26.11.2024
Արդեն 3-րդ անգամ անընդմեջ ՀՀ-ում գիտաշխատողների աշխատավարձը բարձրացել է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2024 թ. հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել անձնական օգնականի ծառայություն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրել է, 2023–ին իրականացվել է անձնական օգնականի ծառայության փորձնական ծրագիր։ Ըստ այդմ՝ առաջարկվում են որոշ փոփոխություններ՝ ծրագրի արդյունավետ իրականացման համար: Ծրագրի ներդրման նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձին անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն։


«Եթե նախկին գործող որոշման համաձայն՝ ծառայություն ստանալու իրավունք ունեին միայն հենաշարժական, տեսողական և հոգեկան կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված էր ընտանիքի անապահովության գնահատման համակարգում և ուներ 10-ից բարձր անապահովության միավոր, ապա այս նախագծով մենք ընդլայնում ենք անձնական օգնականի ծառայության թիրախ խումբը, և ծառայություն է մատուցվելու հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի, մտավոր խնդիրներով անձանց դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող՝ 15 տարին լրացած անձանց՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք գտնվո՞ւմ են նպաստի համակարգում, թե՞ ոչ:


Հաշմանդամություն ունեցող անձը որպես անձնական օգնական կարող է ներկայացնել իր նախընտրելի թեկնածուին, իսկ նման թեկնածու չունենալու դեպքում ընտրությունը կատարում է Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված անձնական օգնականների առցանց հարթակում առկա վերապատրաստված թեկնածուներից»,- ասել է նախարարը՝ հավելով, որ այս պահին 57 վերապատրաստված անձ կա: Ըստ նախարարի՝ ծառայության մատուցման համար 1 ժամվա գումարը 1050 դրամ է՝ ներառյալ հարկերը:


Ի պատասխան վարչապետի այն հարցին, թե շահառուն ընտանիքի անդամը կարո՞ղ է դառնալ, ԱՍՀ նախարարը, մեջբերելով միջազգային փորձը, նկատել է, որ ընտանիքի անդամը չէ այս պարագայում թիրախը, քանի որ աշխատանքային պայմանագրի լուծման մասով խնդիրներ կարող են առաջանալ: Մյուս կողմից էլ, ըստ նախարարի, ընտանիքի անդամը կարող է ասել՝ մասնագիտական վերապատրաստման կարիք չունի և հրաժարվի վերապատրաստման վկայական ստանալուց:


Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է առավել ընդլայնել ծրագիրն ու անձնական օգնականի թեկնածու դիտարկել նաև հաշմանդամություն ունեցող անձի հետ նույն հարկի տակ ապրող ընտանիքի անդամին։ Վարչապետն ընդգծել է, որ այդ դեպքում անհրաժեշտ է պարտադիր պայման սահմանել վերապատրաստվելն ու խնամքի համապատասխան հմտությունները ձեռք բերելը: «Մեր շահառուն ընտանիքի անդամը չէ, մեր շահառուն այն մարդն է, ում պետք է խնամել, մենք փող ենք տալիս, մեզ հետաքրքիր չէ՝ մենք փողն ում ենք տալիս, մեզ հետաքրքիր է, թե մենք փողն ինչի համար ենք տալիս: Մենք փողը տալիս ենք մեր ստանդարտին համապատասխան խնամք ապահովելու համար: Եթե մենք համոզված չլինենք, որ նույնիսկ ընտանիքի անդամը, ծնողը, կինը, ամուսինն այդ հմտությունն ունի, մենք չենք տա այդ գումարը: Բայց ես ասում եմ՝ չփակենք այդ հնարավորությունը»,- ասել է վարչապետը:


Նարեկ Մկրտչյանը նշել է, որ որոշման նախագծում համապատասխան անհրաժեշտ փոփոխությունները կարվեն:


Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև որոշման այլ նպատակներին. «Մենք ուզում ենք նաև քաջալերել, որ իրենք ոչ միայն խանութ գնալու սահմանափակում չունենան, այլև նաև բուհ, քոլեջ, աշխատանքի գնալու սահմանափակում չունենան: Սրա մասին է խոսքը: Մենք այդ էլ պետք է ասենք: Մեկ, երկու, երեք տարի մենք պետք է քաջալերենք, բայց նաև շահառուն պետք է իմանա, որ ուղերձին պետք է պատասխանի, որովհետև եթե ինքը շարունակում է մնալ տանը և դրանից իր կյանքը չի ակտիվանում, ապա ինչի՞ համար է այդ: Այսինքն՝ այդ ուղերձը պետք է տանք: Հետևաբար` մենք դա անում ենք այդ ծառայությունը մատուցելու, մարդու կյանքն ակտիվացնելու համար՝ կրթության ոլորտում, աշխատանքի ոլորտում, սպորտի ոլորտում, ամեն տեղ: Այն օրը խոսում էինք, որ մեր հաշմանդամություն ունեցող մարզիկները 30-ից ավելի մեդալներ են նվաճել միջազգային հարթակներում»:


Վարչապետի դիտարկմամբ՝ որոշումը բարեգործական նպատակներ չի հետապնդում. «Այս որոշումը կարեկցանքի մասին չէ, այն որոշում է առկա տնտեսական, քաղաքական, մտավոր ներուժը լիարժեք երկրի զարգացմանը ծառայեցնելու մասին: Սա պետք է լինի քաղաքական ուղերձը, որը մենք հղում ենք այս մարդկանց: Կրկնում եմ՝ սա բարեգործական ծրագիր չէ: Այս որոշումը նրա մասին է, որ մենք մարդկանց պոտենցիալն ուզում ենք լիարժեք օգտագործել»: