Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է ՌԴ, որտեղ դեկտեմբերի 25-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Մինչ այս քաղաքագետներն ու վերլուծաբանները կանխատեսումներ էին անում, թե արդյոք այս անգամ էլ ՀՀ ղեկավարությունը կհրաժարվի առերեսվել ՌԴ նախագահի հետ: Պարզվեց, որ ոչ՝ Փաշինյանը մեկնեց, հավանաբար կկայանա նաև վերջին ամիսների ընթացքում առաջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Եվ այսպես, ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունները 2023 թվականի տարեմուտին, ի՞նչ խնդիրներով ենք մտնում նոր՝ 2024 թվական: Այս և այլ հարցերին այսօրվա ասուլիսին անդրադարձավ «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանը։
Նա մատնանշեց, որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ակտիվորեն տարածվում են կեղծ տեղեկատվական հոսքեր, ինչպես նաև ֆոն է ստեղծվել, որ իբր հայ հասարակության ճնշող մեծամասնությունը բացասաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Իրականում, սակայն, իրավիճակը ակնհայտորեն ուռճացված է, և բնակչության շրջանում մեծ է այն մարդկանց թիվը, վստահ է բանախոսը, ովքեր աջակցում են մեր երկկողմ հարաբերություններին։
Արման Ղուկասյանը խոսեց թվերով, որպեսզի իր հայտարարությունները մերկապարանոց չհնչեն.
«Երկու երկրների միջեւ առկա է սերտ համագործակցություն տնտեսական ոլորտում։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը. երկու երկրների միջև առևտուրը միայն անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77%-ով և գերազանցել 4,1 մլրդ դոլարը, ինչը ռեկորդային է։ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունն աճել է 43,5%-ով և կազմել 4,4 մլրդ դոլար։ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն այս տարի հասել է 2,645 մլրդ դոլարի (աճը՝ 85%), ներմուծումը՝ ավելի քան 2,25 մլրդ դոլար (աճը՝ 15,4%)։ Բացի այդ, Ռուսաստանը ներկայումս ներդրումներ է կատարում և նախատեսում է շարունակել դրանք Հայաստանի տնտեսության մեջ։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով ՀՀ-ում ներդրումների պորտֆելը 10 ծրագրերի համար գնահատվում է 533 մլն դոլար, ևս 300 մլն դոլար արժողությամբ ծրագրեր քննարկման փուլում են»,- ասաց նա: Ղուկասյանը շեշտեց՝ Հայաստանին նման ներդրումներ ոչ ոք նույնիսկ չի էլ առաջարկել։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների դեպի Արևմուտք բռնած կուրսին, որի հիման վրա իշխանությունը փորձում է հակառուսական տրամադրություններ հրահրել հայ հասարակության մեջ, Ղուկասյանը նշեց, որ Արևմուտքից Հայաստանին հատկացվող միջոցները չնչին են ռուսական ներդրումների համեմատ, իսկ Հայաստանի տնտեսության համար ռուսական շուկայի դերն ու նշանակությունը դուրս է որևէ մեկի հետ մրցակցությունից։ Նա նշեց, որ հասարակական-քաղաքական որոշ ուժեր, որոնք հանդես են գալիս հակառուսական օրակարգով և որպես այլընտրանք առաջարկում հանրապետության զարգացման արևմտյան ուղին, չունեն հստակ փաստարկներ և զբաղված են միայն Հայաստան հոսող օտարերկրյա դրամաշնորհների մշակմամբ, որոնք հակասում են ՀՀ շահերին։
«Արտաքին ֆինանսավորմամբ ՀԿ-ները ավելի շատ ծառայում են արտաքին ուժերի շահերին, քան պետական շահերին»,- շեշտեց նա։
Արման Ղուկասյանը նշեց, որ Ռուսաստանը և Հայաստանը ներկայումս քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր, ինչի մասին օրերս ասել էր նաև ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Վերջերս Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին նաև շրջանակային պայմանագիր՝ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համալիր միջոցառումներ իրականացման համար։ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ներդրումներ կատարել այս ոլորտում։ Հայկական ատոմակայանի համար Ռուսաստանին այլընտրանք պարզապես չկա»,- հիշեցրեց բանախոսը։
Ինչ վերաբերում է վերջին օրերի զարգացումներին, բանախոսը նկատեց՝ հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի իշխանությունները հաճախ, նրա խոսքով, ոչ կոմպետենտ որոշումներ են կայացնում, և եթե նույնիսկ ցանկանում են վնասել ռուս-հայկական հարաբերություններին, մեծ մասամբ վնասում են իրենց իսկ, Հայաստանի իմիջին և մեր երկրի ժողովրդավարական արժեքներին։ Հիշատակեց Sputnik ռադիոկայանի հեռարձակումը մեկ ամսով սահմանափակելու որոշումը, որը, ըստ նրա, որևէ տրամաբանություն չունի.
«Ոչ տրամաբանություն, ոչ իրավական հիմք Sputnik ռադիոկայանի հեռարձակումը մեկ ամսով սահմանափակելու համար չկա, բայց կա փաստ, որ սա վնասում է աշխարհում Հայաստանի իմիջին՝ որպես ժողովրդավարական երկրի, որտեղ խոսքի ազատությունը սահմանափակվում է»,- ընդգծեց նա։
Ակնհայտ է, շարունակեց նա, որ Հայաստանի ղեկավարությունը քաջ գիտակցում է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացման կարևորությունը, հետևաբար Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ իրական քայլեր կամ կտրուկ շրջադարձ չի լինի, քանի որ սա հղի է աշխարհաքաղաքական ներկա իրողություններում մեր հանրապետությանը սպառնացող մեծ մարտահրավերներով։
Եվ հավելեց. «Հայաստանի իշխանությունները, չնայած բոլոր սուր հարցերին, չեն համաձայնի դուրս գալ ՀԱՊԿ-ից, և այդ մասին իրենք հայտարարում են հրապարակավ։ Կարծում եմ, որ գալիք տարում ռուս-հայկական հարաբերությունները պետք է տեղափոխվեն նոր կառուցողական մակարդակ, դա են պահանջում Հայաստանի շահերը, և բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ոգով»: