23.11.2024
Թրամփը քննադատել է Քլինթոնի կողմնակիցների պահվածքը
prev Նախորդ նորություն

BBC. Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունն ու դրա հետևանքները

Երկուշաբթի երեկոյան Անկարայում սպանվեց Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: Դեպքը տեղի ունեցավ Ժամանակակից արվեստի պատկերասրահում ցուցահանդեսի բացման ժամանակ: Ռուս դիվանագետը սպանվեց ցուցահանդեսի բացմանը ելույթի ժամանակ, ատրճանակից արձակված մի քանի կրակոցով: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մարդասպանի շարժառիթները

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն Hurriyet Daily News-ին հաղորդել է, որ ՌԴ դեսպանի վրա կրակել է 22-ամյա թուրք ոստիկան Մեւլութ Մերտ Ալթընթաշը: Այս տեղեկությունը Reuters-ի հետ զրույցում հաստատել է նաեւ թուրքական ուժային կառույցների աղբյուրը: Հանցագործության շարժառիթներն այնքան էլ պարզ չեն, քանի որ հարձակվողին ոստիկանները գնդակահարել են: Բայց հարձակման ընթացքում, ականատեսների խոսքով, նա բղավել է.

«Մի՛ մոռացեք Հալեպի մասին, մի՛ մոռացեք Սիրիայի մասին»: Նա նաեւ արաբերեն կրկնել է՝ «Ալլահ աքբար»:

Մեւլութ Մերտ Ալթընթաշը, ինչպես հաղորդվել է, ծնվել է 1994 թվականի հունիսի 24-ին, Այդըն նահանգում: Նա ավարտել է Իզմիրի ոստիկանական վարժարանը, 2.5 տարի ծառայել Անկարայում, հատուկ նշանակության ջոկատում: Թուրքական NTV-ի պնդմամբ՝ նա Ժամանակակից արվեստի պատկերասրահի անվտանգության ծառայության կազմում է եղել, երբ ելույթ է ունեցել ռուս դեսպանը: Այլ տեղեկությունների համաձայն էլ՝ նա ցուցահանդեսի բացման հյուր է ձեւացել: Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ալթընթաշի հորը, մորն ու քրոջը, նրա ծնողների տանը խուզարկություն կատարել:

Սպանության ազդեցությունը Սիրիայի իրադրության վրա

Լոնդոնի թագավորական քոլեջի անվտանգության հարցերի փորձագետ Դոմիթիլլա Սագրամոսոն կարծում է, որ կատարվածը կարող է ավելի շատ ազդել Սիրիայի իրադրության, քան Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների վրա:

«Կատարվածի հետեւանքով հարաբերությունները չեն խզվի, քանի որ թուրքական կողմն անմիջապես հայտարարեց, որ կուժեղացնի ռուսական դեսպանության անվտանգության պահպանությունը»,- France Presse-ին ասել է նա: Սագրոմոսոն կարծում է, որ այս սպանությունն արձագանք էր Հալեպում ռուսական ռմբակոծություններին եւ, ամենայն հավանականությամբ, Մոսկվան պատասխանը Սիրիայում կտա:

Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական ինստիտուտի Ռուսական եւ եվրասիական ծրագրերի ղեկավար Ջեյմս Նիքսին համաձայն է, որ ռուսական պատասխանին պետք է սպասել ոչ թե Թուրքիայում, այլ Սիրիայում:

«Այս միջադեպը կարող է ազդել Հալեպից ծրագրված տարհանման վրա, որի հարցում Ռուսաստանը զիջումների էր պատրաստ: Հիմա, հնարավոր է, այս հարցում ռուսական դիրքորոշումը խստանա: Իսկ ռուս զինվորականները կցանկանան վրեժ լուծել»,- ասել է նա:

Ռուս–թուրքական հարաբերությունների ապագան

Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի փորձագետ Ջեյմս Նիքսին կարծում է, որ Մոսկվան կօգտվի այս հարձակումից՝ հայտարարելու համար, որ Անկարայի հետ նույն ճամբարում է ահաբեկչության դեմ պայքարում:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը Թուրքիային չի մեղադրի կատարվածի համար, այլ կձգտի առավելագույնս օգուտ քաղել տեղի ունեցածից»,- ասել է նա:
Ջեյմս Նիքսին ենթադրում է, որ ռուսական ղեկավարությունը կօգտվի այս ողբերգական իրադարձությունից, որպեսզի Սիրիայում իր քաղաքականության հարցում աջակցություն ստանա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից:

Փարիզի Մոնտենի ինստիտուտի փորձագետ Դոմինիկ Մոիսին նույնպես կարծում է, որ կողմերը կձգտեն հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի այս սպանությունը չփչացնի իրենց հարաբերությունները:

«Այս երկու երկրները որոշել են մերձենալ: Թուրքիան հաշտվել է այն մտքի հետ, որ Բաշար Ասադը Սիրիայում իշխանության գլուխ է մնալու, եւ այդ երկրում Ռուսաստանը ներկայություն է ունենալու: Չեմ կարծում, որ լուրջ հետեւանքներ կլինեն, բայց տեղի ունեցածը զուտ խորհրդանշական իմաստով ցույց է տալիս, որ Հալեպի իրադարձություններն անընդունելի են մահմեդակա բնակչության որոշ հատվածի համար»,- ասել է Դոմինիկ Մոիսին: