27.11.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի պաշտոնեությանը
prev Նախորդ նորություն

Արդեն 3-րդ անգամ անընդմեջ ՀՀ-ում գիտաշխատողների աշխատավարձը բարձրացել է. Փաշինյան

Կառավարությունը սահմանել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը:


Ըստ այդմ՝ առաջարկվում է 2024 թ. հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճար հատկացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին` պահպանելով ներկայումս սահմանված գիտական աստիճանի համար հավելավճարների չափը՝ գիտությունների դոկտորին 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին 25 000 դրամ: Որոշման ընդունումը կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրությանը, լրացուցիչ խթան կհանդիսանա գիտական աշխատանքը՝ որպես հիմնական աշխատանք ընտրելու գործում և կբարձրացնի պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։


Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում 1 միլիոն բնակչի հաշվով գիտաշխատողների լրիվ ամբողջական զբաղվածության ցուցանիշը բավականին ցածր է։ «ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների մեջ կարևոր տեղ է գրավում այնպիսի ցուցանիշ, ինչպիսին փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության համարժեքն է 1 միլիոն բնակչի հաշվով։ Սա ցույց է տալիս գիտաշխատողների այն համամասնությունը, որոնք ունեն լրիվ զբաղվածություն և զբաղվում են գիտական գործունեությամբ։ Պետք է ասեմ, որ Հայաստանում այս ցուցանիշը բավական ցածր է։ Ընդհանուր առմամբ, մենք ունենք 2455 նման գիտաշխատող, որը 1 միլիոն բնակչի հաշվարկով կազմում է մոտ 830, և այս ցուցանիշով բավական զիջում ենք մյուս երկրներին, այդ թվում՝ տարածաշրջանի։ Հետևաբար, անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքականության գործիքները խրախուսեն գիտաշխատողների լրիվ զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելը։


Այդ իմաստով պետք է նշեմ, որ 2008 թվականից կար կառավարության մի որոշում, որով գիտական աշխատողները պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված լինելու պարագայում իրենց գիտական աստիճանի համար ստանում էին հավելավճար՝ գիտությունների թեկնածուները 25 հազար դրամի չափով և գիտությունների դոկտորները՝ 50 հազար դրամի չափով։ Ընդ որում, հավելավճարը հատկացվում էր գիտնականին, եթե նա պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված էր առնվազն նվազագույն աշխատավարձի ու դրանից բարձր վարձատրության պարագայում։ Քանի որ մենք գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն ենք վարում 2022 թ. հունվարից սկսած, այս պահին մի իրավիճակ ունենք, որ փաստորեն անգամ համատեղությամբ աշխատող գիտնականի պարագայում սահմանված նվազագույն աշխատավարձի շեմը հաղթահարվում է, հետևաբար գործող կարգը ուղղակի վերածվել է առանց նախապայմանի հավելավճար տրամադրելու գործիքի։ Ուստի, այս փոփոխություններն ենք նախաձեռնել, որով կանոնակարգում ենք գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները՝ հավելավճարի չափը պահպանելով նույնը։ Կարգի ընդունումից հետո հավելավճար կստանան միայն այն գիտական աշխատողները, որ ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի ամբողջական ծանրաբեռնվածությամբ: Այս մոտեցմամբ հավելավճարի տրամադրման այս գործիքը կդառնա գիտության ոլորտում նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելու հավելյալ խթան։ Սա կարևոր է, որպեսզի գիտական գործունեությունը դիտարկվի իբրև պրոֆեսիոնալ ու հիմնական զբաղմունք։ Մեր դիտարկումներով՝ այս պահին բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական աստիճան ունեցող 2162 անձանցից 778-ը այս պայմաններին բավարարման խնդիր կունենան, և դրանով իսկ կխրախուսենք, որպեսզի նրանք նույնպես անցում կատարեն ամբողջությամբ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի»,- ասել է նախարարը:


Անդրադառնալով առաջարկվող փոփոխությանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հունվարի 1-ից արդեն երրորդ անգամ անընդմեջ Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը բարձրացել է. «Ընդ որում գործընթացը դեռ չի ավարտվել, և աշխատավարձի բարձրացում է նախատեսվում նաև 2025 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում՝ մենք ունենք մինչև 300 տոկոսով աշխատավարձերի բարձրացումներ: Հիմա այս որոշմամբ մենք ի՞նչ ենք ասում: Ասում ենք, որ մեր հարգարժան դոկտորները և գիտության թեկնածուները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձերը բարձրացել են և դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աստիճանի հավելավճարները»:


Գիտական աստիճաններ շնորհելու հետ կապված հարցին ի պատասխան Ժաննա Անդրեասյանը նշել է. «Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքում ընդհանրապես գիտական աստիճանի շնորհման մոտեցումն է փոխվում, երկաստիճան համակարգից անցում է կատարվում մեկ աստիճանի համակարգին և ավելի կանոնակարգվում են աստիճանաշնորհման և դրա հետ կապված բացահայտվող խնդիրներին արձագանքելու հարցերը»:


Նիկոլ Փաշինյանի խոսքով, քանի որ գիտության ոլորտում աշխատավարձերը փոխվել են, այդ նվազագույն աշխատավարձի հետ կապը նույնպես պետք է վերացնենք. «Եվ, այո, սրանով շուրջ 700 գիտնական այդ հավելավճարը ստանալ չստանալու խնդիր կունենա: Բայց մեր նպատակն այն չէ, որ նրանք հավելավճար չստանան: Մեր նպատակն այն է, որ սրանով նրանց խրախուսենք, խնդրենք, քաջալերենք, որ իրենք բուն գիտական գործունեությամբ ավելի շատ զբաղվեն»:


Վարչապետն այդ համատեքստում ընդգծել է նաև գիտությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը. «Այս որոշմամբ, մենք նրանց խնդրում ենք, որպեսզի նրանք ավելի ակտիվ զբաղվեն գիտությամբ, մանավանդ, որ կարծում ենք, որ դրա համար, չեմ ասում իդեալական, բայց որոշակի պայմաններ ստեղծել ենք: Մենք վերջերս Գիտությունների ազգային ակադեմիայում խոսում էինք, թե վերջին տարիներին ինչքան գիտական սարքեր ենք ձեռք բերել և ինչքան գիտական սարքեր ենք ձեռք բերելու: 2024 թվականին, եթե հիշողությունս չի դավաճանում, մի քանի միլիարդ գիտական սարքերի ձեռքբերում է նախատեսված»:


ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է կառավարության վերջերս հաստատած գիտաշխատողների ատեստավորման նոր կարգի մասին և նշել, որ այն համահունչ է այս մոտեցումներին. «Այսինքն՝ այնտեղ էլ մենք այնպիսի խթաններ էինք դրել, որը պետք է գիտաշխատողներին խրախուսի էլ ավելի ինտենսիվ գիտական գործունեություն վարել, ընդ որում միջազգային առումով մրցունակ արտադրանքի մասին է խոսքը: Եվ այս հավելավճարների քաղաքականությունն էլ գալիս է կապվելու ատեստավորման այդ նույն տրամաբանությանը»: