրամիությունն օրակարգից հանել է Ուկրաինայի գործիքով ՀՀ-ին օգնելու հարցը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը կադրային փնտրտուքների մեջ է՝ ումով փոխարինել Լոռվա, Արմավիրի նախկին մարզպետներին, որոնց ազատեց տարեսկզբին՝ ցնցուղի եւ կախիչների հայտնի պատմություններից հետո։ ՔՊ-ում առայժմ տարբերակներ են քննարկվում, բայց որեւէ թեկնածուի վերաբերյալ վարչությունը դեռ որոշում չունի։ Արմավիրի մարզպետի հավակնորդների թվում շրջանառվում են Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի եւ ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի անունները։ Վերջինս 2012-2014 թթ․ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի պաշտոնը։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանը մտադիր է ուժային կառույցներում աշխատած անձանց գործուղել մարզեր, քանի որ առջեւում ընտրական գործընթացներ են, եւ կարիք կա ուժային մեթոդներով մարզերը բռի մեջ հավաքել։ Թեպետ ՔՊ-ում չեն բացառում Դավիթ Խուդաթյանի նշանակումը եւս, Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից եւ իր վերաբերմունքը չի թաքցնում։ Առավել բարդ է Լոռվա մարզպետի հարցը, ՔՊ-ում սարսափով են քննարկում, որ մարզպետ կարող է նշանակվել Արեն Մկրտչյանը կամ Արփի Դավոյանը, ովքեր թերեւս հենց իրենք են նման լուրեր տարածում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Եվրամիությունը օրակարգից հանել է Հայաստանին Ուկրաինայի գործիքով զինելու ծրագիրը»,- «Ա1+»-ի հետ զրույցում երեկ հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Եվրամիությունը սեպտեմբերից սկսած ասել է, որ բաց է այսպես կոչված «European Peace Facility»-ով: «Այդ գործիքով են օգնում Ուկրաինային: Տասնյակ միլիարդավոր զենք-զինամթերք, որ ստանում է Եվրամիությունից, ոչ թե առանձին պետություններից, այս գործիքով է ստանում: Մարդիկ ասացին, որ պատրաստ ենք ձեզ օգնել, բայց պարզ է, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գաս: Երբ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին գնաց Սանկտ Պետերբուրգ, եվրոպացիներն օրակարգից դա հանեցին: Իհարկե, վերջնական չեն հանել, բայց հռետորաբանությունը, եթե նկատել եք, վերջին ելույթները, փոխվել են: Այդ թվում և ՀՀ-ում ԵՄ դեսպանի, որը շատ հավակնոտ ծրագիր ներկայացրեց, բայց այդ կետը հանված է: Մեզանից է կախված ամեն ինչ»,- նույն հարցազրույցում վստահեցրել է Ստեփան Գրիգորյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկայում կառավարության հարևանությամբ նոր գրասենյակ կունենա: «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ՔՊ-ն մտադիր է իր գլխավոր գրասենյակը Սայաթ-Նովայից տեղափոխել Հանրապետության փողոց, դեռ 2022թ.-ից նոր գրասենյակը վերանորոգման փուլում է: Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանից տեղեկացավ, որ ՔՊ նոր գրասենյակը մարտին պատրաստ կլինի, և կուսակցական հավաքներն արդեն նոր գրասենյակում տեղի կունենան, այսինքն՝ առաջիկայում ՔՊ-ն իր վաղեմի «հակառակորդներին» դրկից կդառնա»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին վերջերս ազատվել է Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնից, նրա փոխարեն Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, վարչական շրջանների կուրատոր Արմեն Փամբուխչյանն իր ընկերոջը՝ Արմեն Սարգսյանին է նշանակել։ Հովսեփ Աղազարյանը Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնում նշանակվել էր Ավինյանի դե ֆակտո քաղաքապետության շրջանում։ Սա միակ վարչական շրջանը չէ, որը Փամբուխչյանն իր մտերիմներով է համալրում։ Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա նա 2009-2021 թթ. աշխատել է «Ֆինքա» վարկային կազմակերպությունում, որտեղ նաեւ Փամբուխչյանն է աշխատել, իսկ 2021-ից տեղափոխվել է վերջինիս ղեկավարած ԱԻՆ՝ որպես շենքերի եւ շինությունների գնումների կարգավորման բաժնի ղեկավար, ապա՝ ԱԻՆ ՃԿՊԱ-ի գլխավոր քարտուղար, իսկ 2022-ից՝ նախարարի խորհրդական:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Տարեվերջին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ ձերբակալել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 պաշտոնյայի եւ շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 6 ներկայացուցչի, այդ թվում` ղեկավարների։ Հաղորդվեց նաեւ, որ տեսչական մարմնի պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել կառուցապատվող շինություններում հրդեհային անվտանգության, քաղաքաշինական գործունեության ոլորտի խախտումներ չարձանագրելու դիմաց շինկազմակերպություններից կաշառք պահանջելու եւ ստանալու համար։ Ձերբակալված 6 անձից 5-ը կալանավորվել են։ Մեր տեղեկություններով՝ կալանավորվածների թվում է նաեւ Տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վարչության պետը, սակայն ձերբակալվածները, որոշ իմաստով, քավության նոխազներ են։ Ինչպես մեր աղբյուրներն են ասում, կոռուպցիոն բուրգը ղեկավարում է ավելի բարձր՝ տեսչականի պետից բարձր կանգնած անձ։ Հիշեցնենք, որ տեսչականի պետը Գարեգին Խաչատրյանն է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորյալը։ Այս մարմինը պատուհաս է դարձել կառուցապատող ընկերությունների գլխին, քանի որ ուղղակի տեռորի է ենթարկում կառուցապատողներին՝ այնքան լկտիորեն, որ ի վերջո հայտնվեց իրավապահների տեսադաշտում։ Կառույցի մեր աղբյուրները վստահեցնում են, որ Գարեգին Խաչատրյանն առայժմ ազատության մեջ է՝ հզոր հովանավորների շնորհիվ, բայց չի բացառվում, որ կալանավորվածները ցուցմունքներ տան՝ բացելով կոռուպցիոն ամբողջ շղթան, եւ նրա ու նրա հովանավորների կարգավիճակը փոխվի։  


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին կանչելու են հարցաքննության: Մեզ հասած լուրերի համաձայն՝ անգամ մեկ հարց են նախապես որոշել, որ նրան պետք տան, այն է՝ նա դեկտեմբերի 29-ին Ալավերդիում հնչած կրակոցների եւ միջադեպի դեպքի վայրում եղել է, թե ոչ, կոնկրետ այդ ժամերին որտեղ է եղել ու ինչպես կարող է ապացուցել իր այլուրերքությունը՝ ալիբին: Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը գրել էր, որ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ իրենց աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի «կիսագողական» շրջանակներին հարող հայտնի Սանահինցի Արմենչոն: Խոստումը չի կատարվել:


Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողականները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: Իհարկե, ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը հերքել էր իրեն ծեծի ենթարկելու լուրը, սակայն իրավապահները հաստատում են դեկտեմբերի 29-ին Ալավերդիում կրակոցների փաստը։ Քննչականից հայտնել էին, որ կրակոցներից վնասվածք ստացած անձ չկա, ձերբակալվածներ՝ նույնպես։ Խուլիգանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին ասացին՝ միջոցներ են ձեռնարկում կողմերին հայտնաբերելու ուղղությամբ։ Անցել է 12 օր, սակայն դեռ ոչ ոք ու ոչինչ չի հայտնաբերվել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրերս հայտնի դարձավ, որ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ալավերդու ընտրված, բայց ՔՊ-ի կողմից պաշտոնազրկված քաղաքապետ Արկադի Թամազյանի հայցը, ինչը նշանակում է, որ օրենքի ուժով պետք է կասեցվեին նոր համայնքապետ, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանի լիազորությունները, սակայն նա շարունակում է պաշտոնավարել։ Տեղեկացանք, որ Արկադի Թամազյանը խնդրով դիմել է մարզպետարան եւ ՏԿԵ նախարարություն՝ պահանջելով ապահովել օրենքի պահանջը եւ դադարեցնել Ղումաշյանի լիազորությունները, մինչեւ դատարանը որոշում կայացնի։ Հիշեցնենք, որ Թամազյանը դատարան էր դիմել իրեն անվստահություն հայտնելու եւ նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Պատկան կառույցները թե երբ կարձագանքեն եւ արդյոք կարձագանքե՞ն համայնքի նախկին ղեկավարի դիմումին, դժվար է ասել, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Թամազյանի թիմում ձեռքերը ծալած չեն նստելու։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին դատախազի բնակարանից մաքրուհիների կողմից հայտնաբերված 12,5 կգ ոսկյա ձուլակտորների գործով իրավապահները նոր որոշում են կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին դատախազ Վլադիմիր Մնացականյանի չբնակեցված բնակարանից մաքրուհիների հայտնաբերած 12,5 կգ ոսկու ձուլակտորների ծագման և հայտնաբերման առիթով հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործն ուղարկվել է դատարան։ Ինչպես հայտնի է, 2022 թվականին Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, որը պատկանում էր սովետական տարիներին դատախազ աշխատած, վաղամեռիկ Վլադիմիր Մնացականյանին, հայտնաբերվել էր շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով, մոտ 655 հազար ԱՄՆ դոլար արժեքով ոսկի: Նախկին դատախազը մահվանից առաջ տունը կտակել է դստերը, եւ նրա դուստրը երկար ժամանակ երկրում չէր բնակվել: Ավելի ուշ դիմել է մաքրուհիներին՝ խնդրելով՝ բնակարանը մաքրեն, որի ընթացքում էլ հայտնաբերվել էր թանկարժեք մետաղը: Թե որտեղից դատախազին այդքան ոսկի, արդյոք մահացած դատախազին է այն պատկանել, թե այլ անձի, դեռեւս պարզ չէ: Փաստ է մեկ բան՝ նախկին դատախազ Վ. Մնացականյանը մահացած է, իսկ նրա բնակարանից հայտնաբերվել են 12,5 կգ քաշով ոսկյա ձուլակտորներ:


Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2022 թվականի նոյեմբերին Սոաաննա Ռոբերտի Ոսկանյանը, Աննա Արամայիսի Թադևոսյանի հետ մաքրության աշխատանքներ կատարելու նպատակով գտնվելով Վլադիմիր Մնացականյանին պատկանող՝ Երևան քաղաքի Օրբելի եղբայրներ 4-րդ շենքի 60-րդ բնակարանում, հիշյալ հասցեից Աննա Արամայիսի Թադևոսյանի հետ գաղտնի հափշտակել է Վլադիմիր Մնացականյանին պատկանող միջինում 99.99% և 99.50% ոսկու պարունակությամբ, 266 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ 54 հատ ձուլակտորներ, այնուհետև Աննա Արամայիսի Թադևոսյանը և Սոաաննա Ռոբերտի Ոսկանյանը դրանք բաժանել են միմյանց միջև, մասնավորապես՝ Սոաաննա Ռոբերտի Ոսկանյանը վերցրել է 28 /քսանութ/ հատ վերը նշված ձուլակտորներից, դրանք տեղափոխել է իր հայրական՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան երկաթգծի փողոցի 1-ին շենքի 4-րդ բնակարան և թաքցրել այդ բնակարանի ննջասենյակներից մեկում առկա մահճակալի դոշակի տակ: Ենթադրաբար քննչականին մանրամասն ինֆորմացիա էր տվել մյուս մաքրուհին, որի հետ ոսկիները միմյանց միջև էին բաժանել, բայց վերջինս անարդարություն էր համարել, որ մեկը 28 հատ էր վերցրել, իսկ ինքը՝ 26: Տեղեկացնենք, որ ոսկյա ձուլակտորները այս պահին Կենտրոնական բանկում են, մաքրուհիները՝ մեղադրյալի աթոռին, իսկ, ահա, հիմնական հարցը՝ որտեղից նախկին դատախազին 266 միլիոն դրամի ոսկի, մնում է առեղծված»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգի դեմ իշխանական ճնշումները նոր թափ են հավաքում. քաղաքացին կաշառքի մասին հաղորդում է տվել ոստիկանությունում: «Ժողովուրդ» օրաթերթ տեղեկացավ, որ մի քաղաքացի՝ Արմեն Խալոյան անուն ազգանունով, Սուրբ Զատկի օրը՝ հունվարի 5-ին, դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Լյովա Գրիգորյանը, որը 2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր և ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Վարուժան Աբելյանը, որը արդեն թոշակի է անցել, իրենից գումար են պահանջել՝ «արդար վճիռ կայացնելու համար»: Ա.Խալոյանը իրավապահներին դժգոհել է, որ 2004-2006թթ. ընթացքում իր օգտին վճիռ կայացնելու համար նշված դատավորներն իրենից պահանջել են 3.000 ԱՄՆ դոլար: Ոստիկաններն, իհարկե, կատարելով իրենց պարտականությունը, կազմված փաստաթղթերն օպերատիվ կերպով ուղարկել են ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտե:


Բայց այս դեպքը բազում հարցականներ է պարունակում:


1. Ինչո՞ւ է քաղաքացի Խալոյանը դեպքի մասին լռել 20 տարի:
2. Եթե ընդունենք, որ նախկին իշխանությունների օրոք վախեցել է, խուսափել է հաղորդում ներկայացնել, ապա ինչո՞ւ չի արել դա հեղափոխությունից հետո՝ 5 տարի առաջ: Նիկոլ Փաշինյանը 5 տարուց ավել կառավարում է:
3. Ո՞վ է քաղաքացուն ուղղորդել դատավորների դեմ հաղորդում տալ, ի՞նչ հույսով:
4. Արդյո՞ք քաղաքացին չգիտի, որ 18-20 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ հանցանքի գործը չի կարող դատական վախճան ունենալ, քանի որ գոյություն ունի հանցանքի վաղեմության ժամկետ:
5. Քաղաքացին ինչ տվյալներ է հայտնել. արդո՞ք ինքը 18-20 տարի առաջ 2004-2006թթ տվել է պահանջված կաշառքը:
6. Եթե տվել է կաշառքը և լռել, ուրեմն հավասար հանցակից է, քանի որ կաշառք տալն ու վերցնելը հավասարապես պատասխանատվութան ենթարկելի գործողություններ են:
«Ժողովուրդ» օրաթերթը հետամուտ կլինի այս թեմային՝ պարզելու մանրամասները, թե ինչ ծպտյալ քաղաքական հետք կա այստեղ կամ կա՞ արդյոք, թե՝ ոչ»: