ՀԿԵ-ն երկարացնում է անվճար երթևեկության ակցիան Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան:
Ակցիան գործում է հոկտեմբերի 1-ից այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստան են ժամանել սույն թվականի սեպտեմբերի 25-ից հետո: Ակցիայի ոչ լիարժեք երեք ամիսների ընթացքում դրանից օգտվել է 3200 քաղաքացի։ Ավելի վաղ նախատեսվում էր ակցիան ավարտել հունվարի 1-ին, սակայն հաշվի առնելով ակցիայի սոցիալական նշանակությունը և համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ՝ ընկերությունը որոշել է այն երկարացնել ևս 3 ամսով։
Անվճար երթևեկության իրավունքը վերաբերում է ամենօրյա երթևեկության տեղական նշանակության էլեկտրագնացքներին ՝ № 684/687 Երևան-Գյումրի-Երևան, № 686/685 Երևան-Գյումրի-Երևան, № 681/682 Գյումրի-Երևան-Գյումրի, № 7010/7011 Արաքս-Երևան-Արաքս և № 6512/6517 Երասխ-Երևան-Երասխ գնացքներին: