25.11.2024
Բուրջանաձե. ԱՄՆ-ը չի ցանկանում, որպեսզի վրացիների 31%-ը լինի ԵԱՏՄ-ի կողմնակից
prev Նախորդ նորություն

ՎՈՒԱՄ-ի համար հակառուսական գործոնի վերածվելու հետևանքները կլինեն ծանր

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոն շատ կարևոր է համարում ՎՈՒԱՄ-ին՝ Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա կազմակերպությանը, նոր խթան հաղորդելը: Օրերս Միշենկոն հայտարարել էր, որ «կազմակերպության անդամ բոլոր երկրները ունեն մեկ ընդհանուր խնդիր՝ «մեր տարածքներն օկուպացված են և մենք պետք է մշակենք առաջ շարժվելու նոր ռազմավարություն, որպեսզի ավելի ակտիվ համագործակցենք մեր տարածքային ամբողջականության վերականգնման համար»:

Միշենկոյի հայտարարությունը շատ ուշագրավ է և այն լիովին տեղավորվում է ԱՄՆ-ի Ռուսաստանը զսպելու և հետխորհրդային տարածքում սկսված կոնսոլիդացիայի, ինտերգման՝ ԵԱՏՄ-ի ձևաչափով, գործընթացը խաթարելու ռազմավարության մեջ: ՎՈՒԱՄ-ի անդամ երկրներին Վաշինգտոնը վերապահել է Ռուսաստանի սահմանների երկայնքով հակառուսական կոալիցիա ձևավորելու դերակատարում, որոնք պետք է համագործակցեն Մոսկվայի ազդեցությունը զսպելու և ամերիկյան քաղաքականությունն ու շահերը հետխորհրդային տարածքում սպասարկելու համար: Ուկրաինայում տեղի ունեցած Մայդանը և Կիևի այսօրվա ամերիկամետ և ՆԱՏՕ-ամետ քաղաքականությունը դրա լիարժեք ապացույցն է:

Ուկրաինան, որը փոխել է իր արտաքին քաղաքական չեզոք դիրքորոշումը և ակտիվորեն գնում է եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհով՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցությունը հռչակվել են առաջնահերթություն, պետք է, ըստ ամերիկյան ստրատեգների, զսպի Ռուսաստանի ազդեցությունը Արևելյան Եվրոպայում ու Սև ծովյան ավազանում և թույլ չտա Ռուսաստանի ու Եվրոպայի միջև սերտ կապերի հաստատում:

Իր հերթին, Վրաստանը պետք է իրականացնի Կասպից ծովի ավազանից Ադրբեջանի և մերձկասպյան այլ երկրների նավթագազային ռեսուրսների տեղափոխությունը դեպի Եվրոպա՝ Ռուսաստանը շրջանցելով և նրա սահմանների երկայնքով՝ ՎՈՒԱՄ-ի մյուս անդամ Ադրբեջանի հետ նոր էներգետիկ-տրանսպորտային միջանցք ձևավորելով: Պատահական չէ, որ ԱՄՆ-ը աջակցում է թուրք-ադրբեջանա-վրացական ԹԱՆԱՊ նախագծի իրականացմանը և Հարավային գազային միջանցքի ստեղծմանը, որին կարող է միանալ գազային հարուստ ռեսուրսներ ունեցող չեզոք Թուրքմենստանը: ԵՄ-ը այդ ուղղությամբ ակտիվ լոբբինգ է իրականացնում և կողմերն արդեն հռչակագիր են ընդունել՝ Կասպից ծովի հատակով Տրանսկասպյան գազամուղի կյանքի կոչման իրենց շահագրգռվածության մասին:

ՎՈՒԱՄ-ի անդամ Վրաստանն իր Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցությունը, ինչպես և Ուկրաինան, հռչակել է արտաքին քաղաքական առաջնահերթություն, իսկ այսօր էլ Վրաստանի Վազիանի ռազմակայանում ընթանում են վրաց-ամերիկյան զորավարժությունները՝ Ռուսաստանի սահմաններին մոտ: Վաշինգտոնը Վրաստանին վերապահել է Հարավային ուղղության վրա Ռուսաստանի զսպելու դերակատարությունը՝ Հարավային Կովկասում ինտեգրացիոն գործընթացները խոչընդոտելու և Մոսկվայի ազդեցության ընդլայնումը զսպելու համար:

Ինչ վերաբերվում է ՎՈՒԱՄ-ի մյուս անդամներից Ադրբեջանին, ապա այն ռազմավարական կապերի մեջ է ՆԱՏՕ-ի անդամ ու ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայի հետ և Արևմուտքի անդրազգային կազմակերպությունների ակտիվ դերակատարմամբ մասնակցում է Եվրոպայի գազային դիվերսիֆիկացիայի քաղաքականությանը՝ ԵՄ-ի ռուսական գազային կախվածությունը թուլացնելու նպատակով:
Մոլդովան, իր հերթին, որը Վրաստանի հետ միասին ստորագրել է ԵՄ-ի ասոցացման համաձայնագիրը, ունի մերձդնեստրյան խնդիր և ամեն ինչ անում է ռուս խաղաղապահներին Մերձդնեստրից դուրս բերելու և ԵՄ-ին ինտեգրվելու կամ Ռումինիայի հետ միավորվելու համար:

Թեև ՎՈՒԱՄ-ը որպես այդպիսին կազմակերպված և սեփական հստակ ուղենիշներ ունեցող կառույց չի կարելի համարել, սակայն անդամ պետություններն ԱՄՆ-ի ակտիվ լոբբինգով վերածվում են հակառուսական բուֆերային երկրների կոալիցիա, որը պետք է էներգետիկ-տրանսպորտային միջանցք դառնա ՌԴ-ի սահմանների երկայնքով, ինչպես նաև խոչընդոտի ԵԱՏՄ-ի ընդլայնումը: ՎՈՒԱՄ-ի երկրները համագործակցում են ՄԱԿ-ում և այլ կառույցներում չկարգավորված հակամարտությունների միայն տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության օգտին և Ռուսաստանին դատապարտող բանաձևերի ընդունման համար:

Միացյալ Նահանգների՝ ՎՈՒԱՄ անդամ երկրների միջոցով Ռուսաստանին հարվածելու փորձերը նոր խնդիրներ կարող է հարուցել Արևմուտք-ՌԴ առանց այն էլ լարված հարաբերություններում, որում Մոսկվան բնականաբար հետաքրքրված չէ (առանց այն էլ ՌԴ-ի խնդիրները շատ են): Մյուս կողմից, Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության նոր ալիքը, կարելի է ենթադրել, որ չի շրջանցի ՎՈՒԱՄ անդամ երկրներին, կունենա իր բացասական ազդեցության դոզան, եթե նրանք շարունակեն ընթանալ հակառուսական գործոնի վերածվելու ճանապարհով:

Հ.Գ. Մինչ այսօր առանձին-առանձին ՎՈՒԱՄ անդամ երկրներից երեքը՝ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան իրենց վրա զգացել և շարունակում են զգալ ԱՄՆ-ի սատելիտ դառնալու ու հակառուսական գործոնի վերածվելու տնտեսական և քաղաքական հետևանքները: